Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՆՈՒՄ Է ՄԻ ԽՈՉԸՆԴՈՏ

Օգոստոս 20,2011 00:00

Իշխանության հետ երկխոսության ՀԱԿ պատվիրակության ղեկավարը

\"\"

երեկ այսպես գնահատեց այն փաստը, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանին գրավով ազատ արձակելու վերաքննիչ բողոքը:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ որոշեց խուլիգանության մեջ մեղադրվող ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի խափանման միջոց կալանքը փոխարինել չհեռանալու ստորագրությամբ։ Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողներին պատմեց, թե դատարան են ներկայացրել հիմնավորումներ, ըստ որոնց՝ նա չի խոչընդոտելու քննությանը, եւ մասնավորապես. «Ներկայացվեց Սարգիս Գեւորգյանի նկատմամբ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա հանդիսանում էր մեղադրյալ եւ մոտ 1 տարի պարտաճանաչ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնի կանչով»: «Առավոտի» հարցին, թե կայացրած որոշումն, իր կարծիքով, որքանո՞վ է զուտ իրավական, այլ ոչ քաղաքական պայմանավորվածության հետեւանք՝ փաստաբանի արձագանքն էր. «Չեմ կարող այդ հարցին տալ միանշանակ պատասխան: Համենայնդեպս, պաշտպանության կողմի պատճառաբանությունները լրիվ հիմնավոր էին: Պատճառաբանության հիմքում դրվեց այն, որ այն 5 անձանցից 4-ի նկատմամբ, ովքեր միջադեպի ժամանակ ավելի ուշ էին ներկայացել, ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, եւ այդ 5-ից միայն մեկի նկատմամբ է ընտրվել խափանման միջոց կալանավորումը: Այսինքն՝ ի՞նչ պատճառաբանությամբ, մանավանդ որ՝ նրանցից մեկը կալանավորված Սարգիս Գեւորգյանի եղբայրն է՝ Արեգ Գեւորգյանը: Այսինքն՝ չկար որեւէ տրամաբանություն»: Ի դեպ, Արեգ Գեւորգյանը մեզ հայտնեց, որ ստացվել են փորձաքննության արդյունքները եւ հերքվել է ուղեղի ցնցման կասկածը:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, որոշեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանին կալանքից ազատ արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց։
Մերժվեց միայն ՔՕ 3 հոդվածներով՝ խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը: Նրա դեպքում էլ էր առաջարկվել խափանման այլընտրանքային միջոց՝ 3 մլն դրամ գրավ: «Դատարանը գտավ, որ Տիգրան Առաքելյանի կալանքը վերացնելու որեւէ հիմք չկա,- լրագրողներին պատմեց Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:- Գտան, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ գրավ կիրառելու հիմքերը բավարար չեն, ընդամենը դա հայտարարվեց: Մենք պայքարը շարունակելու ենք, այս որոշումն անպայման բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»:
ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի այս որոշումները մեր զրույցում այսպես գնահատեց. «Ես ծանոթ եմ քննիչի կողմից ներկայացված բոլոր 3-ի միջնորդություններին: Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկի վերաբերյալ՝ որեւէ ապացույց ներկայացված չէ, թե կարող են փախուստի դիմել, նոր հանցագործություն կատարել, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել: Միայն օրենքից տրաֆարետային հղում էր կատարված՝ առանց որեւէ ապացուցողական հիմքի: Այսինքն, ըստ էության՝ իրավական կողմը քննիչները չեն պահպանել, ի տարբերություն մեր բողոքների, որոնք 20-25 էջ են կազմում, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու ներպետական՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմքերով, հիմնավոր փաստաթղթեր են: Դրանք ներկայացնելուց հետո դատարանին պիտի մնար միայն խափանման միջոցը փոխելը»: Մեր հարցին, թե Տիգրան Առաքելյանին չազատելու հարցում դեր չխաղացի՞ն այն գործոնները, որ միջադեպն իրենից էր սկսվել, եւ ոստիկանության «մունդիրի պատվի» հարց կար՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, սա ավելի շատ անձնական քինախնդրության ու հիշաչարության հարց էր: Ընդամենը 10 օր առաջ էր ոստիկանությունը ստիպված Տիգրան Առաքելյանից խնդրել գրավոր ներողություն: Ու որ սա առավել վրեժխնդրության արդյունք է՝ նաեւ դրա ապացույցն է, որ գործը հանձնվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը՝ այն դեպքում, երբ սա Հատուկ քննչական ծառայության ենթակայության գործ է: Եղել է հայտարարություն, որ նրանք բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից, եւ այս պարագայում՝ միանշանա՛կ ՀՔԾ-ն պետք է քններ այս գործը: Բայց նրանք Կենտրոնի ոստիկանությունից բերեցին ՔԳՎ, որ ոստիկանապետն անընդհատ անձամբ հսկի այս գործը: Եվ իր ասուլիսով ու նաեւ այս գործողությամբ ակնհայտ է դառնում, որ Ալիկ Սարգսյանը, չունենալով լիազորություններ՝ դատավճիռ հրապարակեց իր ելույթում»:
Իշխանության հետ երկխոսության ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը մեր հարցին, թե այս հանգամանքը, որ 3 երիտասարդներից մեկը մնալու է կալանավորված՝ ինչպե՞ս կանդրադառնա երկխոսության շարունակության վրա՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ խնդիրը լրիվ այլ կերպ է առաջադրված. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ կարգավիճակ ունի, պետություն է, որտեղ կան քաղբանտարկյալնե՞ր, թե՞ չկան: Սպասենք, տեսնենք՝ ինձ թվում է, իշխանությունն առաջիկա օրերին պիտի տա այդ հարցի վերջնական պատասխանը»: Մեր ճշտմանը, թե այլեւս ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե Վերաքննիչ դատարանը մերժեց փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Անկախ այս ամենից, ըստ օրենքի՝ քննությունն իրականացնում է քննիչը, վերահսկող դատախազի հետ միասին: Տեսականորեն եմ ասում՝ ցանկացած որոշում կարող են կայացնել»: Հարցին, թե այսինքն՝ հույս ունե՞ն, որ մինչ օգոստոսի 23-ը՝ կոալիցիայի հետ իրենց հերթական հանդիպման օրը, կարող է լինել նման փոփոխություն՝ պրն Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, եւ ոչ թե մինչեւ երեքշաբթի, այլ՝ ընդհանրապես»:
Իշխանության հետ երկխոսության ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեր հարցին, թե արդյոք 3-ից միայն 2-ին ազատ արձակելն իրենց համար բավարա՞ր պայման է շարունակելու երկխոսությունը՝ պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկխոսության համար: Տվյալ դեպքում՝ այդ խոչընդոտը դեռ հեռացված չէ, որովհետեւ մեկ քաղբանտարկյալ մնում է բանտում»:
Ի դեպ, Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանն էլ դատարանի որոշումից հետո ազատ չարձակվեցին մեկուսարանից, քանի որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի այդ դատավորները միայն այսօր առավոտյան են պաշտպաններին տրամադրելու գրավոր որոշումները: Արմեն Խաչատրյանի գնահատականով՝ «Ստացվում է, որ այս պահից սկսած՝ երկուսն էլ գտնվում են ամբողջովին ապօրինի կալանքի տակ՝ քրեական դատավարության օրենսգրքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031