«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցության արդյունքում, այսուհետեւ Dasaran.am ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը եւ ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Նախնական փուլում՝ Երեւանի, ապա նաեւ ողջ հանրապետության մասշտաբով բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ծրագրում՝ ստեղծելով միասնական կրթական էլեկտրոնային մեկ համակարգ ու «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր: «Որակյալ կրթությունը երկրի առաջընթացի ամենակարեւոր գրավականներից մեկն է: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում կրթական ոլորտում: Երեխայի համար որակյալ կրթություն եւ դաստիարակություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ամրացնել ընտանիք-դպրոց կապը: Ողջունելի է, որ կրթական գործընթացում այժմ արդեն ներգրավվում են նորարարական մոտեցումներ եւ տեխնոլոգիական միջոցներ»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծնողները, աշակերտները եւ դպրոցի անձնակազմը կարող են անվճար հիմունքներով օգտվել ծրագրից, ինչը ծնողներին հնարավորություն կտա ցանկացած պահի տեղեկանալ երեխայի ուսման առաջընթացի, միջին գնահատականների մասին, հետեւել տնային առաջադրանքներին ու վարքագծին, իսկ աշակերտներին՝ ստեղծել հասակակիցների ու ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ՝ մասնակցելով հատուկ մշակված մրցույթների: Դպրոցների անձնակազմի եւ ուսուցիչների համար Dasaran.am ծրագրի կողմից անվճար հիմունքով կիրականացվեն հատուկ ծրագրավորված դասընթացներ, որոնք ուղղված կլինեն ինչպես համակարգչային գիտելիքների ու փորձառության ձեւավորմանը, այնպես էլ հետագայում՝ հատուկ հմտությունների զարգացմանը: