Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԻՊ-Ի ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ

Օգոստոս 23,2011 00:00

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից անցած շաբաթ տարածված այն տեղեկատվությունը, որ օմբուդսմենը Արդարադատության խորհրդին առաջարկել է 3 դատավորների ենթարկել կարգապահական պատասխանատվության, փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Ուրբաթ օրը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել՝ պաշտպան Կարեն Անդրեասյանին մեղադրելով Արդարադատության խորհրդի վրա ճնշում գործադրելու, իր իրավասությունները գերազանցելով՝ դատավորների կողմից օրենքի նորմերի «ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը» հրապարակայնորեն հաստատված համարելու մեջ: Պաշտպանին հորդորել էին՝ «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»: Երեկ տարածած պատասխան հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «ապատեղեկատվություն» է որակել վերոհիշյալ հայտարարությունը՝ մանրամասն կերպով վերլուծելով այնտեղ բերված մի շարք դրույթներ, ապա եզրակացրել, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան. «Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը՝ «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից», կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն»: Ավելի ուշ Courts.am կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում Արդարադատության խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանին արձագանքել է՝ պնդելով, որ վերջինս «խեղաթյուրել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 19.08.2011թ. տարածած հայտարարության բովանդակությունը, ըստ էության, ապատեղեկատվություն է համարել միջազգային փաստաթղթերի պահանջները եւ Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները»: Ելնելով վերոգրյալից՝ «Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս արդարանալու փոխարեն գործել իր լիազորությունների շրջանակներում՝ հաշվի առնելով միջազգային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները»,- ասված է Արդարադատության խորհրդի հայտարարությունում: Ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակը տարածեց հետեւյալը. «Մարդու իրավունքների պաշտպանը եւ իրավագիտակցությամբ օժտված հասարակությունը կսպասեն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի արդար որոշմանը: Գոնե այս որոշումը կայացնելիս, հուսով ենք, նրանց կհաջողվի դրսեւորել միջազգային փաստաթղթերի, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների իրենց իմացությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել