Երեկ առավոտյան, ժամը 7-ի սահմաններում, վերջնականորեն հողին հավասարվեց Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի շենքը, որի քանդման աշխատանքները սկսվել էին շաբաթ օրը: Վերջին երկու օրերի ընթացքում խանութի սեփականատերերը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները եւ մի խումբ ակտիվ երիտասարդներ փորձում էին կանխել կառույցի քանդումը, քանի որ տարածքի հետ կապված գործը դեռ դատարաններում է եւ շենքի «բացակայությունը» կարող էր խոչընդոտներ առաջացնել դատարանի վճռի իրականացման համար։ Շենքն այլեւս չկա։ Խանութի սեփականատերերը հաղորդագրություն են տարածել, որով վստահեցնում են, որ շենքի ապամոնտաժումը անօրինական է եւ իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: