Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուտում ենք հայկակա՞ն, թե՞ ուկրաինական

Օգոստոս 25,2011 00:00

Ձու գնելիս մակնշման վրա հույս մի դրեք

Այսօր սպառողը խանութներից գնելով մի քանի ձու՝ կարող է դրանց մեջ հանդիպել հնի եւ փչացածի: Պատճառն ամենեւին էլ տաք եղանակը չէ, այլ այն, որ մեր երկիր են ներկրվում անհայտ «տարիք» ու «կենսագրություն» ունեցող ձվեր, որոնք էլ «սաղացվում» են սպառողների վրա:
Օրերս «Առավոտին» էր դիմել Նելսոն Սահակյանը, որը «Զովք» սուպերմարկետից գնել էր ԵԹՖ 10.08.2011 մակնշումով 15 հատանոց տուփով «մանկական ձու»: Սակայն տանը, երբ փորձել են ձվածեղ պատրաստել, կոտրելուց հետո ձվերը անմիջապես վերածվել են «ջրի», եւ նկատել են, որ դրանք հին են: Մեզ հետ զրույցում Նելսոնը վստահեցրեց, որ դիմել է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, որպեսզի ձվերը լաբորատոր հետազոտության ենթարկեն, որի պատասխանները կտրամադրեն առաջիկայում:
Ըստ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության մեզ տրամադրած տվյալների, ապրիլից օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 10.752.670 հատ ձու, որից 351.550-ը բերվել է օգոստոսին՝ ամսի 17-ի դրությամբ: Ձվերն արտերկրից բերվում են սառնարանային պայմաններում, որը առաջին հայացքից իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Սակայն, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, ձուն սառնարանային պայմաններից հանելուց հետո պիտանի է ընդամենը 5 օր: Ուստի անհայտ է, այդքան մեծ քանակությամբ ձուն սառնարաններից հանելուց հետո արդյոք 5 օրվա ընթացքում սպառվո՞ւմ է, թե՞ դրանք արդեն ժամկետն անցած՝ բաժին են ընկնում սպառողներին:
Փորձեցինք ԵԹՖ-ի տնօրեն Գագիկ Մակարյանից ճշտել, թե ապրիլ-օգոստոս ամիսներին որքան ձու է ներկրել, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ իրենք միայն Զատիկի տոներին են Ուկրաինայից 600 հազար հատ ձու ներկրել: Այնինչ, սննդի անվտանգության տեսչությունը մեկ այլ լրատվամիջոցի (https://www.armversion.am/2011/07/16) տեղեկացրել է, որ մեր նշած ժամանակահատվածում Հայաստան ձու են ներկրել հիմնականում ԵԹՖ-ն եւ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան: Սակայն երբ մենք էլ փորձեցինք այս տեղեկատվությունը ճշտել տեսչությունից, մեզ պատասխանեցին, որ նման ինֆորմացիա տրամադրելու իրավունք չունեն:
Ինչ վերաբերում է Նելսոն Սահակյանի գնած ԵԹՖ-ի արտադրած փչացած մանկական ձվերին, ապա տնօրենն ասաց. «Հնարավոր չէ: Մեզ մոտ սառնարանային հզոր համակարգ է գործում: Իսկ ձուն մեկ օրից ավելի մեզ մոտ չի մնում, այսօր վաճառվում է երեկվա ձուն: Նման բան չի կարող լինել: Ձուն չի հերիքում, ո՞նց կարող է հնանալ»:
«Լուսակերտից» էլ հետաքրքրվեցինք, թե որքան ձու են ներկրել վերջին ամիսներին, մեզ վստահեցրին, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն տնօրենը, որը բացակայում է հանրապետությունից, եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա:
Այն, որ ներկրված ձվերի վրա ներկրման մակնշում չի եղել, հաստատել է նաեւ սննդի անվտանգության տեսչությունը, բայց այս ամիս արդեն իրենց սխալն ուղղել են: Ի տարբերություն ընկերությունների կողմից ներկրված նախորդ խմբաքանակի, օգոստոսին ներկրված ձվի վրա կան թե հայերեն, թե լատինատառ մակնշումները, որով պարզ է դառնում, որ դրանք ներկրված են: Այսինքն՝ հարց է առաջանում՝ մինչ օգոստոս ներկրված ձվերի վրա ի՞նչ մակնշում է եղել: Չի բացառվում, որ այդ ներկրված ձվերը «կնքվել» են տեղական արտադրողի անուններով:
«Առավոտը» մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում եւ մանր խանութներում շրջայց կատարեց, սակայն ներկրման IMP մակնշումով ձու չհանդիպեց: «Երեւան-սիթի», «Բարի սամարացի» եւ այլ խանութներում մեզ վստահեցրին, որ նման ձվեր իրենք չեն ստացել:
Շատ դեպքերում խանութպանները կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Իսկ խանութներից մեկի վաճառողուհին մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ճիշտ է, ոչ հաճախ, բայց լինում են դեպքեր, որ գնորդը տուփով ձու գնելուց հետո ետ է վերադարձնում ձվերի կեսը, պատճառաբանելով, որ մնացածը կոտրել են ու տեսել, որ փչացած են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել