Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 20,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանհինգերորդ

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ

Եվ առաջին հերթին մեր թագավորներն ու իշխանավորները պիտի մեր պատմիչների պատմություններով հիանային, բայց դժվար թե հիացած լինեն, որովհետեւ ցանկացած պատվիրատու պատվերը կատարողից ընդամենը պատվերի կատարում է ակնկալում՝ ոչ ավելի եւ ոչ էլ պակաս, եւ եթե պատվեր կատարողը կատարում է ավելին՝ քան պատվերն է, եւ եթե նույնիսկ միանգամայն դրական իմաստով է էդ պատվերը գերակատարվում, միեւնույն է, էլի պատվիրատուին չի գոհացնում, որովհետեւ ցանկացած պատվիրատու ոչ թե դարերի համար ու դարերի կտրվածքով է մտածում, այլ միայն ու միայն՝ տվյալ պահի համար ու տվյալ պահի կտրվածքով, եւ եթե մեր պատմիչների գրածների էֆեկտը  դարեր անց է միայն երեւում ու երեւակվում, պարզից էլ պարզ է, որ մեր պատմիչների գրածները մեր թագավոր ու իշխանավոր պատվիրատուներին չէին կարող գոհացնել ու հիացնել, որովհետեւ երբ մեր պատմիչները սովորական պատմության փոխարեն գեղարվեստական արձակ ու մոգական ռեալիզմ էին ստեղծում, աշխարհում ոչ միայն մոգական, այլեւ սովորական ռեալիզմ էլ գոյություն չուներ, եւ, բնականաբար, մեր թագավոր ու իշխանավոր պատվիրատուները չէին կարող ոգեւորվել  մեր պատմիչների գեղարվեստական ոճերով ու հանճարով, եւ դժվար հասկացողների համար պիտի  անպայման նշեմ, որ մոգական ռեալիզմ ասելով՝ ոչ թե մոգերի մասին մեր պատմիչների գրածները նկատի ունեմ, այլ՝ իսկապես մոգական ու վերերկրային լիցքերով տոգորված էն բոլոր գրվածքները՝ որ գրված ու արարված են մեր պատմիչների ձեռամբ, եւ որ Մարկեսի ու լատինամերիկյան մյուսների գրվածքների  ակունքները մասնագետներն առ էսօր մեր պատմիչների գրվածքները չեն համարում, դրա պատճառն էն է, որ հայերենն ու մանավանդ գրաբարը միջազգային լեզու չեն, եւ դա հատկապես Մարկեսի բախտից է, որովհետեւ եթե հայերենն ու մանավանդ գրաբարը միջազգային ճանաչում ու նշանակություն ունենային, համաշխարհային գրականության մասնագետներն ու մանավանդ համաշխարհային նշանակության մշակութաբաններն աջուձախ գրելու ու հայտարարելու էին, որ Գաբրիել Գարսիա Մարկեսն անմիջականորեն մեր Խորենացուց, մեր Եղիշեից, մեր Բուզանդից ու հատկապես մեր Ագաթանգեղոսից է լիուլի օգտվել, բայց, շատերի ու հատկապես Մարկեսի  բախտից, հայերենն ու գրաբարը միջազգային ճանաչում ու նշանակություն չունեն, եւ համաշխարհային նշանակության գրագետներն ու մշակութաբանները մոգական ռեալիզմի ակունքները որեւէ այլ տեղ չհայտնաբերելով՝ հենց Գաբրիել Գարսիա Մարկեսին են մոգական ռեալիզմի հիմնադիր հռչակել՝ վերջինիս Նոբելյան մրցանակի արժանացնելով ու միջազգայնացնելով, եւ, խոսքը մեր մեջ, համաշխարհային նշանակության մշակութաբաններին ու գրագետներին էլ առանձնապես մեղադրելու չի, որովհետեւ Մարկեսի պես սրանք էլ հայերենից ու մանավանդ գրաբարից բացարձակապես անտեղյակ են եղել, եւ եթե նույնիսկ տեղյակ էլ լինեին, միեւնույն է, մեր Խորենացին, մեր Եղիշեն, մեր Բուզանդը, մեր Ագաթանգեղոսն ու մեր մյուսները գրականության Նոբելյանին չէին արժանանալու՝ էն պարզ պատճառով, որ իրենք ու իրենց գրվածքները Նոբելյանից եւ այլեւայլ մրցանակներից առաջ են եղել. ավելին. մեր Խորենացին, մեր Ագաթանգեղոսն ու մեր մյուսները նույնիսկ գեղարվեստական արձակ կոչվող երեւույթից են առաջ եղել, եւ մեր Խորենացին, մեր Եղիշեն ու մեր մյուսները գեղարվեստական  արձակից գաղափար չունենալով՝ անկախ իրենցից միանգամայն գեղարվեստական եւ միանգամայն  մոգական արձակ են մոգոնել. այսինքն, ինչպես միշտ, սկզբում գործն է եղել, հետո նոր միայն՝ գործի մասին կարծիքներն ու գնահատականները. այսինքն, շատ դարեր առաջ Հին Հայաստանում էդ մոգական ռեալիզմ կոչվածը մեր Խորենացու, մեր Բուզանդի ու մեր մյուսների ձեռամբ նախ արարվել է, այնուհետեւ, արդեն Մարկեսից հետո, էդ մոգական ռեալիզմ կոչված երեւույթն է բացահայտվել ու բացատրվել, ճիշտ այնպես, ինչպես որ՝ նախ իմպրեսիոնիստներն են եղել, հետո նոր՝ իմպրեսիոնիզմը, եւ նույն կերպ էլ՝ նախ Կանդինսկին ու իր աբստրակցիաներն են եղել, հետո նոր միայն՝ աբստրակցիոնիզմը, եւ նույն կերպ ահա՝ իմ էս անավարտ վեպն է առաջին անգամ ստեղծվում, եւ առաջինը լինելով՝ չի կարող անմիջապես հասկացվել ու գնահատվել, որովհետեւ էս պահի դրությամբ ոմանք կարծում են թե՝ նախքան էս վեպս էլ են անավարտ վեպեր գրվել ու եղել, քանզի մշակութաբաններն ու մասնագետները դեռեւս էն աստիճանի չեն հասունացել, որպեսզի հասկանան, որ ինձնից առաջ գրված անավարտ վեպերը ոչ թե իբրեւ անավարտ վեպ են  հղացվել ու գրվել, այլ պարզապես դրանց հեղինակների մահվան պատճառով են անավարտ մնացել, եւ միակը իմն է՝ որ անկախ ամեն ինչից է անավարտ եղել ու լինելու, եւ դա ոչ էնքան իմ շնորհիվ է, որքան՝ պատահականության, ավելի ճիշտ՝ Աստծո կամոք, որովհետեւ էսքան շատ ու էսքան ձեռնտու պատահականություններ միայն Արարիչն է ի վիճակի արարել ու կողք-կողքի համադրել. նախ՝ միայն Աստծո կամոք էի կարող էս վերջին վեց ու յոթ տարիներս ապրել ու էս տասներկու հատորներս գրել. տպագրելու մասին չեմ էլ խոսում, որովհետեւ ես միայնակ՝ առանց Բարձրյալի  միջնորդության ու միջամտության չպիտի կարողանայի համոզել Աբրահամյան Արամին՝  վերջին վեց ու յոթ տարիների էս ամբողջ գրածս իր թերթում տպագրել. էլ չեմ խոսում էն մասին, որ Աստծո կամքի առկայությամբ նախ «Առավոտը» պիտի գոյատեւեր ու տպագրվեր, հետո նոր միայն՝ էս անավարտն ու անվերջանալին, եւ, փաստորեն, երկուսն էլ եղան ու Աստծո կամոք դեռեւս շարունակվում են, ընդ որում՝ իմն էնքան շարունակվեց, որ էս վեպիս հետ կապված  սպորտային հետաքրքրություններս էլ ի չիք եղան, եւ եթե յոթերորդ հատորիցս հետո Արամի հետ նպատակադրվել էինք Գինեսի ռեկորդների գիրք սողոսկել՝ «մամուլում ամենածավալուն հրապարակում» նոմինացիայով,  հիմա, երբ «Առավոտում» արդեն տասներորդ հատորս է ծայրեծայր տպագրված, էդ սպորտային հետաքրքրությունը մեջներիցս մեկից ու հանկարծակի չքվեց, որովհետեւ երկուսս էլ իրարից անկախ ու գրեթե միաժամանակ հասկացանք, որ մեր էդ Գինեսի ռեկորդը չափազանց կարճ կյանք է ունենալու՝ ընդամենը մի շաբաթվա կյանք, եւ ընդամենը մի շաբաթվա ընթացքում գրողական ու լրագրային մեր էդ ռեկորդը խփվելու ու գերազանցվելու է, ընդ որում՝ խփվելու ու գերազանցվելու է մեր իսկ ձեռամբ, քանի որ իմ էս անավարտն առաջիկայում էլ շարունակվելու ու չի ավարտվելու, եւ միայն Աստծուն է հայտնի՝ երբ կդադարի ու կընդհատվի. այսինքն, հիմա արդեն ձեզ համար էլ հասկանալի դարձավ, որ անհեթեթ ու անիմաստ է Գինեսի գիրք մտցնել մի ռեկորդ, որն ընդամենը մի շաբաթվա կյանք է ունենալու, եւ, դրանից էլ բացի, արդեն դուք էլ հավանաբար հասկացաք, որ ինձ առնչվող հարցերն ավելի շատ ուրիշներից են կախված, քան՝ ինձանից, իսկ ավելի ճշգրիտ՝ ինձ առնչվող հարցերը լուծվում են հիմնականում ուրիշի ու հանգամանքների շնորհիվ, եւ ուրիշ որ ասում եմ, վերստին Բարձրյալին նկատի ունեմ, չնայած իմ ու ձեր մինուճար Աստծուն ուրիշ անվանելն առնվազն անշնորհքություն է, եւ հատկապես իմ դեպքում է անշնորհքություն, որովհետեւ, ինչպես երեւի դուք էլ համոզվեցիք, հիմնականում Ինքն է իմ հարցերով զբաղվում եւ դրանց այս կամ այն լուծումը տալիս, եւ եթե համոզվում ես, որ Ինքն է հարցերիդ լուծումներ տվողը, սկսում ես քեզ ու Իրեն նույնացած զգալ, բայց, նույնանալով հանդերձ, չպիտի էնքան նույնանաս, որ ժամանակ առ ժամանակ քեզ Աստված կարծելով՝ ծիծաղելի վիճակների մեջ հայտնվես. ընդհակառակը. նույնանալով հանդերձ, մշտապես պիտի պատկերացնես ու հասկանաս, որ դու ընդամենը ոչինչ ես, որը գումարվելով Միավորին՝ թեպետ էական որեւէ բան չի ավելացնում, բայցեւ էական որեւէ բան չի էլ պակասեցնում Միավորից, եւ եթե էս տարրական բաները պատկերացնես ու հասկանաս, արդեն որեւէ վտանգ չես ներկայացնի, ի տարբերություն էն գումարվողների, որոնք Միավորին գումարվելով՝ չեն զգում ու չեն հասկանում, որ Միավորին գումարվելով՝ էական որեւէ բան չեն գումարում Միավորին, եւ քանի որ իրենց ոչինչ լինելը չեն հասկանում, անմիջապես եւեթ թյուրիմացության մեջ հայտնվելով՝ սկսում են իրենց Միավորի հետ նույնացնել, եւ Միավորի հետ իրենց նույնացնելով ու թյուրիմացության մեջ հայտնվելով՝ սինքրոն նաեւ ծիծաղելի վիճակների մեջ են հայտնվում, եւ թյուրիմացության ու ծիծաղելի վիճակների մեջ հայտնվելով՝ ոչ միայն իրենց ոչինչ լինելն են մոռանում, այլեւ չեն զգում ու չեն հասկանում, որ իրենց ոչինչ լինելը մոռանալով՝ արդեն նույնիսկ ոչինչ լինելուց էլ են զրկվում ու վերածվում են ոչնչության, ավելի ճշգրիտ՝ կատարյալ ոչնչության, եւ չնայած էս կատեգորիայի մարդիկ ոչինչ լինելուց զրկվելով ու կատարյալ ոչնչության վերածվելով՝ իրենց էդ փոփոխությունը չեն զգում ու չեն էլ նկատում, կողքից նայողների աչքում էդ փոփոխությունը չափազանց երեւացող ու չափազանց երեւելի է՝ ոչ միայն էն պատճառով, որ կողքից նայողն ավելի լավ է տեսնում երեւացող ու երեւելի փոփոխությունները, այլեւ էն իմաստով, որ ոչնչից ոչնչության վերածված անձինք սովորաբար զրկված են իրենք իրենց կողքից նայելու ու տեսնելու հնարավորությունից, ես կասեի՝ շնորհից, ու էս շնորհ բառն էս դեպքում միակն ու ճշգրիտն է, ու էս բառի ճշգրտությունը ձեր խոնարհ ծառան լավ է գիտակցում, որովհետեւ, ինչպես յուրաքանչյուր ոք, ձեր խոնարհը նույնպես իր ունեցածը կորցնելուց հետո է միայն հասկանում ու ընկալում կորցրածի  ողջ նշանակությունն ու երեւելիությունը, եւ էս ասածիցս նաեւ բխում ու ենթադրվում է, որ դույն  մարդ արարածը ոչնչից ոչնչության  վերածվելով՝ այնուհետեւ վերստին ոչինչ դառնալու ու լինելու հնարավորություն է ստանում եւ ունենում, եւ դա վերստին կատարվում ու տեղի է ունենում Բարձրյալի շնորհիվ ու թույլտվությամբ, եւ Բարձրյալն էդ  շանսն ամենքին է տվել ու տալիս, որովհետեւ Բարձրյալը ոչնչից մեզ ստեղծելով՝ մեր ոչնչություն դառնալու կապակցությամբ ամենից ավելի  է ցավում ու կսկծում, որովհետեւ Բարձրյալը մեզ բոլորիս կողքից եւ բոլոր կողմերից նայելու ու ուսումնասիրելու հնարավորություն ունի, ճիշտ այնպես, ինչպես քանդակագործն է իրավասու իր ստեղծած քանդակներին կողքից ու բոլոր կողմերից նայել, եւ ինչպես քանդակագործն իրավունք ու հնարավորություն ունի իր ստեղծած քանդակները վերանայել ու վերափոխել, նույնպեսեւ Արարիչ Բարձրյալն իր ստեղծածներին վերանայելու ու վերափոխելու իրավունք ու հնարավորություն ունի. ավելին.  Արարիչ Բարձրյալը, ցանկացած քանդակագործի պես, իր տվյալ ստեղծագործությանը կողքից, վերեւից ու  բոլոր կողմերից  նայելով եւ տվյալ ստեղծագործության արատներն ու թերությունները բոլորեքյան նկատելով եւ տեսնելով՝ իրավունք ունի ընդհանրապես ու հիմնովին ջնջել ու վերացնել իր անհաջող ու չստացված ստեղծագործությունը, եւ չնայած Արարչի էդ ջնջելն ու վերացնելը մահկանացուներս պատիժ ենք համարում, իրականում էդ գործողությունը պատժի հետ որեւէ կապ չունի. ավելին. երբ քանդակագործն իր տվյալ ու կոնկրետ ստեղծագործությունը ջնջելով վերացնում  է,  դրանով ոչ թե իր իսկ ստեղծած արատավորն է ոչնչացնում, այլ իր իսկ ստեղծագործական անկատարությունն է վերացնում, որպեսզի հետագայում նույն նյութից ավելի հաջողներն արարի ու ստեղծի, եւ նույն կերպ էլ Արարիչ Բարձրյալն արատավոր ու անկատար մահկանացուներիս հետ է վարվում, բայց, ի տարբերություն սովորական ու մահկանացու քանդակագործների, Արարիչ Բարձրյալը ոչ թե անմիջապես ու մի հարվածով վերացնում ու ոչնչացնում է իր իսկ ստեղծած թերի ու անհաջող տարբերակները, այլ էդ անհաջողներին վերափոխվելու ու հաջողվելու լիուլի հնարավորություններ ու շանսեր է տալիս, ընդ որում՝ միանգամայն ինքնուրույն վերափոխվելու, չնայած, այդուհանդերձ, Իրենից կախված ամեն ինչ անում է՝ նպաստելու էդ ինքնուրույն վերափոխմանը, եւ հենց հիմա ու հենց էս պահին ձեր խոնարհ ծառան էդ ինքնուրույն վերափոխման ու բարեփոխման փուլում է գտնվում, եւ ասածս վերստին բուքմեյքերական  մղձավանջներից ազատվելուն ու ազատագրվելուն է վերաբերում, եւ մղձավանջներից ինքնուրույնաբար ազատվելու ու ազատագրվելու գործընթացը ոչ թե տաժանակիր ինչ-որ աշխատանք է, այլ՝ սովորական եւ նույնիսկ միանգամայն հաճելի կյանք, ու էս միանգամայն հաճելին ոչ թե ինչ-որ նոր կյանք է, այլ՝ հնի բնական շարունակությունը, որովհետեւ եթե մարդ արարածի սխալական լինելը բնական ենք համարում, էդ սխալներից ճողոպրելու ջանքերն ու ճիգերն էլ պիտի բնական ընթացք ու գործընթաց համարենք, եւ մեզ սխալվելու իրավունք ու հնարավորություն ընձեռած Բարձրյալը մեզ մեր սխալներն ուղղելու ավելի մեծ իրավունքներ ու հնարավորություններ է ընձեռում, ու մենք մեր էս բարեփոխման ճանապարհին էլ պիտի մեր զգոնությունը պահենք ու ավելորդ չմեծամտանանք, որովհետեւ էս ինքնաբարեփոխումն էլ հեշտ գործ չի ու քչերին է, փաստորեն, հաջողվում, եւ եթե ոմանց համեմատաբար հեշտ է հաջողվում, էդ հաջողակներից ոմանք շատ հաճախ իրենց էդ հաջողությունից գլուխները կորցնում են՝ մտածելով ու ենթադրելով, որ եթե ինքնաբարեփոխման գործընթացն իրենց էդքան հեշտությամբ հաջողվեց, ուրեմն՝ իրենք մյուսներիցս ավելի շնորհալի ու արժանավոր են, եւ հաճախ էլ դրա ճիշտ հակառակն է լինում ու տեղի ունենում. այսինքն, պատահում է նաեւ, որ մեկ ուրիշն էդ նույն ինքնաբարեփոխության ճանապարհին անհաջողության մատնվելով՝ սկսում է մտածել ու կարծել թե՝ ինքն ուրիշներից անհամեմատ անարժան ու ապաշնորհ է, եւ էս երկրորդ տարբերակը հատկապես ինձ հետ է տեղի ունենում՝ երբ հերթական անգամ  փորձում եմ ծխելը թարգել, եւ, ինչպես արդեն ասել եմ, ընդամենը մի քանի ժամ եմ դիմանում առանց ծխելու ապրելուն, բայց էս ամենի մասին էսպես ու էսքան  գրելով՝ նաեւ չեմ ուզում, որ թյուրիմացության մեջ ընկնելով մտածեք թե՝  ես առավոտից իրիկուն ինքնամաքրման ու ինքնաբարեփոխման էս գործընթացների մեջ եմ դեգերում. ինքնաբարելավման ու ինքնաբարեփոխման բազում փորձերս նկատի ունենալով՝ ընդամենը ուզում եմ խոստովանել, որ երբեւէ էսքան մոտ չեմ գտնվել բուքմեյքերական կախվածությունից փրկվելու ու ազատվելու տեսլականին, ավելի ստույգ՝ էդ տեսլականի տեսլազերծմանն ու ապատեսլականացմանը, եւ չնայած նախկին փորձերիս դեպքերում էլ է նույնը թվացել, այդուհանդերձ, էս անգամվանն ամենավերջինն ու ամենահաջողվածը լինելով՝ սպասելիքներս առանձնապես չի  արդարացնում, ընդ որում՝ առաջին հերթին առողջական ու առողջարարական իմաստով չի արդարացնում. ավելի պարզ ու հասկանալի ասած՝ էս պահի դրությամբ ոչ սրտիս աշխատանքն է առանձնապես կարգավորվել, եւ ոչ էլ՝ շաքարիս հետ կապված հարցերը. ավելին. էդ ամենին գումարվել է ճնշումս, եւ չնայած նախկինում էլ եմ ճնշում ունեցողների նվնվոցներից ենթադրել, որ ճնշում  ունենալն առանձնապես անցանկալի երեւույթ է, հիմա սեփական մաշկիս ու հատկապես գլխիս վրա էդ ողջ  անցանկալիությունը կրելով՝ սկսում եմ նաեւ գիտակցել, որ ինձնից առաջ նվնվացողներն ամենեւին էլ ձեւեր չեն արել, եւ որ՝ ճնշում չափող էս անհեթեթ ու ժամկետանց գործիքից կախվածությունը շատ ավելի տհաճ երեւույթ է, քան նույնիսկ՝ բուքմեյքերական տարածքներից ու մթնոլորտից էդ շարունակական ու անվերջանալի կախվածությունը, եւ չնայած առաջին հերթին առողջականս ու հետո նոր միայն ֆինանսականս կարգավորելու նպատակով  էի որոշել ձեռ քաշել բուքմեյքերական էդ վնասակար ու վտանգավոր հարաբերություններից, այդուհանդերձ, բուքմեյքերականից բուքմեյքերական էս անվտանգ երթեւեկությանս մեկուկեսամսյակի ընթացքում ոչ առողջականս է կարգավորվել եւ ոչ էլ մանավանդ ֆինանսականս, եւ հիմա էս ուղղությամբ որ մտածում եմ, սկսում եմ ենթադրել, որ ես ու օրգանիզմս արդեն անդառնալիորեն ենք վարժվել բուքմեյքերական էդ աննորմալ կյանքին ու հարաբերություններին, եւ հիմա, երբ նորմալ կյանք եմ վերադարձել, ավելի ճիշտ՝ հիմա, երբ հերթական անգամ փորձում եմ նորմալ կյանք վերադառնալ, պարզվում է, որ նորմալն արդեն ինձ ու օրգանիզմիս միանգամայն հակացուցված է. այսինքն, էն ամենը՝ որ ուրիշների համար աննորմալ է, ինձ ու օրգանիզմիս համար ավելի քան նորմալ է, եւ չնայած ծխելուս էս քառասունհինգ երկարուձիգ տարիների ընթացքում ոչ մի անգամ չհաջողացրի ծխելը թեկուզեւ մի քանի ժամով թարգել, հիմա նորմալի ու աննորմալի մասին էսպես նորովի մտածելով՝ սկսում եմ նաեւ ենթադրել, որ ծխելը թարգածներից ոչ բոլորն են ծխելը թարգելուց հետո իրենց հոգեպես ու ֆիզիկապես բարելավված ու բարեփոխված զգում, եւ սա ոչ թե ընդամենը ենթադրություն է, այլեւ՝ փաստացի իրականություն, որովհետեւ նորմալի ու աննորմալի շուրջ մտորումներս էսպես շարունակելով՝ սկսում եմ մեկ առ մեկ հիշել ծխելը թարգածներից նրանց, ովքեր ծխելը թարգելով՝ իրենց իսկական կրակն են գցել, ու էդ կրակն ուղեկցվել է սրտխառնոցներով ու լնդերի բորբոքումներով. այսինքն, էդ մարդիկ, որոնք, ի տարբերություն ինձ, հաջողացրել են գոնե ժամանակավորապես ծխելը թարգել, շուտով էս ասածս բարդություններին հանդիպելով՝ անմիջապես վերսկսել են ծխելն ու բքելը՝ վերջնականապես հասկանալով, որ իրենք ու իրենց օրգանիզմներն էնքան են վարժվել ծխախոտի հանապազօրյա թույնին, որ առանց էդ թույնի առկայության այլեւս ի վիճակի չեն գոյատեւել ու գործել, եւ նույնիսկ դեպքեր են եղել, երբ ծխելը թարգածի սրտի աշխատանքն է կտրուկ վատացել. ավելին. եղել են նաեւ դեպքեր, երբ ծխելը թարգածը ծխելը թարգելուց հետո ինֆարկտ է ստացել, եւ չնայած երբեւէ չեմ հաջողացրել ծխելը թարգել, համարյա համոզված եմ, որ թարգելու դեպքում ինձ էս անհաջող ու անցանկալի հետեւանքներն են  սպառնում, որովհետեւ, չնայած ծխելը թարգելու փորձ բացարձակապես չունեմ, ծխելը պակասեցնելու փորձ լիուլի ունեմ, ու հենց էս պահին էլ՝ երբ էս բաները գրում եմ, ծխելը կտրուկ պակասեցրել եմ՝ հասցնելով ժամում մի հատիկի, եւ արդեն երրորդ օրն է՝ դա, կարելի է ասել, հաջողվում է ինձ, եւ հենց էս պահին էլ ժամացույցին նայելով՝ էդ ուղղությամբ եմ մտածում ու հենց էս ուղղությամբ բառի վրա նոր գլանակ վառեցի, որովհետեւ հենց էս բառի վրա ցերեկվա տասներկուսն ավարտվեց, ու ցերեկվա  մեկն սկսվեց, ու տասներկուսի հետ լարվածությունս էլ ավարտվեց, եւ հիմա արդեն  խաղաղված հոգով էսօրվա էս երրորդ գլանակիս ծուխն անմնացորդ կլանելով՝ մտածում ու ենթադրում եմ, որ եթե ժամը մեկ ծխելս ինձ էս վիճակին ու էս լարվածությանն է հասցնում, ծխելն ընդհանրապես թարգելու դեպքում սիրտս ու նյարդերս ընդհանրապես չէին դիմանա, եւ ես, փաստորեն, մեկն եմ նրանցից՝ ում վիճակված չէ ծխելը թարգելուն դիմանալ, ու էս ասածս ինձ համար մշտական արդարացում ու ինքնարդարացում է, եւ երբ հարազատներս ու մոտիկներս ինձ հարցնում են՝ «ինչի՞ ծխելը չես թարգում», ես ոմանց փորձը նկատի ունենալով ասում եմ՝ «հենց ծխելը թարգեմ, ավելի կվատանամ» ու էս ասելով՝ առանձնապես մեծ սուտ չեմ ասում ու նաեւ համոզված եմ, որ հատկապես էս սուտս մահացու մեղքերի շարքում չի ընդգրկվի, քանի որ ներքին համոզվածություն ունեմ, որ էս սուտս առանձնապես մի սուտ էլ չի, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ եթե երբեւէ ինձ հաջողվեր գոնե ժամանակավորապես ծխելը թարգել, էդ անհաջողակ թարգողների պես ավելի էի վատանալու, որովհետեւ եթե ծխելս պակասեցնելով ու ժամում մի հատիկի հասցնելով՝ էսաստիճան լարվում ու նյարդայնանում եմ,  պատկերացրեք՝ ինչքան ավելի կնյարդայնանայի ու կխեղվեի, եթե ընդհանրապես ծխելը թարգած լինեի, եւ եթե առ էսօր ինձ չի հաջողվել գոնե ժամանակավորապես ծխելը թարգել, էդ  բնավ չի նշանակում թե՝ ինքս իմ մասին ենթադրություններ անելու իրավունք չունեմ. ավելին. եթե ժամում մի հատիկի անցնելով՝ էսաստիճան լարվում, խեղվում ու խեղաթյուրվում եմ, ամենայն պատասխանատվությամբ իրավունք ունեմ ենթադրել, որ ծխելն իսպառ թարգելու դեպքում տասնապատիկ ու հարյուրապատիկ էի խեղվելու ու խեղաթյուրվելու, ու էս ենթադրությունս ոչ միայն սուտ չի կարելի համարել, այլեւ, ցանկության դեպքում իհարկե, կարելի է միանգամայն ուսանելի ենթադրություն ու եզրակացություն համարել՝ հենց թեկուզ  բժշկության ու բժշկագիտության տեսանկյունից, որովհետեւ անհաջողակ թարգողներից  որեւէ մեկը ոչ միայն էսպես գրավոր չի շարադրել ծխելը թարգելու հետ կապված դժվարությունների ու բարդությունների մասին, այլեւ նույնիսկ բանավոր էլ իր հարազատներին, բարեկամներին ու մանավանդ չարակամներին չի նախազգուշացրել ծխելը  թարգելու հետ կապված  էս բարդությունների ու բացասական հետեւանքների մասին, մինչդեռ անհրաժեշտ էր էդ անել, որովհետեւ ծխելը թարգողները ծխելը թարգելուց առաջ սովորաբար ամենապայծառ գույներով երեւակայում են թե՝ ծխելը թարգելու հաջորդ իսկ օրն իրենց միանգամայն դրախտային տրամադրություններ,  հոգեվիճակներ ու իրավիճակներ են սպասվում, եւ երբ միանգամայն հակառակ հոգեվիճակների ու իրավիճակների են դեմ առնում, անմիջապես հիասթափվում են կյանքից, ճակատագրից,  իրենցից ու ամեն ինչից:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել