Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹԱՔՆՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Օգոստոս 23,2011 00:00

\"\"Ասում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը

– «Սարդարապատ» շարժման հայտարարությանը ՀԱԿ 7 երիտասարդների արձագանքից հետո սոցիալական ցանցերում եւ մամուլում քննարկումների փաստարկներից է, թե ՀԱԿ-ին վիրավորելուց հետո պետք է պատրաստ լինեիք լսել պատասխան վիրավորանք. դուք իրենց անվանել էիք անհոդաբաշխ ֆանատիկոսներ, ստրկամիտ եւ վախկոտ կեցվածք ունեցողներ, ՀԱԿ երիտասարդներն էլ վերադարձրին «վախկոտ եւ ստրկամիտ» որակումները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հակափաստարկին:
– Մենք գիտակցաբար եւ ընդհանուր որոշմամբ չմասնակցեցինք այդ բանավեճերին, քանի որ որեւէ նոր բան չէինք ասելու՝ շարունակում ենք մնալ այն կարծիքին, որը հայտնել էինք մեր հայտարարության մեջ:
Մենք այդ երիտասարդներին աջակցություն էինք հայտնել, իսկ այն որակումները, որոնք այդքան հուզմունք եւ աղմուկ են առաջացրել՝ վերաբերում են ոչ թե երիտասարդներին, այլ ՀԱԿ ղեկավարներին: Վերջիններս, մեր գնահատականով, այդ պատասխան հայտարարությունն օգտագործեցին որպես պատնեշ՝ թաքնվելով երեխաների հետեւում: Այդ հայտարարության հեղինակներն, ամենայն հավանականությամբ՝ իրականում հենց իրենք են, այլ ոչ թե երիտասարդները:
– Սակայն հենց այդ հայտարարության մեջ է նշվում, թե փորձում եք «սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թեւի ու նրա ղեկավար կառույցների միջեւ»:
– Դա իրենց գնահատականն է: Մենք պատրաստ ենք պատասխան տալ ամեն խոսքի համար, որ գրվել էր մեր հայտարարության մեջ: Մենք շարունակում ենք նույն կերպ որակել «երկխոսություն», իսկ իրականում գործարք անող քաղաքական ուժին, որն այդ երիտասարդների ձերբակալության փաստով եւս մի ապացույց ստացավ, թե ում հետ են իրենք նստել գործարքի:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք հայտարարության մեջ առկա պնդումը, թե որեւէ լարված պահի Ձեր ընկերներին «ոչ ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց եւ ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետեւողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից»:
– Դա, մեղմ ասած, ճիշտ չէ: Բավական է հիշել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների օրերին մեր գործողությունները եւ բազմաթիվ այլ դեպքեր՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի գիշերներից, վերջացրած բոլոր այն դեպքերով, երբ վտանգվում էին ժողովրդի շահերը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա դիմադրություն եւ բռնապետությունը տապալելու փորձ: Իսկ այն, որ մեզ չեն նկատում՝ իրենց խնդիրն է: Միգուցե տեսողության հետ խնդիրնե՞ր ունեն մարդիկ, ովքեր հրապարակներում չեն նկատում ուրիշներին, ու թե ինչ է քաղաքական դաշտում կատարվում ամիսներ շարունակ:
– Վերջում պիտի խնդրեմ անդրադառնալ «Սարդարապատի» մասին այն կշտամբանքներին, թե պատահական չէ, որ շարժման շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, եւ ամենակարեւորը, որ չի կարելի չարաշահել հեղափոխական հռետորաբանությունը, եթե իրական հեղափոխություն չես անում:
– Թեեւ ես չեմ հետեւել սոցիալական կայքերում ծավալված բոլոր բանավեճերին, բայց ակնհայտ էր, որ դրանց մասնակիցների թիվը հաստատ անցնում էր գոնե մեկ տասնյակը: Ընկերներս ասում էին, որ բազմաթիվ էին այն մարդիկ, ովքեր միջամտել են այս բանավեճին եւ իրենց որակումները տվել ի պատասխան այդ հայհոյանքների կամ, ինչպես անվանեցիք՝ կշտամբանքների: Կարծում եմ, բավական է հաշվել, թե քանիսն են միջամտել՝ պաշտպանելով Ժիրայր Սեֆիլյանին (թեեւ Ժիրայրը պաշտպանության կարիք չունի). անգամ նրանց թիվը հասնում է հարյուրների: Այնպես որ՝ դա լավագույն պատասխանն է այն հարցին, թե տա՞սը հոգի ենք մենք, թե՞ ավելին: Թե քանիսն ենք մենք՝ կերեւա այն ժամանակ, երբ հրապարակներում կառաջադրվի նույն հարցը, որը առաջադրվել էր Եգիպտոսում, իսկ երեկ առավոտ առաջադրվեց Տրիպոլիում:
Հ. Գ. ՀԱԿ երիտասարդներն ընդունել են Ժիրայր Սեֆիլյանի՝ քաղաքակիրթ քննարկման առաջարկը։ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը երեկ tert.am-ին ասել է. «Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետեւյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ ու հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով եւ չունենք ավելացնելու որեւէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ։ Եվ հրավիրում ենք այցելել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ ու քննարկել նրան մտահոգող ցանկացած հարց՝ հատկապես հաշվի առնելով, որ պարոն Սեֆիլյանը համակարգողն է Կոնգրեսի մաս կազմող «Հայ կամավորական համախմբում» քաղաքական նախաձեռնության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել