Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ

Օգոստոս 20,2011 00:00

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն օրերս հայտարարություն էր ընդունել, որում, մասնավորապես, ասված է. «Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում՝ մի նախագահ, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»: Ըստ ՀՅԴ մամլո դիվանի՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեկնաբանել է այս հայտարարությունը. «Հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցն մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։ Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ՝ առիթը պետք է օգտագործենք – մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում – նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել