Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատուռ՝ սահմանի եզրին

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Մեկ էլ ե՞րբ էր Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղը՝ Բարեկամավանը այդքան այցելու ունեցել: Օգոստոսի 19-ին մարդաշատ էր Բարեկամավանը: Փոքր գյուղի կենտրոնում, դպրոցի հարեւանությամբ օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հոյակերտ մատուռը՝ կառուցված Նոյեմբերյանի ֆելզիտ քարից: Մատուռը կառուցվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցի Ցոլակ Միքայելյանի միջոցներով: Մատուռի օծումը կատարեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Բարեկամավանում մոտ 400 մարդու համար սեղան էր բացվել, գյուղի բնակիչները գոհ էին, որ այսուհետեւ աղոթավայր կունենան: Սակայն ցավոտ հարց է Բարեկամավանի անտառում, բարձունքում գտնվող հնամենի Բարձրյալ Խաչի վիճակը: Նշանավոր կոթողի տանիքը բաց է: Մի քանի տարի առաջ ալավերդցի շինարարները հեթանոսական ժամանակների կառույցը «եվրառեմոնտ» են արել ու խաթարել տեսքը: Հուշարձանի նորոգման ժամանակ օգտագործել են Նոյեմբերյանի ֆելզիտի քարեր եւ ոչ կոթողի կողքին թափված, կառույցին պատկանող դրվագազարդ հին քարերը («Առավոտ», 18 մարտի 2010՝ «Բարձրյալ Խաչի ոդիսականը»):
Տավուշի մարզում ցավոտ խնդիր է բնակավայրերից հեռու գտնվող հնամենի վանքերի եւ եկեղեցիների վիճակը, որոնք տարեցտարի քայքայվում, ոչնչանում են: Դրանք, փաստորեն, անտեր են մնացել:
Վերջին տարիներին տարբեր գործարարներ մարզում բազմաթիվ եկեղեցիներ եւ մատուռներ են կառուցել: Սակայն հոգեւոր հին կառույցների խնդիրը մնում է: Հին Հայաստանում արգելվում էր նոր եկեղեցի կառուցել, եթե հինը անտեր ու անխնամ էր թողնված:
Այսօր Տավուշի բնակչության թվով մարզի երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Դիլիջանում եւ Բերդում չկան եկեղեցիներ: Անցյալ տարվա դեկտեմբերին հիմնվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը: Սակայն մինչ օրս թեմի առաջնորդարանը սեփական նստավայր չունի, վարձակալությամբ տարածք է զբաղեցնում մի սեփականատիրոջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել