Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արածս վատ են գնահատում, դա էլ է լավ»

Օգոստոս 23,2011 00:00

\"\"Ասում է Վեդի քաղաքի Մշակույթի տան տնօրեն Արթուր Ստամբոլցյանը

«Հիմա մեկը կա, ամբողջ կոլեկտիվով աշխատում ենք, որ նա նախ մարդ դառնա, հետո արդեն մնացածը կսովորեցնենք: Սովորեցնելն էլ սկսում ենք մարդ դարձնելուց: Դա ամենադժվարն է, մնացածն ավելի հեշտ է»,- այսպես է իրենց գործունեությունը ներկայացնում Արարատի մարզի Վեդի քաղաքի Մշակույթի տան տնօրեն Արթուր Ստամբոլցյանը: Ըստ նրա՝ Վեդի քաղաքի Մշակույթի տունը երկար տարիներ գոյություն ունի, անցել է տարբեր փորձությունների միջով, բայց պահպանել է իր «գոյությունը»՝ հիմա սահմանափակվելով մեկ սենյակում, պայմաններից զրկված:
Գործող գրասենյակի դիմաց վեր են խոյանում նախկին Մշակույթի տան ավերակները, որտեղ հիմա շինարարություն է գնում. երկար տարիներ ավերակ մնալուց հետո՝ որոշել են վերականգնել երբեմնի մշակութային օջախը, որի դահլիճով, ինչպես նշում է Ա. Ստամբոլցյանը, ժամանակին հիացել է նույնիսկ մեծ դերասան Կարպ Խաչվանքյանը: «Մի քանի օր առաջ նախարարությունից գրություն եկավ, ցանկանում էին իմանալ, թե ինչ գույք է պետք վերակառուցվող Մշակույթի տան համար: 12 մլն դրամի գույք եմ գրել, նշել եմ ամենաանհրաժեշտ բաները: Հիմա հույսով սպասում ենք՝ երբ ենք աշխատելու նորմալ պայմաններում»,- ասում է Արթուր Ստամբոլցանը: Նրա խոսքերով՝ առանց պայմանների աշխատելն էլ է իր դրական արդյունքը տալիս. «Մենք չունենք պայմաններ, բայց Վեդիի մշակույթը այսօր թնդում է Հայաստանում»: Ա. Ստամբոլցյանը ասում է, որ Մշակույթի տնից դուրս եկածներից շատերն են հայտնի դարձել, բայց նրանցից միայն կեսն է հիշում, թե որտեղից է սկսել իր ճանապարհը: «Մենք սովորաբար վատ բան չենք անում: Իսկ երբեմն «աստղ» դարձողները հեռանալիս վիրավորվում են, որ լավ հեռանան՝ ասելով. «Դուք մեզ համար ի՞նչ եք արել որ»,- ժպտում է նա:
Մշակույթի տունը պետական կառույց է: Գործում են երգի եւ պարի խմբակներ: Մշակույթի տան ղեկավարի խոսքերով, խմբակներ այցելում են 300-ից ավելի երեխաներ, նրանց մեջ կան նաեւ հարեւան բնակավայրերից եկողներ: Պարի խմբակների համար վարձվել է այլ սենյակ, իսկ երգի պարապմունքները կազմակերպվում են հենց մշակույթի տան փոքրիկ սենյակում: Երգի խմբակ այցելողներն օժտված են նաեւ դերասանական վարպետությամբ եւ պարում են շատ ճկուն, ցանկացած երգի կատարում էլ ուղեկցվում է բեմադրությամբ, հանդերձանքը ճաշակով է եւ երգին համապատասխան: Աշխատողների թիվը այնքան էլ մեծ չէ, բայց օգնողները շատ են ու հիմնականում այստեղի սաներ, ասում է պարոն Ստամբոլցյանը՝ աշխատողներին անվանելով իրենց գործի նվիրյալներ. «Ես միշտ ասել եմ՝ այսպիսի վայրերում պետք է աշխատես առանց ակնկալիքի, եթե գալիս են այստեղից մի բան տանելու համար, ուրեմն չեն կարող աշխատել, չի ստացվի»:
 Հուլիս ամսից՝ ամեն հինգշաբթի Վեդի քաղաքում Մշակույթի տունը կազմակերպում է «Երաժշտական հինգշաբթի» փառատոնը: Այս տարի փառատոնի 35-ամյակն է: Անցկացվում է քաղաքի բացօթյա բեմահարթակում, փառատոնի աջակիցն էլ քաղաքապետարանն է: «1977թ.-ից մարզի տարբեր անսամբլների հետ ամռանը՝ ամեն հինգշաբթի, քանի որ այդ օրերն էին հարմար, համերգ էինք կազմակերպում: Ժողովրդի մեջ այդ համերգները արմատացան «Երաժշտական հինգշաբթի» անվանումով: Հիմա այդ անսամբլները չկան, մենք ենք հրավիրում երգիչների, մրցանակաբաշխություն է լինում, հաղթողներն էլ մրցանակներ են ստանում»,- պատմում է Արթուր Ստամբոլցյանը: Իր արած գործի վարձատրության մասին էլ ասում է. «Երբ գործս տեսնելիս ասում են՝ լավ էր, ես բավարարված եմ զգում: Հակառակն էլ լսելիս, մտածում եմ՝ եթե նկատել են եւ նույնիսկ վատ են գնահատում՝ դա էլ է լավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել