Երեկ կայացավ կոալիցիա-ՀԱԿ երկխոսության հերթական հանդիպումը
Հանդիպումը տեւեց հինգ ժամից ավելի, մոտ այնքան, որը բավարարեց հանդիպումը լուսաբանելու համար հավաքված լրագրողներին մի քանի անգամ քնել-արթնանալ, դժգոհել-սովածանալ, սուրճի կարիքը խեղդել եւ մտքում մի քանի անհարմար խոսքեր չխնայել թե իշխանության եւ թե ընդդիմության հասցեին՝ փաթեթով: Մոտ երեք ժամ սպասելուց հետո երկխոսողները հարկ համարեցին լրատվամիջոցներին տեղեկացնել, որ հանդիպումը կտեւի եւս մոտ երկուսուկես ժամ: Սպասումի այդ ծանր ժամերը եւս անցան, եւ ի վերջո, հինգուկես ժամ անց, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը խրոխտ քայլերով մոտեցավ տեսախցիկներին եւ ձայնագրիչներին եւ հայտարարեց հետեւյալը. «Ձեզ տեղեկացնում եմ այսօրվա քննարկման մասին. ինչպես պայմանավորվել էինք այսօր մենք շարունակեցինք քննարկել օգոստոսի 9-ի միջադեպը եւ դրա հետ կապված զարգացումները: Քննարկման արդյունքներով կարող եմ ասել՝ մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման հարցն արագորեն կկարգավորվի:
Դա նկատի ունենալով՝ մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը եւ լսել կոալիցիայի տեսակետը: Կոալիցիան ներկայացրել է մի մեծ փաստաթուղթ, մոտ երկու երրորդը ներկայացրեցին, դա կշարունակվի, եւ մինչեւ այդ փաստաթղթի ներկայացման ավարտը, այնքան էլ լուրջ չի լինի, որ մենք մեկնաբանություններ անենք կամ գնահատականներ տանք:
Մի բան կարող եմ ասել՝ իմ տպավորությամբ՝ այս փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթուղթը: Ինչո՞ւ: Որովհետեւ շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում»:
Լեւոն Զուրաբյանի այս խոսքերից հետո «մե ծիծաղ, մե ուրախություն» տիրեց կառավարության ընդունելությունների տան միջանցքում: Լրագրողները գնահատեցին հումորը: Լրագրողները ուզեցին իմանալ, թե ինչով է բացատրվում այն վստահությունը, թե Տիգրան Առաքելյանի խափանման միջոցն անպայման կփոխվի: Լեւոն Զուրաբյանը ի պատասխան՝ ասաց. «Ես ընդհանրապես վստահ մարդ եմ, այդ վստահությունը դրանից է գալիս»:
Հետո, ինչպես կատակով նկատեց գործընկերներիցս մեկը՝ «ծանրաձողին» մոտեցավ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վերջինս էլ իր հերթին հայտարարեց հետեւյալը. «Ինչպես եւ նախատեսել էինք, մենք այսօր քննարկեցինք օգոստոսի 9-ի միջադեպը, բացի դրանից՝ անցանք ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումների մեր արձագանքին:
Պետք է նշեմ, որ մենք կարծես թե ունենք ընդհանուր մոտեցում, որ իրավական համակարգը գործել է ոչ խտրական, եւ մեր աշխատանքային խումբը վստահություն ունի, որ իրավական համակարգը շարունակելու է բոլորի նկատմամբ գործել ոչ խտրական:
Մենք սկսել ենք մեր փաստաթղթի ընթերցումը, որը մոտ հարյուր երեսուն էջ է, մոտ երկու երրորդը հասցրեցինք այսօր անել, ուրբաթ օրը կշարունակենք այն»:
«Առավոտը» ներկայացնելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, թե կոալիցիայի ներկայացրած փաստաթուղթը շատ ավելի լավն է ՀԱԿ-ի ներկայացրածից, քանի որ ավելի լավ է հիմնավորում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, Դավիթ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել ասվածը: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ հռետորական տեսանկյունից միգուցե գեղեցիկ հնարք օգտագործեց պարոն Զուրաբյանը, բայց, բնականաբար, հակառակն է՝ մենք այս պահին չենք տեսնում, որ ՀԱԿ-ի որեւէ հիմնավորում հիմնավորում է արտահերթ ընտրությունները»:
Ի պատասխան հարցին՝ արդյոք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, պարոն Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ մենք իրավական պրոցեսին ամենեւին չենք ներգրավվում, ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում, եւ վստահություն ենք հայտնել, որ այն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել բոլորի նկատմամբ՝ ոչ խտրական»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին «Առավոտը» հարցրեց՝ փաստորեն մինչ կոալիցիան կներկայացնի իր փաստաթուղթը, հետո՝ մինչ այն կքննարկեն, կմոտենա ՀԱԿ-ի հայտարարած սեպտեմբերի 9-ի հանրահավաքի օրը, ուրեմն այս հանդարտ ընթացքի դեպքում ի՞նչ կարգախոսներ են հնչելու այդ հանրահավաքում: Ի պատասխան՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Դուք մի քիչ շատ շուտ հասցրիք սեպտեմբերի 9-ը:
Իրականում երկխոսության գործընթացը գնում է, եւ ինչը ավելի կարեւոր է՝ շատ դինամիկ քաղաքական պրոցեսներ են գնում: Հիմա շատ շուտ է խոսել, թե սեպտեմբերի 9-ին ինչ կլինի: Մենք բազմիցս ասել ենք, որ դա կախված է երկխոսության արդյունքներից»: Մեր հաջորդ հարցը այն մասին էր, թե արդյոք իշխանության ներկայացուցիչները Հայ ազգային կոնգրեսից որեւէ երաշխիք խնդրեցի՞ն, որ երկխոսությունների արանքում չլինեն այնպիսի միջոցառումներ, ինչպես եղավ ոստիկաններ-ակտիվիստներ միջադեպի հետ կապված:
Ի պատասխան լսեցինք. «Չէ, ո՞նց կարող էին նման անհեթեթ բան խնդրել»: Չպատասխանելով մեր ռեպլիկին՝ այսինքն, բացառված չէ, որ էլի կլինեն նման միջադեպեր, պարոն Զուրաբյանը խնդրեց այլ հարցեր տալ: «Առավոտը» հարցը հստակեցնելու նպատակով ասաց. «Այսպես հարցնեմ, ոստիկաններ-ակտիվիստներ միջադեպից հետո կարծիքներ հնչեցին, որ դա կազմակերպված սադրանք էր երկխոսությունը վիժեցնելու նպատակով, Դուք ունե՞ք երաշխիք, որ նման սադրանք չի կրկնվի»: ՀԱԿ համակարգողը ի պատասխան ասաց. «Ոչ, ո՞վ կարող է երաշխիքներ ներկայացնել, որ սադրանքներ չեն լինի»:
«Առավոտը» Դավիթ Հարությունյանին եւս ուղղեց նույն հարցը՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները փորձե՞լ են ՀԱԿ-ին խնդրել, որ չլինեն օգոստոսի 9-ի միջադեպի կրկնություններ, քանի որ երբ տեղի ունեցավ ակտիվիստներ-ոստիկաններ միջադեպը, կարծիքներ հնչեցին, թե դա լավ կազմակերպված սադրանք էր երկխոսությունը տապալելու նպատակով:
Ի պատասխան մեր այս հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես կնախընտրեի ձեռնպահ մնալ ավելորդ մանրամասներ ներկայացնելուց, այնպես որ՝ մեկնաբանությունները կարող եք ինքներդ անել»:
Կոալիցիա-ՀԱԿ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ, ժամը 12-ին: