Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Առավոտը», ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ՀՀ ՃՈ աշխատանքների համակարգումը դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի վրա: Եթե մինչ այդ ՃՈ աշխատանքների մասին ոստիկանապետին զեկուցում էր ՃՈ պետ Մարգար Օհանյանը, ապա այս հրամանով այդ գործառույթները նրանից վերցվել են: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել էր ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչության 2-րդ վարչության աշխատակիցները բացահայտել են, որ ոստիկանության գնդապետ, 54-ամյա Ստեփան Կարախանյանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ կատարել է առանձնապես խոշոր չափերի յուրացում: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը Կարախանյանը ոստիկանության ավտոտնտեսությունից ստացել է 276 տոննա բենզին, որը պետք է տրամադրվեր 2-րդ գումարտակի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ վաշտերին: Այդ բենզինը պետք է օգտագործվեր ՃՈ տեսուչների մեքենաները ծառայության ընթացքում շահագործելու նպատակով: Մեզ հայտնի դարձավ, որ Կարախանյանը ոստիկաններին է տրամադրել 120 տոննա բենզին, իսկ 156 տոննան յուրացրել է, որից ստացել է 57 միլիոն դրամի շահույթ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, իսկ Կարախանյանը, մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում: Ի դեպ, իր ղեկավարած գումարտակում Կարախանյանին անվանում են «Բենզին Ստյոպ»: Բայց սա նրա միակ մականունը չէ: Նա հայտնի է նաեւ նրանով, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի ճանապարհին տնային պայմաններում պատրաստած քաղցրավենիք վաճառողներից, ըստ վերջիններիս, ժամանակ առ ժամանակ «առեւտուր» էր անում առանց վճարելու: Ուրիշի հաշվին սուջուխ ուտելու առիթով էլ օհանավանցիները նրան կնքել են «Սուջուխ Ստյոպ» անունով: