Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքն իրենն է՝ կուզի կսարքի, չի ուզի՝ չի սարքի»

Օգոստոս 23,2011 00:00

Վանաձորցիները չունեն սեփական մարզադաշտ

ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ընթանում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու կայացրած որոշումների:
Համայնքի ավագանին իր կայացրած որոշումներով Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937. 2 քմ մակերեսով հողամասը՝ մարզական համալիր կառուցելու նպատակով, անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիային:
Նույն որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով  անհատույց մշտական օգտագործման է տրվել նաեւ  քաղաքի սեփականություն համարվող 6954. 0 մակերեսով հողամասը՝ պայմանով, որ նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն են համարվելու:
Այսպիսով՝ Վանաձորի մարզադաշտն ու շուրջ 44 հազար քմ մակերեսով հողամասը այլեւս քաղաքի սեփականությունը չեն:
Դատարանում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, որ համայնքի ավագանին չէր կարող անվարձահատույց օտարել համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը:
«Մեր կողմից վիճարկվող վարչական ակտի դեպքում համայնքի ավագանին օգտվել է իր այն իրավունքից, որի համաձայն կարող է օտարել համայնքին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սակայն անտեսել է օրենսդրի կողմից սահմանված այն պարտադիր պայմանը, որի համաձայն՝ գույքն օտարելիս համայնքի ավագանին պարտավոր է սահմանել օտարման գների չափերը»,- բացատրում է փաստաբանը: Բացի այդ, փաստաբանը համոզված է, որ խախտվել է համայնքի բնակիչների՝ համայնքային սեփականության իրավունքը. նրանք զրկվել են համայնքային հողամասերից.
«Ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությամբ կարող են այնտեղ խաղալ: Բացի այդ, պայմանագրերում ոչ մի կետ չկա այն մասին, որ Ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է Վանաձոր համայնքի միջոցառումների ժամանակ անվճար տրամադրելու տարածքը: Հնարավոր է՝ վարձավճարներ սահմանեն եւ կսահմանեն: Մեր նվիրաբերած անվճար գույքը մեզ  վարձով կտան»:
Հակառակ կողմը, սակայն, հայցադիմումը անհիմն է համարում՝ գտնելով, որ ավագանին գործել է օրենքի շրջանակներում եւ նման որոշում կայացնելով, առաջնորդվել են համայնքի շահերից՝ այդկերպ հնարավորություն ստանալով  3 տարվա ընթացքում ունենալու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտ:
«Համայնքը, չունենալով բավարար միջոցներ իր գույքի վերանորոգման համար, այն ըստ էության փրկել է հետագա քայքայումից եւ ստեղծել է հնարավորություն, որպեսզի այդ գույքը պատշաճորեն վերանորոգվի ու սկսի ծառայել համայնքի բնակչության կարիքներին՝ իր նպատակային նշանակությամբ օգտագործվելու միջոցով»,- նշված է հայցադիմումի  պատասխանի մեջ: Էդմոն Մարուքյանը  Ֆուտբոլի ֆեդերացիայի ստանձնած   պարտավորության մասին կասկած է հայտնում՝ նշելով, որ տարածքն իրենն է՝ կուզի կսարքի, չի ուզի՝ չի սարքի.
«Ոչ մի տեղ նշված չէ՝ ով պետք է  ստուգի վերանորոգման աշխատանքները, ժամկետները, ինչ ներդրումներ են  լինելու,  քաղաքապետարանն այլեւս ոչ մի իրավունք չունի մարզադաշտի նկատմամբ»:
Բացի այդ՝ համայնքի ավագանու որոշումներում նշված է,  որ գույքը եւ հողամասը նվիրաբերվել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, պայմանագրերի համաձայն, սակայն, գույքը եւ հողամասը նվիրաբերվել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին (Իրավաբանական անձանց միություն):
Հաջորդ դատական նիստի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատարանին պետք է ներկայացնի փաստաթղթեր, որոնք կապացուցեն Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի կապը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ԻԱՄ-ի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել