Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

Օգոստոս 23,2011 00:00

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ չցանկացավ պատասխանել «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ առկա այն գնահատականներին, որոնք վերաբերում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը: Այս կապակցությամբ հավելյալ ասելիք չուներ նաեւ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ անդրադառնալով Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության կողմից ի պատիվ Սերժ Սարգսյանի կազմակերպվելիք ճաշկերույթին՝ մասնավորապես ասված էր. «Հայաստանի անկախութեան 20 ամեակին առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ներկայութիւնը, առաւել եւս ի պատիւ իրեն կազմակերպուած «տօնական հանդիսաւոր ճաշկերոյթ» մը ստուեր կը ձգէ անկախութեան գաղափարին վրայ ու նսեմացնէ մեր ժողովուրդի արդարութեան վերականգնումի համար մղած պայքարը»: Նաեւ նշված էր. «Մարդկային իրաւունքներու կոպիտ ոտնահարումները, քաղաքացիական հասարակութեան զարգացման արգելակումը, դատական համակարգէն ներս արդարութեան եւ անկախութեան բացակայութիւնը երկրին մէջ, այս նախագահի օրօք, ստեղծած են բարոյահոգեբանական այնպիսի ապառողջ մթնոլորտ, որ հայ մարդուն մէջ խախտած են հաւատքը պետութեան եւ պետականութեան նկատմամբ։ Մենաշնորհներու վրայ հաստատուած տնտեսական համակարգին շնորհիւ երկրի հարստութիւնը իւրացուցած եւ ԱԺ-ի ու կառավարութեան լծակները իրենց ձեռքերուն մէջ կեդրոնացուցած օլիկարխները, նախագահի հովանաւորութեամբ անխղճօրէն կը շարունակեն կեղեքել հայրենի ժողովուրդը»: ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ն հայտարարել էր. «Չենք կրնար փառաւորել նախագահ մը, որ Արցախի հիմնահարցի լուծուման բանակցութիւնները վարելու ամուր դիրքերէն վաղուց զիջած է ու բազմիցս յայտարարած՝ ԼՂՀ-ի Սահմանադրութեամբ ամրագրուած տարածքներ զիջելու իր պատրաստակամութիւնը», «Նախագահ մը՝ որ հակառակ Թուրքիոյ կողմէ ամէն օր առաւել կոշտացող վերաբերումին ու Հայաստանն ու հայութիւնը նուաստացնող քայլերուն՝ տակաւին կը մերժէ Հայաստանի ստորագրութիւնը ետ վերցնել նախապայմաններով ու զիջումներով լեցուն ամօթալի այդ արձանագրութիւններէն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել