Ծրագիրը առայժմ միայն Արմավիրում է, բայց կարող է տարածվել Շիրակում եւ Գեղարքունիքում
Ավանդական արհեստների սիրահարներին Էջմիածինը հրավիրում է «Հայ միասնության խաչ» կազմակերպություն: Այստեղ, երիտասարդ գորգագործուհիների մատների տակ, ոչխարի բրդի յոթ երանգների համադրությունից ծնունդ է առնում հայ ժամանակակից գորգարվեստում իր նոր խոսքը բերած էկոգորգը:
Թելի ստացումից մինչեւ պատրաստի ապրանք, գործընթացը կատարվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Թելը ստանում են ավանդական եղանակով. նախ աղբն առանձնացնում են բրդից, սանդերքի միջոցով գզում, տարանջատում գույները, ապա մանում ճախարակով կամ իլիկով, իսկ վերջում անխառն ու բնական գույներից գորգ ստանում:
Ի տարբերություն կենցաղում օգտագործվող գորգերի, էկո ապրանքատեսակը քիմիական մշակման չի ենթարկվում, զերծ է գունային հավելումներից եւ հանգստացնող ազդեցություն է գործում նույնիսկ վիզուալ իմաստով:
Էկոլոգիապես մաքուր գորգեր ստեղծելու գաղափարը «Հայ միասնության խաչ» կազմակերպության ղեկավար՝ գեղանկարիչ Գրիգոր Բաբախանյանինն է, իսկ էսքիզների հեղինակը՝ գեղանկարիչ եղբայրն է՝ Գեւորգ Բաբախանյանը: Թե եղբայրները, թե գորգագործները առանձնահատուկ տեղ են հատկացնում էկո ապրանքատեսակին: «Էկոգորգեր են գործել նաեւ մեր նախնիները: Այդ հինն ու նորը հիմա միացնում ենք եւ հայկական գորգագործությունը բարձրացնում նոր մակարդակի»,- ասաց էկոգորգերի հարցում «Հայ միասնության խաչին» աջակցող «Հայկական Կարիտաս» հ/կ ներկայացուցիչ Զառա Աղամյանը եւ հավելեց, որ քիմիական միջամտության չենթարկված գորգերը առողջարար են. «Դրանց հումքը, որ ստացվում է լեռնային ոչխարների բրդից, մարդու առողջությանը նպաստող լանոյլին է պարունակում»: Դրանք հեշտ կիրառելի են նաեւ կենցաղում, լվանալուց չեն գունաթափվում եւ չեն խամրում:
Այսօր ծրագիրը գործում է միայն Արմավիրում, բայց մտադրություն կա այն ներդնել նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի փախստականներով բնակեցված համայնքներում: Հեղինակները նպատակ ունեն Ամասիայի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում աշխատանքով ապահովել տարեց կանանց, ինչն էլ կնպաստի համայնքների աշխուժացմանն ու զարգացմանը: Շահառուները հիմնականում թոշակային տարիքի կանայք են լինելու, որոնք հաճելին զուգակցելու են օգտակարի հետ: Նրանց, նույնիսկ ծերության տարիներին հնարավորություն է տրվելու սեփական աշխատանքով ֆինանսապես նպաստել իրենց տնտեսությանը: «Տանը նստած՝ կաշխատեն: Եվ չեն ձանձրանա, եւ գումար կաշխատեն: Կվարձատրվի եւ գզողը, եւ թելը մանողը, եւ գորգագործը: Գորգերը կվաճառվեն ցուցահանդես-վաճառքներում: Շահույթի մի մասը կօգտագործվի ծրագիրը շարունակելու նպատակով, իսկ մյուս մասը կուղղվի նույն համայքներում սոցիալական ծրագրերի իրականացմանը»,- ներկայացրեց «Հայկական Կարիտաս» հ/կ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը:
Բայց մինչ ծրագիրը մուտք կգործի փախստականաբնակ մարզեր եւ կաշխուժացնի տարեց գորգագործուհիներին, Էջմիածնում նրանց երիտասարդ գործընկերներն արդեն 30-ից ավելի էկոգորգ են գործել: Իրենց համարելով նախատատերի գործը շարունակողներ, գորգագործուհիները կարեւորում են նաեւ դեպի էկո միջավայր գնալու իրենց քայլերը: Աշխատել են այնպես, որ ստեղծագործություններում գորգանախշերն ու պատկերներն իրար չկրկնեն: Բացի ավանդական նախշերից, էկոգորգերը ձեւավորել են նաեւ 5-15-րդ դարերի վանքերից ու խաչքարերից վերցրած զարդաքանդակներով, ինչպես նաեւ՝ Ավետարանից վերցրած պատկերներով: