ՀՀ նախագահին են դիմում Երեւան քաղաքի Աբովյան-Կորյուն գետնանցումում գործող թվով 34 տնտեսվարող սուբյեկտները.
«Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել Աբովյան-Կորյուն գետնանցումը: Բարոյական եւ տրամաբանական կլինի, որպեսզի այն ուղիղ վաճառքի ձեւով վաճառվի այնտեղ 25 եւ ավելի տարիներ աշխատող տնտեսվարողներին: Նշված տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ՝ իրենք իրենց ուժերով վերանորոգել, բարեկարգել եւ պահել են նշված գետնանցումը եւ չնայած այդ խնդիրները քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն էին, նրանք մշտապես, մեղմ ասած, իրենց «ձեռքերը լվացել» են այդ պրոբլեմից: Այդ տարածքները նշված տնտեսվարողների հացի միակ աղբյուրն են եւ այն տալով մեր մեծահարուստներից որեւէ մեկին, նրանց թողնում եք մի ճանապարհ՝ բռնել Ալթայի երկրամաս տանող ճանապարհը: Այդ քայլով բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն ամենօրյա հացից:
Ուստի, խնդրում ենք Ձեր բարեհաճությունը՝ սատար կանգնելու մեզ եւ եթե նշված գետնանցման վաճառքի հարցն այդքան անխուսափելի է, ապա Ձեր բարձր կարգադրությամբ՝ թող այն ուղիղ վաճառքի ձեւով վաճառեն նշված տնտեսվարողներին, ովքեր հետագայում՝ քաղաքապետարանի առաջարկած պայմանների եւ նրա հետ կնքված պայմանագրերի համաձայն, կիրագործեն նաեւ նշված գետնանցման բարեկարգ պահելու բոլոր խնդիրները:
Եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ հստակ մնում է մի ճանապարհ՝ շուտափույթ լքել Հայաստանը կամ որոնել այլ ճանապարհներ»: