Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնակներից դուրս եկան, բայց…

Օգոստոս 25,2011 00:00

\"\"Էլիտար շենք, ուր պատերը թեք են, իսկ ծեփը թափվում է

«Օրրան» հասարակական կազմակերպության 10 սաներ տնակային ավանից տեղափոխվել են Վանաձորի Նալբանդյան 5 հասցեի էլիտար շենք: Նրանց բնակարանամուտը շնորհավորելու էին գնացել «Օրրանի» աշխատակիցները:
«Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը կարեւորում է, որ եվրոպական առաջատար երկրների փորձը միայն ՀՀ-ի մայրաքաղաքում չի կիրառվում:
15-ամյա Աննա Վարոսյանը ծնվել ու մեծացել է տնակում, մոտ մեկ ամիս առաջ է տնակից տեղափոխվել էլիտար շենք: Նա թեպետ չէր ամաչում, որ տնակում է ապրում եւ ընկերներին հրավիրում էր իրենց տնակը, սակայն գեղեցիկ բնակարանում բնակվելն այլ հաճույք է: Նրա մոր՝ Տաթեւիկի համար նոր բնակարան ունենալը նոր հոգսերի առիթ է դարձել: «Տնակում տարիներով ապրելով, երբեք չես մտածում կոմունալ վարձերի մասին, ձմռանը վառել ենք ինչ պատահի, իսկ շենքում այս տարի երեւի էլեկտրաէներգիայով տաքանանք, որն իր հետ լրացուցիչ ծախսեր է բերում»,- ասում է կարի արտադրամասում նոր միայն աշխատանքի ընդունված Տաթեւիկը:
Նորաբնակ էլիտարցիները, սակայն, հոգսերից չեն ազատվել: Շենքը գազիֆիկացված է, սակայն նորաբնակները անապահով են եւ չեն կարողանում իրենց միջոցներով բնակարանները գազիֆիկացնել: Բարձր հարկերի բնակիչները բողոքում են՝ ջուրը իրենց գրեթե չի հասնում, տներում խորդանոցներ չկան ու մարդիկ չգիտեն՝ ուր դնեն պահածոները: Բոլորի համար մեծ խնդիր է 9 հարկանի շենքի վերելակի չաշխատելն ու լվացք փռելու տեղ չունենալը: 5-րդ հարկի բնակիչ Գայանե Եգանյանի խոսքով, վերելակը դեռ ոչինչ, բայց լվացքի տեղի համար դիմել է վանաձորի քաղաքապետարան, որտեղից նրան պատասխանել են, թե շենքը նախատեսված չէ լվացքի պարանների համար՝ չորանոցներ կամ չորացնող մեքենաներ պետք է գնեք: «Ներքեւում մի քանի պարան կա կապած, բայց շենքում նորածին երեխաներ կան, մայրերը խնդրում են, որ առաջ իրենք օգտվեն, իմ լվացքն էլ երեկվանից դեռ ջրում է»,- ասում է Գայանե Եգանյանը: Այս խնդրից փոքր-ինչ զերծ են բաց պատշգամբ ունեցողները, սակայն նրանք էլ դժգոհում են անձրեւաջրերից: «Փաստորեն, շենքը թեքություն ունի, անձրեւը բաց պատշգամբից դեպի ներս է հոսում, համ շորերը թրջում, համ փչացնում պատերը»: Տնակներից ազատվածները դեռ չեն հասցրել կարգին ուրախանալ, ամեն կողմից մի խնդիր է առաջանում, շենքում պատերից արդեն ծեփեր են թափվում, լոգարանի ու սանհանգույցի դռների շրջանակներն են պոկվում, շենքի միայն անունն է էլիտար: Իսկ նորաբնակներից մի ընտանիք էլ որոշել է իր ձեռքով վերանորոգել նոր՝ «էլիտար» բնակարանը եւ միայն դրանից հետո հաստատվել այնտեղ:
Որ շենքը՝ թերություններով ու անհարմարություններով, շինարարի անբարեխիղճ աշխատանքի արդյունքում ոչ մի կերպ էլիտար չես անվանի՝ անզեն աչքով էլ տեսանելի է: Բայց բոլոր պատկան մարմինները հակառակն են պնդում: Եվ, ի դեպ, մինչ տնակային ավանի 20 ընտանիքների տեղափոխվելը՝ շենքում միայն 2 ընտանիք էր բնակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել