Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները Թումանյան-Հյուսիսային պողոտա փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել միջպետական հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրան Չատինյանին: Նա իր ընկերոջ՝ Վաղարշակ Մուրադյանի հետ Օդեսայում գտնվող «Գլորիա» ակումբում հրազենային կրակոցներ էր արձակել Մխչյան գյուղի բնակիչների՝ եղբայրներ՝ 40-ամյա Համիկ, 35-ամյա Ռոբերտ եւ 49-ամյա Մխիթար Գեղամյանների վրա, ինչի արդյունքում Համիկը մահացել էր, իսկ Ռոբերտն ու Մխիթարը հրազենային վնասվածքներ էին ստացել:
Նշենք, որ Տ. Չատինյանը Արաբկիրի կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի եղբայրն է: Չնայած որ դատարանի բակում հավաքված Տիգրանի մտերիմները խոսում էին, որ՝ «ոչ մի խնդիր չկա, վերեւներով հարցերը լուծել ենք, մեր ախպերը դատարանից ազատ է արձակվելու», Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը դռնփակ նիստում բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը՝ Տ. Չատինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 40-օրյա կալանքը, որից հետո Չատինյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս դեպքի հետ կապված «Առավոտին» նոր մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ Օդեսայում նրան հովանավորել է Վանիկ անունով մի հայտնի գործարար, որը մինչեւ Տիգրանի ձերբակալվելը ժամանել է Երեւան եւ նրա հարցերը լուծելու նպատակով հանդիպումներ ունեցել ԱԺ որոշ պատգամավորների եւ պետական պաշտոնյաների հետ, ինչը հավանաբար այդպես էլ օգուտ չի տվել: