Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՌԱՍԱՐՍԱՓ»՝ ԶՈՎԱՑՆԵԼՈՎ ՈՒ ՀՈՎԱՑՆԵԼՈՎ

Օգոստոս 23,2011 00:00

Կամ՝ ինչո՞ւ միասին մեկնել հանգստի

Մինչ մայրաքաղաքի մշակութային օջախները շոգից ու տապից, հանդիսատեսի պակասից բողոքելով՝ մեկնել են արձակուրդ՝ աղքատացնելով կամ էլ ամայացնելով մշակութային կյանքը, չափազանց ակտիվացել են, այսպես կոչված, անտրեպրիզային թատրոնները: Վերջիններս առաջարկում են էկզոտիկ վերնագրերով ներկայացումներ, ընդհուպ մինչեւ «Սեռասարսափ»՝ խոստանալով դահլիճներն ապահովել օդորակիչներով, զովացնող-հովացնող այլ սարքերով…
Եթե կոմերցիոն ներկայացումների կազմակերպիչները կարողանում են ոչ միայն «սեռասարսափ» առաջացնել, այլեւ հովացնել ու զովացնել, ապա ինչո՞ւ իրենց դահլիճները վարձակալության հանձնող թատրոնների տնօրենները, համերգասրահների կառավարիչները չեն կարողանում զովացնել ու հովացնել հանդիսատեսներին առանց «սեռասարսափների» եւ կազմակերպել սեփական ներկայացումների ցուցադրումները, իսկ արձակուրդի մեկնել, ասենք՝ հունվար-փետրվար ամիսներին, երբ Ամանորի տոներից հետո մարդկանց գրպանները դատարկ են եւ մշակութային օջախներ գնալու հնարավորություն էլ չունեն…
Պատճառաբանելով նախկինում ԽՍՀՄ-ում հաստատված ավանդույթը, երբ պետական մշակութային օջախները հանգստի էին մեկնում ամռանը, մեր մշակութային չինովնիկները մոռանում են, որ նոր ժամանակներում «Կուլտուրա» ալիքով դիտում ենք ռուսաստանյան թատրոնների, համերգասրահների գովազդները, ծանոթանում այդ երկրում ամռան ամիսներին ընթացող ակտիվ մշակութային կյանքին: Պարզապես ՀՀ մշակույթի նախարարությունը պիտի կարողանա որսալ ժամանակի շունչն ու պահանջները, գիտակցի, որ հատկապես ամռանը Հայաստանը վերածվում է զբոսաշրջային կենտրոնի, իսկ եկվորներին խորոված-քյաբաբ, հայկական ռեստորանների տաշի-տուշին մատուցելուց զատ՝ պետք է, եթե ոչ անհրաժեշտ, ծանոթացնել հայ արվեստին ու մշակույթին: Կարծում ենք, օրերս ավարտված 5-րդ համահայկական խաղերը հիանալի առիթ էին հայրենիք ժամանած շուրջ 3000 մարզիկներին, նրանց ուղեկցող երկրպագուներին, սփյուռքահայ արվեստագետներին ծանոթացնելու հայկական մշակույթի հետ: Ի դեպ, այս տարի լավ է, որ Խաղերի գեղարվեստական մասը (բացումը եւ փակումը) իսկապես ներկայացված էր պրոֆեսիոնալ մակարդակով (պրոդյուսեր՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյան): Նույնիսկ ականատես եղանք, թե ինչպես հայազգի եւ օտար զբոսաշրջիկները խնդրում էին մտնել Օպերային թատրոն՝ թեկուզ միայն թամանյանական հոյակերտ շինության ներսը տեսնելու համար: Իսկ մեր մշակութային օջախները, մասնավորաբար՝ թատրոնները, իսկապես ունեն «դրամարկղային» ներկայացումներ: Նշենք նաեւ, որ պետական կոլեկտիվներից առաջինը, որը չվախենալով շոգից, օգոստոսի 25-ին, Ազգային օպերային թատրոնում՝ արձակուրդը չավարտած, հանդես կգա համերգով, Հայաստանի պարի պետական անսամբլն է:
Այս մտահոգությունների մասին մշտապես գրել է «Առավոտը», սակայն մշակույթի նախարարությունից պատասխանել են, որ յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Հարգում ենք Սահմանադրությանը նվիրված լինելու՝ մշակույթի նախարարության կեցվածքը, բայց արվեստը եւ մշակույթը բացառիկ են նրանով, որ ստանդարտների մեջ չեն տեղավորվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել