Հայտնի է, որ սննդամթերքի անվտանգության ապահովումը պետության կարեւորագույն գործառույթներից մեկն է, որն ուղղված է սպառողների առողջության եւ անվտանգության պաշտպանությանը: 2002թ. հունվարի 28-ի Եվրախորհրդարանի եւ Խորհրդի թիվ 178/2002 կանոնակարգով սահմանվել են սննդամթերքի մասին օրենքի ընդհանուր սկզբունքները եւ պահանջները:
ՀՀ-ում նույնպես մշակվել է եվրոպական պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ռազմավարության նախագիծ, որը կերաշխավորի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը եւ կնպաստի եվրոպական շուկայում Հայաստանի սննդամթերք արտադրողների մասնակցությանը: Նախագիծը գյուղնախարարության կոլեգիայի նիստերից մեկում քննարկվելուց հետո գտնվում է լրամշակման փուլում:
Երկրում սկսվել է բանջարեղենի բերքահավաքի եռուն սեզոնը, սակայն գյուղատնտեսական շուկաների վաճառասեղանները հիմնականում ողողված են էժանագին եւ անորակ լոլիկով՝ քարի պես պինդ, հաստակլեպ, ներսից սպիտակ կոշտ գնդիկներով, որը օգտագործելուց հետո մարդու օրգանիզմում կարող են առաջ գալ ստամոքսաաղիքային եւ բազմաթիվ այլ հիվանդություններ, ընդհուպ մինչեւ քաղցկեղ: Անորակ եւ վտանգավոր այդ լոլիկից, ինչպես նաեւ՝ այլ անորակ եւ վտանգավոր գյուղմթերքներից օգտվում է հիմնականում մեր բնակչության (սպառողների) ֆինանսապես ծանր կացության մեջ հայտնված եւ իր գոյությունը հազիվ քարշ տվող զանգվածը: Ոլորտը չի վերահսկվում, սպառողները դժգոհ են, իսկ իշխանություններին, կարծես, չեն էլ հետաքրքրում սեփական բնակչության առողջական խնդիրները:
Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել սննդամթերքի արտադրության շղթայի բոլոր ասպեկտները՝ արտադրությունից մինչեւ մատակարարումը եւ սպառողներին սննդամթերքի վաճառքը: Սա պայմանավորված է այն բանով, որ յուրաքանչյուր տարր կարող է հնարավոր ազդեցություն ունենալ սննդամթերքի անվտանգության վրա:
Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում սերմերի հայաստանյան շուկայում եւ ինչպես են լոլիկի անորակ սերմերը ներթափանցում մեր երկիր: ՀՀ -ում սերմերի շուկան չի վերահսկվում կամ շատ վատ է վերահսկվում, իսկ լոլիկի սերմերի հիմնական մասը ներկրվում է մաքսանենգ ճանապարհով: Բավական է միայն փորձել Արմավիրի կամ Արտաշատի շուկաներից լոլիկի սերմեր գնել եւ վաճառողից հաշիվ-ապրանքագիր պահանջել. լավագույն դեպքում՝ վաճառողը ձեզ կտրամադրի միայն ՀԴՄ կտրոն, որից, սակայն, պարզ չի լինի, թե դուք ի՞նչ եք գնել՝ լոլիկի սե՞րմ, թե՞, օրինակ, բահի պոչ: Այդ սերմերի հիմնական մասը ներկրվում է Թուրքիայից: Դրանք ունեն անհայտ ծագում, անծլունակ են, դրանց շարքում քիչ չեն նաեւ տարբեր հիբրիդները եւ գենետիկորեն մոդիֆիկացված սերմերը: Վերջինների օգտագործումը բնակչության շրջանում քաղցկեղի առաջացման սկզբնաղբյուր կարող է հանդիսանալ: Այդ սերմերը չեն անցնում համապատասխան ստուգում: Էլ չեմ խոսում այն մասին, թե սերմերի մաքսանենգությունից պետությանը որքան ֆինանսական վնաս է հասցվում:
Չար լեզուներն ասում են նաեւ, որ սերմերի շուկայի հետեւում բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, եւ նրանք այդ բիզնեսից մեծ շահույթներ են ստանում: Հետաքրքիր է, մի՞թե գյուղնախարարությունը տեղյակ չէ այդ մասին:
Անվտանգ եւ որակյալ լոլիկի բերք ստանալու համար, որակյալ սերմի ընտրությունից բացի, շատ կարեւոր են նաեւ լոլիկի մշակման ագրոտեխնիկայի ճիշտ կիրառությունը, հողի եւ ոռոգման ջրի աղտոտված չլինելը, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ճիշտ ընտրությունը եւ որակը: Վերջին տարիներին երկրի բազմաթիվ վարելահողեր, լիարժեք չմշակվելու պատճառով, վարակվել են գյուղատնտեսական տարբեր հիվանդություններով եւ վնասատուներով: Գյուղնախարարության համակարգում գոյություն ունի պետբյուջեի միջոցներից սնվող «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ, որի հիմնական նպատակն է հողերի վիճակի ուսումնասիրությունը (նմուշառում, անալիզ) եւ այդ հողերի բարելավման համապատասխան աշխատանքների իրականացումը: Ուզում եմ հարց ուղղել՝ այդ ՊՈԱԿ-ի կողմից երբեւէ ո՞ր գյուղացու հողատարածքից է հողի նմուշառում իրականացվել, կամ ո՞ր գյուղացու հողատարածքում են իրականացվել բարելավման աշխատանքներ: Լավ չի ստուգվում նաեւ ոռոգման ջրի կազմը: Անորակ է եւ թանկ Վրաստանից ներկրվող ազոտական պարարտանյութը: Վերջին տարիներին հողերը հիմնականում հարստացվում են միայն ազոտական պարարտանյութերով, մոռանալով, որ հողերը ֆոսֆորական, կալիումական եւ օրգանական պարարտանյութերով հարստացման կարիք նույնպես ունեն: Պետությունը չի իրականացնում նաեւ թունաքիմիկատների որակի նկատմամբ նորմալ հսկողություն: Երկիր են ներթափանցում նաեւ անհայտ քիմիական կազմ ունեցող կասկածելի թունաքիմիկատներ, որոնց կիրառությունից երբեմն բույսին հասցվող վնասն ավելի շատ է լինում, քան օգուտը: Այս ամենը հանգեցնում է այն բանին, որ հողից բազմաթիվ վնասակար, թունավոր նյութեր բույսի արմատներով եւ ցողունով ներթափանցում են պտղի մեջ, իսկ այնտեղից էլ՝ մարդու օրգանիզմ: Այժմ պատկերացրեք, թե մենք ինչ լոլիկ ենք ուտում: Եվ այսքանից հետո ամպագոռգոռ հայտարարում ենք՝ մեր լոլիկն ուրիշ է: Իհարկե, բերքի ստացման վրա իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ բնության քմահաճ վերաբերմունքը (ցրտահարություններ, կարկուտ, հորդառատ եւ տեւական անձրեւներ եւ այլն):
Այժմ փորձենք տեսնել, թե ով է մեղավոր անորակ եւ վտանգավոր լոլիկի վաճառքի համար:
Մեղադրել գյուղացուն լոլիկի անորակ եւ վնասակար սերմեր ցանելու հարցում, կարծում եմ, սխալ կլինի, քանի որ գյուղնախարարության կողմից չստանալով համապատասխան անհրաժեշտ աջակցություն, յուրաքանչյուր գյուղացի այսօր ինքնուրույն է լուծում իր սերմացուի հարցը: Եվ իր աղքատիկ հնարավորությունների սահմանում ցանում է այն, ինչը որ ձեռքն է ընկնում (անկախ ցանվող սերմի որակից եւ ծագումից): Գյուղացիներն էլ, միմյանց ընդօրինակելով, հիմնականում ցանում են էժան եւ պինդ (երկարադիմացկուն) լոլիկի սերմեր, պատկերացում չկազմելով այդ սերմերի որակի, ծագման եւ հնարավոր վտանգավորության մասին:
Կարծում եմ, այստեղ հիմնական մեղավորը գյուղնախարարությունն է, որը փոխանակ օգնի գյուղացուն՝ նրան տրամադրելով մատչելի գներով լոլիկի անվտանգ սերմեր եւ վերահսկի սերմերի շուկան, որպեսզի անորակ եւ կասկածելի սերմեր չհայտնվեն գյուղացու ձեռքին, աջ ու ձախ գյուղացիներին դատարկ խոստումներ է շաղ տալիս, մասնավորապես՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարում է, որ ի դեմս գյուղնախարարության գյուղացին պետք է տեսնի գործընկերոջ, որը պատրաստակամ է օգնելու նրան ցանկացած հարցում:
Դե օգնեցեք, հարգելի պարոններ, ձեզ ո՞վ է խանգարում:
Իսկ եթե ճիշտը կուզեք իմանալ, ապա այս ամենը գյուղնախարարության եւ առհասարակ կառավարության կողմից մեր երկրում վերջին տարիներին իրականացվող սխալ ագրարային քաղաքականության արդյունք է:
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Ֆերմերային Շարժում»
հ/կ նախագահ,
գյուղնախարարության կոլեգիայի անդամ