Բանաստեղծուհի Սոնա Վանի հերոսուհին
2011թ. հուլիսին Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծուհի, «Նարցիս» մշակութային ամսագրի հիմնադիր Սոնա Վանի «Չառա անունով թռչունը» բանաստեղծական չորրորդ ժողովածուի շնորհանդեսը: Սոնայի պոեզիայի հերոսուհուն ներկայացնում է կոմպոզիտոր Արփինե Կալինինան, որը տեւականորեն գտնվել է Սոնա Վանի բանաստեղծական աշխարհում՝ նրա բանաստեղծությունների հիման վրա գրելով բազմաժանր ստեղծագործություններ:
Սոնա Վանի պոեզիան հավաստիացնում է ընթերցողին, որ հրաշքներ գործելն այնքան էլ բարդ չէ, հրաշքներով շրջապատված լինելը՝ առավել հեշտ բան: Նրան ընթերցելիս թվում է՝ գտնվում ես մի տարածքում, ուր ինչ ցանկանաս՝ կիրականանա… Քեզ մի պահ թվում է, թե ամենակարող ես, եւ դժվարություններն ընդամենը դժվարություններ են, որոնք հաղթահարելուց հետո հնարավորություն ես ստանում ավելի շատ հրաշքներ գործելու.
Չգիտեմ ինչու/ այնքան ուրախ եմ/ արթնացել այսօր/ իմն է ընտրությունն/ աստվածաշնչյան/ կուզեմ կքայլեմ/ կուզեմ… կթռչեմ…
Բացի այն, որ Սոնա Վանի պոեզիայի հերոսուհին կարողանում է իր մեջ ամփոփել հրաշքի զգացողությունը, նաեւ կարողանում է շրջապատը դիտել հոգու՝ սթափ եւ սառնասիրտ հայացքով: Հերոսուհին բնական սառնասրտությամբ մերժում է միօրինակ եւ ճապաղ կյանքը՝ համարձակվելով ընդհատել ձանձրալին առանց վարանելու.
Ժամկետը անցած/ կաթից ավելի/ ես/ վախենում եմ/ ժամկետը անցած/ կյանքի / օրերից/ որ թթվեցնում են/ հիշողությունը/ անմահությու՞նը/ ճիշտ/ ժամանակին/ ժամանած/ մահն է/ անմահությունը/ որը փրկում է/ սրտխառնությունից…
Սոնայի հերոսուհին կարեկցանքով, բայց եւ սառնարյուն սթափությամբ պատկերում է պատերազմի արյան անընդհատ հեղեղը, ցավը, դավաճանությունը, կարողանում է առանց դառնության ինքն իրեն խոստովանել.
Արթնանում է նոր օրը անշտապ/ ստվերն ավելի հին՝ քան լույսը/ շրջվում նայում եմ կյանքիս/ բանալու անցքից ասես/ ինչպես օտար/ ու համոզվում նորից/ փչացրել եմ / այո՜/ այն/ անվերադարձ…
Չնայած երբեմն-երբեմն ի հայտ եկող խոցելիությանը, հերոսուհին լեցուն է համարձակ ոգեւորությամբ, կռվում է ցավի, տառապանքի, դաժանության, դավաճանության, արյան անիմաստ հեղման դեմ, կռվում է մահվամբ ոգեւորվող ացտեկի անգթությամբ եւ անսպառ ներշնչանքով. էությամբ անվախ է, գունեղ, ինքնավստահ, անբռնազբոսիկ, երբեմն վայրի.
Ես մարդուց եմ ծնվել/ (կասկած չկա)/ բայց սնել են/ ինձ հովազները հետո…գուցե…/ …առյու՜ծն է աստվածը/ ջունգլիների…գիտե՜ք/ չկան հրեշտակներ/ այստեղ/ սրբեր կամ սատանա/ կրակո՜ցն է փրկում/ կամ կործանում/ այստեղ/ ու արյունո՜տ է տրվում մեզ/ միշտ/ հացը՝ հանապազօր…
Սիրելով աշխարհը՝ ցավով արձանագրում է, որ արյունոտ է հացը հանապազօր, որ արնահոտ է գարնան գիշերվա մեջ բացվող ծաղիկը՝ պատերազմը.
Իսկ հողի տակ/ գիրկընդխառն են ոսկրերը/ թշնամի զինվորների/ գարուն է…մկանի հոտ/ խրախճանք առնետների հավերժական/ որ եղել են մոլորակի սկզբից ու կմնան/ մինչդեռ տղաները դեռ մի քիչ էլ/ կշարժվեն հյուսիս հսկա խմբերով/ բիզոնների նման…ու կվերանան/ ժամանակը վախենում է միայն կրծողներից:
Սոնան ցավով մատնանշում է, որ «այսօր զինվորը մեծամասամբ պատերազմ է գնում սովորական աշխատանքի գնալու պես՝ հիմնականում անկիրք: Սպանում է նրան, ում չի ատում եւ պաշտպանում նրան, ում չի սիրում: Սպանում է, պարզապես, քանի որ կարո՜ղ է սպանել: Աշխարհի ամենավտանգավոր միտումը ինչ-որ գործողություն անելն է, առա՜նց դրդապատճառի»: Ըստ իս, բանաստեղծը հավատում է, որ պոեզիայի օգնությամբ նաեւ մարդկությունը կարող է իր կամոք թեւակոխել մի փուլ, ուր գնահատվում է Աստծո, Տիեզերքի կողմից շնորհված մարդկային կյանքը եւ արյան առատ վարարումն ընդհատված է: Փուլ, ուր մարդկությունը մեջքով շրջված կլինի դեպի պատերազմը եւ կնախընտրի սերը: