Հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրի մասնակից երիտասարդների հետ հանդիպման ժամանակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Սեւանի ափին էր՝ «Միասին» երիտասարդական շարժման եւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում այստեղ հանգրվանած երիտասարդների հետ:
Երիտասարդները նախագահին դիմավորեցին «Բարեւ ձեզ, մեր նախագահ» կոչերով, ծափերով եւ երաժշտությամբ: Նախագահը երիտասարդների հետ շախմատ խաղաց, լսեց նրանց երգը, դիտեց պարը, զրուցեց, ապա պատասխանեց երիտասարդների մի քանի հարցերի:
Քանի որ Ադրբեջանը արդեն կիրակի օրվանից սկսեց անհանգստության հերթական նշանները ցույց տալ Հայաստանի նախագահի որոշ հայտարարությունների կապակցությամբ, հարմար գտանք առավել հանգամանալից ներկայացնել պատասխանների՝ Ղարաբաղին վերաբերող հատվածը: Ըստ էության, հերթական անգամ մեր հարեւան պետության ներսում տեղի ունեցավ փաստերի աղավաղում, եւ պարզ ասված խոսքը ադրբեջանական լրատվամիջոցները կրկին սխալ ընկալեցին, կամ գուցե իրենց հենց այդպե՞ս է ձեռնտու: Նախ ներկայացնենք այն երկխոսությունը որ տեղի ունեցավ երիտասարդներից մեկի եւ ՀՀ նախագահի միջեւ:
Ներկայացնենք, թե ինչ է ասել մեր երկրի նախագահը՝ ի պատասխան երիտասարդներից մեկի հարցին:
– Մեծարգո պարոն նախագահ, արդյոք այդքան բա՞րդ է խնդրի լուծումը, եւ ե՞րբ իրատեսորեն կարելի է ակնկալել խնդրի վերջնական լուծումը:
– Եթե հեշտ լիներ, վաղուց արդեն այդ խնդիրը լուծված կլիներ: Խնդիրն իրոք բարդ է. բարդ, որովհետեւ այն ցավոտ է բոլոր կողմերի համար եւ խոր արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, եւ հիմա շատ մեծ բարդության առջեւ են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետեւ երբեք չեն փորձել, ցավոք՝ հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել եւ ասել՝ գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել, եւ լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ: Վստահ եմ՝ դրա ժամանակը գալու է: Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով նկատի ունեմ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Թեեւ, կրկնում եմ, իսկապես բարդ գործընթաց է: Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետեւողականորեն ատելություն է քարոզվում: Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետեւ սա առաջին տարին չի՝ կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ-մեկ որոշակի նոր ելեւէջներ են մեջտեղ գալիս: Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները՝ Այազ Մութալիբովը, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում՝ թե ինչքան հզոր է Ադրբեջանը եւ ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները եւ ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել եւ այլն: Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ: Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արդյոք այնտեղ տեսե՞լ եք որեւէ մեկի, ով կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Իհարկե՝ ոչ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է, ու ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը, վաղ թե ուշ, միեւնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե երբ, որովհետեւ ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի համար:
Թե ինչն այս խոսքերից դուր չի եկել ադրբեջանական կողմին՝ պարզապես անհասկանալի է, ոչ մի նորություն ասվածում չկա, քանի որ մեր երկրի նախագահը մշտապես Ղարաբաղի հարցում ունեցել է հենց այս դիրքորոշումը, եւ ոչ մի բան գաղտնի չէ, ու այդ մասին Ադրբեջանը շատ լավ գիտի: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ՀՀ նախագահի այս խոսքերի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Հայաստանի նախագահն ուզում է ձախողել բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վստահաբար կարող ենք պնդել, որ այս նույն խոսքերը բազմիցս լսել է նաեւ բանակցություններին մասնակցող Ադրբեջանի նախագահը, ուրեմն՝ արդյոք այդ մասին տեղյակ չի՞ պահել իր երկրի արտաքին գերատեսչությանը, եթե տեղյակ է պահել, ուրեմն ինչո՞ւ են հոխորտում նորից ու կրկին:
ՀՀ նախագահին երիտասարդները նաեւ ընտրական գործընթացներից հարց ուղղեցին, անգամ հայտարարեցին, թե պատրաստ են օգտակար լինել ընտրական գործընթացներում: Ի պատասխան այս պատրաստակամության՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ուզում եմ, որ ձեր մասնակցությունը լինի շատ ակտիվ, ուզում եմ, որ ոչ միայն «Միասին» շարժումը, այլեւ ամբողջ երիտասարդությունը իր վրա պարտականություն վերցնի ընտրություններին շատ ակտիվ մասնակցելու՝ եւ ընտրելու, եւ ընտրվելու, բայց նաեւ՝ նորմալ, որակյալ, արդար ընտրություններ անցկացնելու առումով: Դուք դա կարող եք անել եւ պետք է անել: Դուք պետք է պատրաստ լինեք ոչ միայն ընտրելու, այլ նաեւ ընտրվելու, որովհետեւ ընտրությունները նաեւ դա են ենթադրում: Այնպես որ, ձեռքներդ պիտի քշտեք, ավելի ստվարացնեք ձեր շարքերը եւ փորձեք դուք էլ գործոն դառնալ, կոնկրետ «Միասին» շարժումը գործոն դառնա մեր հասարակության մեջ, եւ փորձեք ձեր գաղափարները հասցնել ուրիշներին»: