Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ 10-ՐԴ ՍՈՐՏԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Օգոստոս 23,2011 00:00

Իրենց այսպես են բնութագրում Ադրբեջանից բռնագաղթվածները

\"\"
Փախստականների հակահիգիենիկ զուգարանը:

Մայրաքաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներն արդեն 1 տասնյակից ավելի տարի  բնակվում են անմարդկային պայմաններում՝ առնետները, խավարասերներն  ու փայտոջիլները  եւս դարձել են այս հանրակացարանի բնակիչները: Չկա ամիս, որ հանրակացարանի երեխաները որեւէ վարակով չտեղափոխվեն հիվանդանոց:
Բաքվից բռնագաղթված Նոննա Բաբախանյանն իր 4 տարեկան հաշմանդամ երեխայի հետ արդեն 7 տարի բնակվում է  այս հանրակացարանում եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փորձել է իր զբաղեցրած սենյակը սեփականացնել, սակայն միշտ մերժել են: Բայց վերջերս, Նոննայի խոսքերով ասած՝ վեճերից ու քաշքշոցներից հետո տարածքային կառավարման նախարարությունը ուղեգիր է տրամադրել, որ եւս 3 տարի այդ սենյակում բնակվելուց հետո, նա իրավունք կունենա այն սեփականացնել. «Ուրեմն այս 7 տարիները քիչ էին, հիմա էլ մի 3 տարի էլի պիտի տանջվենք: Ես ոչ մի գործարք չեմ կարողանում կատարել, քանի որ սեփականության վկայական չունեմ. ոչ կարող եմ ապառիկով մի բան գնել, ոչ կարող եմ հեռախոս քաշել: Երեխաս աուտիզմով է տառապում, նրան բուժելու համար անգամ ոչ մի արտոնություն չեն տալիս: Բժիշկը խորհուրդ է տվել ինտերնետում կարդալ, թե ինչպես պետք է զբաղվել նման հիվանդ  երեխայի հետ, իսկ ես չեմ կարող անգամ ամենաէժան համակարգիչը գնել, այդ անիծյալ սեփականության վկայականի պատճառով: Նույնիսկ ամոթ էլ է այս փտած սենյակի համար կռվենք, բայց ճար չունենք, հույս էլ չունենք, որ գոնե կառավարության կողմից փախստականներին տրամադրվող բանկարանները կստանանք»: Տիկին Նոննայի խոսքերով, երբ խնդրի լուծման համար դիմել է նախարարություն, պաշտոնյաներից մեկը՝ ով անմիջապես զբաղվում է հենց այս խնդրով, այն աստիճան անպարկեշտ է խոսել, որ Նոննան որոշել է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. «Ես հարց եմ տվել այդ պաշտոնյային՝ եթե ես վաղը, ասենք, ընկնեմ մեքենայի տակ ու մահանամ, ու չունեմ այս սենյակի սեփականության իրավունք, դուք իմ հիվանդ երեխային ի՞նչ եք անելու, ուղարկելու եք Ավանի հոգեբուժարան, սենյակս էլ մի քանի հազար դոլարով վաճառելո՞ւ:  Իսկ նա հանգիստ խղճով ասաց՝ այո:  Հայրենիքից, մարդկային ապրելու պայմաններից զրկեցին, մի հատ ստից ՀՀ քաղաքացիություն են տվել, այն էլ դիմում եմ գրելու, որ հրաժարվեմ: Ինձ պետք չէ նման պետության քաղաքացիություն: Այստեղ իշխանությունները թքած ունեն մարդկանց վրա: Ուր գնում ես, պաշտոնյաները արյունդ են խմում, ոչ թե քո խնդրով են զբաղվում»:
Այս հանրակացարանի բնակիչների մեծ մասը Բաքվից բռնագաղթածներ են, որոնք մեկ տասնյակից ավելի տարի է՝ պայքարում են իրենց սենյակները սեփականացնելու համար, սակայն բոլորին մերժում են՝ պատճառաբանելով, որ նախարարությունը նրանց ուղեգիր չի տվել: Սակայն նշենք, որ հենց կառավարության որոշման համաձայն են այս բնակիչները դեռեւս 1990-ականներին տեղավորվել այս հանրակացարանում:  Ուշագրավն այն է, որ «1982-1990 թթ. Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» կառավարության որոշման մեջ նշված չէ, որ անպայման ուղեգիր է անհրաժեշտ սեփականացնելու համար:
Բաքվից բռնագաղթված Մարինա Միրզոյանի ընտանիքն էլ 23 տարի  բնակվում է նույն հանրակացարանում: Այս տարիների ընթացքում նրա ընտանիքը մեծացել է, թոռներ է ունեցել, սակայն զբաղեցրած 2-րդ սենյակը թույլ չեն տալիս սեփականացնել: Իսկ Սաբիան Բադալյանն անգամ չի էլ պայքարում այս խոնավ ու 16 քմ սենյակը սեփականացնելու համար: Այս հանրակացարանում փախստական երիտասարդ ընտանիքները շատ են, սակայն մեկ երեխայից ավելի չեն ուզում ունենալ, քանի որ սենյակի պայմանները թույլ չեն տալիս. «Ես արդեն 36 տարեկան եմ, եթե հիմա չունենամ 2-րդ երեխա, էլ ե՞րբ: Գոնե երիտասարդ ընտանիքներին ընդառաջեն եւ առաջնայինը մեր նմաններին բանկարաններ տան: Համ ասում են՝ ծնելիությունը խթանել է պետք, համ էլ իրենք են խոչընդոտում դրան»: Մեզ հետ զրույցում փախստական տիկին Սվետլանան լացակումած դժգոհեց, որ տղան արդեն 30 տարեկանն անց է, չի կարողանում ընտանիք կազմել, քանի որ փոքրիկ սենյակում անհնար է ապրել. «Ոչ բաղնիք կա առանձին, ոչ էլ նորմալ զուգարան: Տղաս արդեն նյարդային հիվանդ է դարձել»:
Մեզ հետ զրույցում հանրակացարանի բնակիչները պատմեցին, որ շենքի պատերը մաշվել են տանիքից հոսող անձրեւաջրերի պատճառով,  հոսանքալարերն էլ պատերից դուրս են եկել ու կախվել, իսկ երեխաները պարբերաբար թոքաբորբով հիվանդանում են. «Առողջ երեխա չկա այս հանրակացարանում: Մեր զուգարանն ու բաղնիքն էլ ընդհանուր է մի ամբողջ հարկի համար: Լողանալիս  վերեւի հարկի զուգարանի կեղտաջուրը լցվում է մեր գլխին: 21-րդ դարում մարդիկ անասունի պես են ապրում: Թող մի օր մեր նախագահը կամ նախարարներից մեկը գա ու ապրի. մի հատ տեսնենք՝ ի՞նչ կասեն»: Բնակիչները տանիքը վերանորոգելու խնդրով դիմել են բազմաթիվ կառույցների, սակայն բոլորն իրենց վրայից «ցրել» են: Անգամ ՀՀ նախագահին են դիմել, սակայն նախագահականից նրանց պատասխանել են,  որ գումար չունեն. «Բոքսի, շախմատի, համահայկական խաղերի ու եսիմ ինչ հիմար տոների համար փող ունեն, սովորական մարդկանց համար փող չունեն: Փախստականները Հայաստանում 10-րդ սորտի մարդիկ են»: Բնակիչների վստահեցմամբ՝ ՄԱԿ-ի գրասենյակից, միգրացիոն գործակալությունից եւ այլ կառույցներից այցելել են հանրակացարան, նույնիսկ ապշել, թե ինչպես կարելի է նման պայմաններում ապրել, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել նրանց օգնելու համար: Իսկ միջազգային կառույցներին մեր իշխանությունները տարիներ շարունակ վստահեցնում են, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում փախստականները չեն անտեսվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել