Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 24,2011 00:00

Մինչ տպագիր լրատվամիջոցների զգալի մասը հուլիսի վերջին եւ օգոստոսին, երբ ջերմաստիճանը գերազանցեց քառասունը, հանգստանում էր,
IREX միջազգային կազմակերպությունը հրապարակեց «Եվրոպայում եւ Եվրասիայում անկախ մամուլի կայուն զարգացումը» հետազոտությունը: Հայաստանը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեջ ճանաչվել է լավագույնը: Զգալի բարելավում է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում, լավ գնահատականներ է ստացել նաեւ լրագրության պրոֆեսիոնալիզմը, հատկապես լրագրողական հետաքննությունը, նշվել է, որ «կառավարությունը վերջապես առաջ ընթացավ հեռարձակման արտոնագրերի տրամադրման հարցում»:
Այս օրերին մեր լրատվամիջոցները կրկին վերագտնում են իրենց կարճ ժամանակով լքված ընթերցողին, եւ քանի որ հայրենի կառավարությունն այդ ընթացքում շարունակել է աշխատել՝ ընդունելով հանրության եւ երկրի շահերից բխող տարատեսակ որոշումներ, սույն հրապարակմամբ ներկայացվում են դրանցից մի քանիսի հակիրճ բովանդակությունը եւ դրդապատճառները:

\"\"

Վարչապետը ուշադրություն է պահանջում մամուլի հրապարակումների նկատմամբ
Մամուլի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների արծարծած հարցերն ուշադրության առնելը դարձել է Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործելաոճը: Գրեթե ամեն մի նիստում կամ նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ կառավարության անդամները պարզաբանում եւ բացատրություն են տալիս հանրությանը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ: Բացելով ս.թ. հուլիսի 21-ի նիստը, Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարության ուշադրությունը հրավիրեց «Առավոտ» օրաթերթի հուլիսի 19-ի համարի «Գործարարի գլխին «սարքել» են» հրապարակման վրա, որտեղ նկարագրվել էր հարկային տեսուչների անվայել պահվածքը: Վարչապետը հանձնարարեց ծառայողական քննություն կատարել եւ փաստերի իսկության դեպքում պատժել տեսուչներին: Իր ընթերցողին հաղորդելով վարչապետի հանձնարարականի բովանդակությունը, «Առավոտը» թերահավատությամբ էր վերաբերվել ծառայողական քննության հնարավոր արդյունքին: Բայց ահա ս.թ. օգոստոսի 11-ի նիստում Տիգրան Սարգսյանին զեկուցվեց այդ արդյունքը. Կենտրոնի հարկային տեսչության աշխատակիցներից մեկը ազատվել է աշխատանքից, նրա բաժնի պետն ու մեկ այլ աշխատակից ստացել են գրավոր, եւս մեկը՝ բանավոր նկատողություն: ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի այս որոշումը տարածվել է ՊԵԿ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում՝ ի գիտություն ամբողջ անձնակազմի: Վարչապետն այսպես է ձեւակերպել իր վերաբերմունքն այդ խնդրին. «Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբ հրապարակումներում կան փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, ապա իշխանությունները պարտավոր են ձեռնարկել միջոցառումներ եւ պատժել պատասխանատուներին, եթե եղել են այդպիսի արարքներ: Եվ սա այն դեպքն է, երբ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով այդ հրապարակմանը եւ ծառայողական քննության միջոցով պարզելով, որ փաստերը համապատասխանում են իրականությանը, մեղավորներին պատժել է»:
Արմատապես փոխվում է սերմնաբուծության
ոլորտը
Այդ նպատակով ժամանակին հաստատվել է ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագիրը: Կառավարության նպատակն է տարեկան արտադրել 27-30 հազար տոննա էլիտար, առաջին վերարտադրության սերմացու, եւ դրա համար մեծ միջոցներ են ծախսվում: Ս.թ. օգոստոսի 4-ի նիստում գործադիրն ընդունեց հերթական որոշումը՝ վերահաստատելով, որ այս տարի եւս Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվելու է բարձրորակ էլիտար սերմ: Շուրջ 800 տոննա սերմացու ձեռք կբերվի երկրում եղած 15 սերմնաբուծական ընկերություններից: Պետության այսպիսի մեծածավալ ներարկումները էապես փոխելու են սերմնարտադրության վիճակը, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ՝ նպատակ է դրված ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել, բարձրացնել սերմի որակը, ինչը վերջին 20 տարում չէր կատարվում:
Ծրագիրն ունի սոցիալական բովանդակություն: Եթե առաջին վերարտադրության սերմերը տրամադրվել են մինչեւ 3 հեկտար հողատարածություն ունեցող 15 հազար տնտեսություններին, ապա այս տարվա աշնանացանի ժամանակ նույն եղանակով սերմեր կստանան նաեւ փոքր տնտեսությունները, ընդ որում՝ 2 անգամ ավելի շատ ծավալով եւ անվճար՝ ակնկալիքով, որ նրանք բերքից հետո կհատուցեն այդ սերմացուն:
Պետություն-մասնավոր համագործակցությունը զգալի արդյունք է տվել հատկապես հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունների ընդլայնման եւ բերքատվության ավելացման գործում: Բերքահավաքի այս եռուն օրերին տարբեր մարզերից ստացվող տեղեկատվությունը հուսադրող է, լավ բերք է ստացվում Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում:
Գործարար միջավայրի բարելավումը շահավետ է բոլորին
Դեռեւս ս.թ. ապրիլի 28-ին կառավարությունը սահմանել էր գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերը: Դրանցից մեկն արվեց օգոստոսի 18-ի նիստում, որտեղ ուժը կորցրած ճանաչվեցին գյուղատնտեսական եւ արդյունագործական, սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման արտոնագիր տալու եւ պայմանագիր կնքելու կարգերի համապատասխան կետերը, որոնք վերաբերում են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կանոնադրության եւ/կամ պետական գրանցման վկայականի պատճենի ներկայացման պահանջին: Այլ կերպ ասած, վերացվել է պետական մարմինների կողմից ծառայություն ստանալու նպատակով իրավաբանական անձի կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի կամ դրանց պատճենների ներկայացման պարտադիր պահանջը: Մեկ այլ նիստում հաստատվել է գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների թողարկած ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոս փոխհատուցման կարգը: Որոշման նպատակը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեւակերպման, այն է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները եվրոպական շուկաներում իրենց արտադրանքն իրացնելու խթան ստանան՝ իմանալով, որ այդ ծախսի 50 տոկոսը հատուցելու է պետությունը: Ս.թ. հուլիսի 21-ի նիստում կառավարությունը հաստատել էր Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011թ. ծրագիրը, որով նախատեսվում է տեխնոպարկի կառավարումը վերապահել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին, իրագործել նորարարության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրեր, համաֆինանսավորել համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման վարկային ծրագիրը, հիմնել ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիա: Նշված ծրագիրը շարունակությունն է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2010թ. ծրագրի եւ ուղղված է Երեւանի ու մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ տեխնոպարկի գործունեության կառավարում Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից (պետբյուջեից տրամադրվելու է ավելի քան 52 մլն դրամ), նորարարության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում (ավելի քան 66 մլն դրամ), Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար վարկային ծրագրի համաֆինանսավորում (ավելի քան 16.5 մլն դրամ) ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում: Եկող տարվանից տարեկան կուսուցանվի առնվազն 40 ուսանող: Այս ծրագրի համար պետբյուջեն նախատեսել է մոտ 41 մլն դրամ:
Սանահինի վանական համալիրը կանգուն կմնա
Որոշ հետազոտողներ, օրինակ՝ Հովհաննես Խալփախչյանը, Սանահինի եւ Հաղպատի համալիրները դիտարկում են միասին՝ դրանք համարելով միջնադարյան Հայաստանի ակնառու ստեղծագործությունները, որոնց գեղարվեստական արժանիքները դուրս են գալիս ազգային մշակույթի շրջանակներից: Այդ հետազոտողները չեն սխալվել. Սանահինի համալիրը 1999թ.-ից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ: Համալիրի շինարարության սկիզբը ընդունված է համարել 10-րդ դարի կեսը: Վանքում ուսումնասիրում էին հումանիտար գիտություններ, բժշկագիտություն, զբաղվում մանրանկարչությամբ (տվյալները՝ ըստ historyarmenia.org կայքի): Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս անցյալ տարի այցելել էր Սանահին, ծանոթացել ժամանակի ընթացքում ծագած խնդիրներին, դրանք քննարկել տեղում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Եվ քանի որ հուշարձանին առնչվող որեւէ միջամտություն պետք է անցներ միջազգային փորձաքննություն, մասնագետներ հրավիրվեցին Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից: Լազերային տեխնիկայով կատարված չափագրումները հարկ եղավ կրկնել ընթացիկ տարվա մայիսին: Մի բան պարզ էր՝ հիմնական խնդիրներն առաջացել էին համալիրի հարավային ճակատի արեւմտյան անկյան հատվածում ի հայտ եկած ճաքի պատճառով: Մինչեւ սեպտեմբեր պարզ կդառնան մայիսին կատարված չափագրման վերջնական արդյունքները: Զուգահեռաբար պետբյուջեի միջոցներով կատարվելու են հնագիտական պեղումներ, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ գրունտի վիճակը: Ստացվելիք տվյալների արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որով լուծվելու են հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները:
Հայաստանի ֆինանսական հնարավորությունը մեծանալու է
Խոսքը վերաբերում է 2011-2014 թվականներին, երբ 55 մլն ԱՄՆ դոլարով ավելացվել է ՀՀ ֆինանսավորման հնարավորությունը Համաշխարհային բանկից: Կառավարության ս.թ. օգոստոսի 18-ի նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը վկայակոչել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի՝ իրեն ուղղված նամակը, որտեղ եւ մատնանշվել են Հայաստանի վարկային պորտֆելի բարձր որակը, կառավարման պատշաճ մակարդակը: Այսպիսով, կառավարությունը, ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, առաջիկայում պետք է հստակեցնի այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը այն հաշվով, որպեսզի եկող տարվա հուլիս ամսից սկսվի նշված միջոցների իրացումը: Խոսքը վերաբերում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտներին:
***
Կառավարությունն իր անցած նիստում ընդունած մի շարք որոշումներով ավելացրել է զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը, հավանություն է տվել բռնադատվածների՝ վարկային ռիսկերը նվազեցնելու եւ վարկային շուկայական տոկոսադրույքները ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու նախագծին, թույլատրել է Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» եւ «Հայկական հովվերգություն» որմնանկարների տեղափոխումը եւ վերականգնելուց հետո դրանց տեղադրումը Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքում եւ Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 դպրոցում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել