Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ զարմացնում է մարդկային չարությունը»

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Հարցազրույց Ջիվան Գասպարյանի հետ

 – Վարպետ, Սուրբ գիրքն ասում է՝ հազար տարին մեկ օրում, Ձեզ համար ինչ խորհուրդ ունի ստեղծագործական 65 տարին:
– Ակնթարթ. մի օր աշակերտիս ասացի. «Գնա, դուռը բացի ու փակի»: Աշակերտս բացեց- փակեց ու զարմացած նայեց: Այ, հենց այդպես աննկատ, մեկ ակնթարթում անցան տարիներս: Տարիներ, որ բերնեբերան լեցուն են ամենատարբեր իրադարձություններով՝ ստեղծագործական, համերգային, հյուրախաղային…
– Երկրպագուների համար հաճելի անակնկալ էր Ձեր հոբելյանական մենահամերգը:
– Դա կարծես բերքահավաքի նման բան է, նախապես ծրագրված էր աշնանը, բայց քանի որ մեկնարկել է «Համահայկական խաղերը», մի քիչ առաջ ընկա: Աշնան էլ կլինի համերգ՝ մի փոքր այլ ծրագրով, Գերմանիայից էլ հրավեր ունեմ:
– Վերջերս Ձեզնից անբաժան է Ձեր թոռնիկը՝ գեների օրինաչափ շարունակություն, իսկ Ձեր դեպքում՝ ո՞ւմ ժառանգորդն եք:
-Հայրս հրաշալի ձայն ուներ ու լավ էր երգում, ամեն տողի մեջ հոգի էր դնում: Այո, թոռնիկս սիրեց դուդուկը: Կա մի գաղտնիք. առանց սիրելու՝ չես կարող անգամ մի նոտա հնչեցնել. դուդուկը բարդ ու նուրբ գործիք է. սեր, նվիրում է պահանջում: Թոռնիկս լավ է նվագում, առաջին անգամ Բախ կատարեց դուդուկով:
– Իմաստուն Սաադին ասում է. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»: Ի՞նչն է Ձեզ այսօր զարմացնում:
– Ինձ զարմացնում է… մարդկային չարությունը: Ես երկար եմ ապրել, երկու պատերազմ եմ տեսել, շատ դառն ու դժվար օրեր են եղել, բայց չարությունը այսչափ չի եղել. մեր օրերի չարությունը տագնապով ու ցավով է լցնում սիրտս: (Վարպետին ցավ էր պատճառել վերջին օրերի հայտնի հարեւանային պատմությունը): Մի՞թե այդքան դժվար է բարի լինել, լինել իսկական քրիստոնյա: …Իսկ կարոտը միշտ կա, կարոտը ծնվում է մարդու հետ: Մի երկու օր բացակայում ես երկրից, կարոտում ես ամենքին ու ամեն ինչ: Այնպես որ, երբ էլ հեռանաս կյանքից, թեկուզ մեկ դար ապրած, անկախ ամեն ինչից՝ կարոտով ես մեռնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել