«ՀԱԿ երիտասարդներն ընդդեմ Ժիրայր Սեֆիլյանի» հրապարակային վեճը շարունակվում է: Երեկ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն արձագանքել է Սեֆիլյանի հետ «բանավիճելու»՝ ՀԱԿ ակտիվիստների առաջարկին: Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին tert.am-ին տված հարցազրույցում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը հայտարարել էր. «Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետեւյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ եւ հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով եւ չունենք ավելացնելու որեւէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ»։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ հաղորդագրություն է տարածել, որով վերահաստատելով պատրաստակամությունը ՀԱԿ երիտասարդների հետ հրապարակային զրուցելու՝ Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է երիտասարդներին հանդիպել օգոստոսի 25-ին, ժամը 13-ին, «Ուրբաթ» ակումբում կամ Ազատության հրապարակում՝ տեղի ընտրությունը թողնելով վերջիններիս հայեցողությանը։ Հիշեցնենք, որ երիտասարդները Սեֆիլյանին հրավիրել էին ՀԱԿ գրասենյակ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Վահագն Գեւորգյանն ասաց, որ իրենք պատրաստ են լսել Սեֆիլյանի պարզաբանումները: «Բայց հրավիրելով «Ուրբաթ» ակումբ կամ Ազատության հրապարակ՝ այնպիսի տպավորություն է, որ Սեֆիլյանը ցանկանում է դա վերածել քաղաքական շոուի: Մենք դա թույլ չենք տա»,- ասաց նա, միաժամանակ հավելելով, որ իրենք միշտ էլ պատրաստ են լսել Սեֆիլյանի պարզաբանումները՝ «առանց հրապարակային շոուների»: