Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնից չի հրաժարվել

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Երեկ որոշ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ըստ տարածված տեղեկությունների, ՊԵԿ նախագահի հրաժարականի դիմումը նախօրեին՝ երեկոյան դրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանին, եւ պաշտոնանկության լուրը չի հերքել նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, որը լրատվամիջոցի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Ա. Արզումանյանն ասել է. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»: Ընդ որում, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն հերքել նաեւ նրա տեղակալները՝ Ռուբեն Քոչարյանն ու Արմեն Ալավերդյանը:
Երեկ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը «Առավոտին» վստահեցրեց, որ Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, արձակուրդից վերադարձել է թարմ եւ առողջ, իսկ ՊԵԿ-ը շարունակում է իր բնականոն աշխատանքները:
Լրատվամիջոցներից մեկը նաեւ ՊԵԿ լրատվականից հետաքրքրվել էր՝ արդյոք ճի՞շտ է, որ Գագիկ Խաչատրյանն արտերկրում գործարան է գնել: Այս կապակցությամբ եւ հրաժարականի մասին երեկ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել. «Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է ոչ միայն համակարգի ներսում անվստահության եւ անկայունության մթնոլորտ ձեւավորելու նպատակով, այլեւ հասարակության շրջանում կառույցի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք եւ թերահավատություն առաջացնելու մղումներով: Բնականաբար, բոլոր այդպիսի հրապարակումները իրականության հետ առնչություն չունեն. համակարգը շարունակում է բնականոն գործունեությունն իր առջեւ դրված խնդիրների կատարման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել