Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՉԷ»

Օգոստոս 24,2011 00:00

«Երբ շատ մարդիկ, ցավոք սրտի, հաճախ անիրազեկներ, խոսում են ազգային կազմակերպություն ստեղծելու կամ ազգային գաղափարախոսության մասին, նրանք պետք է իմանան, որ ազգային կազմակերպությունը ազգային պետությունն է, իսկ ազգային գաղափարախոսության հիմնադրույթները ամփոփվում են արդեն կայացած ազգային պետության Սահմանադրության մեջ: Դա հիմնական ձեռքբերումն է, որ 1990 թվականի օգոստոսի 23-ով մեր ազգային քաղաքական կյանքում սկիզբ առավ: Ազգի բնականոն ապրելակերպը անկախ պետությունն է»,- Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է խորհրդային շրջանի այլախոհ գործիչ, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: 21 տարի առաջ, օգոստոսի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հայրիկյանը նկատել է, որ չնայած Անկախության հռչակագիրը Հայաստանի Սահմանադրության հիմքն է կազմում, սակայն գրեթե ցանկացած ոք գիտի՝ «Այն մասով, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, դեռ շատ անելիքներ կան: Երբ ազգային ներուժը նվազեցվում է, դա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար, իսկ ազգային ներուժը կատարելապես դրսեւորվում է այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները իրենցից կախվածը առավելագույնս տալիս են իրենց ժողովրդին, իրենց պետությանը: Այսինքն՝ երբ քաղաքացին իրեն երկրի տեր է զգում, ինքը նաեւ պարտավոր է զգում պաշտպանել այդ տունը: Քաղաքացիների մի զգալի մասը իրեն երբեք էլ տեր չի զգում, որովհետեւ գիտի, որ ինքը ընդամենը 5000 դրամով իր ձայնը վաճառել է, եւ այդ ձայնը ոչ մի նշանակություն չունի»,- ասել է Հայրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել