Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՒՍԱԽԱ՞Բ ԱՐԵՑ

Օգոստոս 23,2011 00:00

ՀՀ զինված ուժերում ոչ թշնամու գնդակից սպանված զինծառայողներ Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի, Գեղամ Սերգոյանի, Վալերիկ Մուրադյանի, Արտակ Նազարյանի ծնողներ Անահիտ Մկրտչյանը, Ռոբերտ Միրզոյանը, Սուրեն Օհանջանյանը, Նանա Մուրադյանն ու Հասմիկ Հովհաննիսյանը բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր նախ հիշեցնում են, որ 2011 թվականի հունվարի 27-ին «մեզ հետ հանդիպման ժամանակ Դուք՝ պարոն նախագահ, մեզ ներկայացաք որպես օրենքի եւ սահմանադրության պաշտպան եւ խոստացաք հետամուտ լինել մեր որդիների սպանությունների գործերի բացահայտմանը։ Այս հանդիպումից անցել է մոտ յոթ ամիս, սակայն հինգ քրեական գործերից ոչ մեկը չի բացահայտվել եւ մարդասպանները չեն պատժվել»։
Որդեկորույս ծնողները հիշեցնում են նաեւ ՀՀ զինվորական դատախազի հայտարարությունը, թե «իր ենթակայության տակ գործող քննիչները, դատախազի օգնականներն ու զինդատախազները մեր որդիների քրեական գործերում թույլ են տվել մեծ եւ փոքր հանցանքներ ու զանցանքներ, սակայն զինդատախազը հրաժարվում է որեւէ պատժամիջոց կիրառել նրանց նկատմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկել։ Փաստորեն, Դուք մեզ հուսախաբ արեցիք եւ Ձեր խոստումն ու պարտքը չկատարեցիք։
Ցավով պետք է նշենք մեր համոզմունքը, որ նման անօրինականության եւ անտարբերության պայմաններում Հայոց բանակում զինծառայողների սպանությունները շարունակական բնույթ են կրելու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել