Ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը
– Այն ընթացակարգը, որով Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հանեց հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից՝ բավական նման է Հայաստանի խորհրդարանի գործող կանոնակարգմանը, այն է՝ օրինագծերը, որոնք չեն քննարկվել նախորդ գումարման ընթացքում՝ դառնում են անվավեր: Ըստ այդմ՝ համարո՞ւմ եք արդյոք, որ այս դեպքում էլ գործ ունենք զուտ ընթացակարգային մի հարցի հետ, թե՞ սա ավելի լուրջ՝ քաղաքական վերաբերմունքի խնդիր է:
– Համարում եմ սա քաղաքական վերաբերմունք, բայց որը չի ուղեկցվում քաղաքական որոշմամբ: Այսինքն՝ այն վերարտադրված իշխանությունները, որոնք ստորագրել են այդ արձանագրությունները՝ փաստացի այդ կերպ հասկացնում են, որ իրենք հրաժարվում են դրանցից, եւ այնուամենայնիվ՝ գուցե քաղաքական խիզախության պակասի, իսկ գուցե այլ պատճառով՝ ուղղակի խուսափում են դրա մասին բարձրաձայն՝ քաղաքական հայտարարությամբ հանդես գալ: Եվ հետեւաբար՝ կարծում եմ, որ ինչպիսին էլ լինեն դրդապատճառները, որքան էլ որ կարեւոր լինի դրանք հասկանալը՝ եզրակացությունը մեկն է. Թուրքիան, ըստ էության, իրեն բավական վստահ է զգում եւ հետքայլ է անում: Կար ժամանակ՝ արձանագրությունների ստորագրումից հետո, երբ Թուրքիայի պաշտոնական ու ոչ պաշտոնական բանագնացները միմյանց հաջորդելով՝ խնդրում էին պաշտոնական Երեւանից արձանագրությունները պահել գոնե «սառնարանի» մեջ, այսինքն՝ անգամ այդ տեսքով արձանագրությունները նրանց պետք էին: Եվ եթե Թուրքիան այսօր նման քայլի է դիմում՝ նշանակում է, որ նրան այդ արձանագրություններն այլեւս պետք չեն:
– Բացառո՞ւմ եք, որ Թուրքիայի կառավարությունը կամ գուցե խորհրդարանի որեւէ պատգամավոր օրակարգ կվերադարձնի այդ արձանագրությունները:
– Չեմ բացառում: Թուրքիան քաղաքական եւ այլ կարգի հրաշալի առեւտուր անող երկիր է՝ լավ ավանդույթներով: Եվ զարգացումները Թուրքիայի համար երկու ուղղությամբ էլ ձեռնտու են: Որեւէ մեկը նրան չի խնդրում, որ այդ արձանագրությունները վերակենդանացնի ու մտցնի նոր գումարման խորհրդարանի օրակարգ: Եվ եթե անգամ որոշակի սպառնալիքներ հնչեն Թուրքիայի հասցեին՝ կարծում եմ, Մերձավոր Արեւելքի վերջին զարգացումների ընթացքում Թուրքիան այնպիսի ծառայություններ մատուցեց Արեւմուտքին՝ Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի եւ այլ հարցերում, որ իրեն կարող է շատ վստահ զգալ, որ որեւէ մեկը ուղղակի չի պատժի այդ արձանագրություններից հրաժարվելու համար: Իր մատուցած ծառայություններն ուղղակի անգին են եղել՝ Արեւմուտքի համար ցանկալի լուծումների ուղղությամբ: Բավական է հիշել Մյունխենում Դավութօղլու-Քլինթոն հանդիպումը եգիպտական հեղափոխության օրերին, Լիբիայի հետ կապված Թուրքիայի ունեցած լծակները եւ հնարավորությունները, ՆԱՏՕ-ի կազմում նրա մասնակցությունը: Եվ այս սցենարի դեպքում Թուրքիան վերջապես հստակություն է մտցնում իր եւ Ադրբեջանի հարաբերություններում, որովհետեւ աշնանը ՆԱԲՈՒԿՈ-ի հարցը թեժանում է օրակարգում: Եվ Թուրքիան Ադրբեջանի հետ գործարքի գնալու եւ նաեւ այդ կերպ Արեւմուտքին վերստին ծառայություններ մատուցելու խնդիր ունի: Այսինքն՝ այն հարցը, որը մի պահ դողէրոցք էր հաղորդել թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ արանքից դուրս եկավ, ու Թուրքիան, ունենալով Ադրբեջանի անվերապահ վստահությունը, կկարողանա այդ խնդիրները լուծել այնպես, ինչպես ձեռնտու է իրեն ու Արեւմուտքին:
Տարբերակ երկրորդ՝ Թուրքիան ուղղակի իր կշիռն է ավելացնում: Եվ եթե այդ արձանագրությունների կենդանի մնալը չափազանց թանկ է Արեւմուտքի համար, ապա այդ դեպքում, բնականաբար, կսկսի Թուրքիայի հետ սակարկությունը, որպեսզի վերստին կյանք հաղորդի դրանց՝ մտցնելով օրակարգ:
Այսինքն՝ երկու տարբերակի դեպքում էլ Թուրքիան ունի իր համար բավական շահեկան լուծումներ: