Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԵՍԻ ԱՐԵՆԱ

Օգոստոս 25,2011 00:00

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարն առաջարկում է այդտեղ շարունակել երկխոսությունը

\"\"
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ Շահումյանի արձանի շրջապատը բարեկարգող բանվորների հետ:

Երկխոսության վերջին ռաունդը թերեւս ցույց տվեց, որ շուրջ մեկ ամիս տեւած երկխոսության ընթացքում կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: ՀԱԿ-ը մնում է իր համոզմանը, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորված է, իշխանությունն իր՝ Կոնգրեսի փաստարկները չեն հիմնավորում այդ անհրաժեշտությունը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության արդյունքները՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տարակուսանք հայտնեց նախ՝ քննարկումների փակ ֆորմատի առիթով. «Առաջ է մղվում լոզունգը, որ ամեն ինչ արվում է ժողովրդի համար, ժողովրդավարության համար, բայց ժողովուրդը ոչինչ չգիտի այդ հանդիպումներից, անգամ շատ համառ թղթակիցները չեն հաջողացնում մի բան պոկել: Հանդիպումներից հետո հատուկենտ, կցկտուր, կուչ եկած հայտարարությունները ոչինչ չեն ասում եւ տալիս: Հեռուստաեթերից իրար ժպտում են, հպարտ-հպարտ նստում-վեր կենում. եւ ի՞նչ դրանից: Թող համատեղ ընդմիջումների սեղաններն էլ ժողովրդին ցույց տան»: Այս ամենը Թովմասյանի մոտ խորացնում է այն համոզմունքը, որ երկխոսությունը ժամանակ ձգելու պատրվակ է, իսկ այդ ժամանակն էլ աշխատելու է ի վնաս ժողովրդի: Հետեւաբար, երկխոսության ոգուն համահունչ՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն առաջարկում է՝ «Կառավարության ընդունելությունների տունը կարող են փոխարինել կրկեսի արենայով», մանավանդ, որ մինչեւ երկխոսության մեկնարկը կարկառուն հանրապետական Գալուստ Սահակյանը դա «միմոսություն» էր որակել, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ հանդիպումները բնութագրել էր որպես «ֆորմալ հանդիպումներ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Թովմասյանը երկխոսությունն անվանել էր «թղթե տնակ»: Ի դեպ, այդ երկխոսությունը, Թովմասյանի կարծիքով, ոչ թե ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ է, այլ իշխանության եւ ՀՀՇ-ի, քանի որ ՀԱԿ պատվիրակությունն ամբողջությամբ կազմված է նախկին կարկառուն ՀՀՇ-ականներից, «որոնց բարոյաքաղաքական կերպարները մարդկանց ծանոթ են»:
Ի դեպ, օգոստոսի 19-ին լրացավ ԽՍՀՄ-ում հեղաշրջման ձախողված փորձի 20 տարին: Այդ իրադարձություններից ամիսներ անց ԽՍՀՄ-ը վերջնականապես կազմալուծվեց: 20 տարվա հեռավորությունից անդրադառնալով այդ իրադարձություններին՝ Թովմասյանն ասում է, որ ԽՍՀՄ-ի նկատմամբ տեղի ունեցավ խոշոր դավաճանություն՝ Գորբաչովի ղեկավարությամբ, Շեւարդնաձեի, Յակովլեւի ու առանձին հանրապետություններում վերջիններիս դրածոների աջակցությամբ, քանի որ անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ ԽՍՀՄ բնակչության 76 տոկոսը հօգուտ ԽՍՀՄ-ի էր հանդես եկել: Բայց՝ «Մի խումբ մարդիկ կարողացան այնպես կազմակերպել, որ տեղի ունենար երկրի՝ շատերն ասում են՝ փլուզումը, բայց ես ասում եմ՝ լուծարումը: ԽՍՀՄ-ը լուծարվեց դավաճանական ստորագրությունների պատճառով, ոչ թե ժողովուրդը ոտքի ելավ: Սա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի վարած քաղաքականության արդյունքն էր: Նրանք կարողացան Գորբաչովի սահմանափակ մտածողության հետեւանքով երկիրը դրան հասցնել»: Ընկեր Թովմասյանի քննադատությունից բաժին է հասնում նաեւ ԳԿՉՊ-ին. «Ես համամիտ էի եւ նվիրված այն մարդկանց, ովքեր ուզում էին Սովետական Միությունը կոսմետիկ փոփոխություններով պահպանել, բայց նրանց չբավականացրեց վճռականությունն ու համարձակությունը, եւ չկարողացան ստեղծել կապը ժողովրդի ու պուտչի մասնակիցների միջեւ: ԳԿՉՊ-ն անկարող գտնվեց կատարելու հեղափոխական ու համարձակ այն քայլը, որն այդ պահին պետք էր, ինչից էլ օգտվեցին, այսպես կոչված, ժողովրդավարները ու «ժողովրդավարական» մեթոդներով հասան իրենց ուզածին: Գորբաչովն իր թայֆայով արատավորեց մի ողջ սերունդ՝ նրա ապագան ու անցյալը: Գորբաչովին պետք է համաժողովրդական դատի արժանացնել: Նա կատարեց բոլոր նրանց կամքը, ովքեր չկարողացան կոտրել սովետական ժողովրդին Մեծ հայրենականում»: ԽՍՀՄ հիմնական առավելություններից ՀԿԿ ԿԿ քարտուղարը մատնանշում է խաղաղության պահպանումը ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ ամբողջ աշխարհում, ազգամիջյան դրական հարաբերությունները: Այս ֆոնին անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին եւ այդ առիթով սպասվող միջոցառումներին՝ մեջբերում է ինչ-որ տեղ կարդացած մի միտք՝ «այդ օրը պաչ-պռոշտիների օրն է լինելու», ու հավելում. «Կտոնեն շատ ճոխ, ով ինչքան կարող է՝ գլուխ կգովա, ով ինչ սուտ ասես՝ կասի, ով ինչպես ասես՝ իրեն կմեծարի, բայց ի՞նչ են իրենցից ներկայացնում անկախության 20 տարիները՝ աղքատություն, ջարդված արդյունաբերություն, ջարդված գիտություն ու դպրոցական համակարգ, թշվառ, քոչվոր գյուղացիներ, արտագաղթ, գործազրկություն, մշակույթի գռեհկացում, պատերազմական իրավիճակ… Ինչ վատ բան կար՝ այս 20 տարում տեսանք: Մենք մեր ժողովրդին անկախության 20-ամյակի առիթով ոչինչ չունենք ասելու: Այս համակարգն իրեն խայտառակեց, հոգեվարքի մեջ է համաշխարհային մակարդակով եւ պետք է հեռանա պատմությունից: Միայն ստրատեգիական, պետական նշանակության ուղղությունների ազգայնացումը կփրկի Հայաստանն այս իրավիճակից, իսկ 1990-ից ի վեր տեղի ունեցած տնտեսական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, դրանց հեղինակները կանգնելու են ժողովրդի դատի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել