Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈՂՄԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

Օգոստոս 20,2011 00:00

\"\"ՀԱԿ-կոալիցիա երկխոսության անդամ, կոալիցիայի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը համոզված է, որ եթե երկխոսությունը դադարի,
կնշանակի եւ ընդդիմությունը, եւ կոալիցիան համապատասխան պատասխանատվությամբ չեն մոտեցել խնդրին:

-Վերջերս ՀԱԿ ներկայացուցիչը Ձեզ մեղադրեց պայմանավորվածությունը խախտելու մեջ, դուք համամի՞տ եք, տե՞ղին էր այդ մեղադրանքը:
-Իհարկե՝ ոչ, եւ ուրախ եմ, որ Ձեր թերթի միջոցով հնարավորություն ունեցա անդրադառնալ դրան: Եթե ուշադիր կարդաք հաղորդագրությունը, որը ներկայացրեց պարոն Զուրաբյանը, ընդ որում, ոչ միայն կարդաց, այլ՝ ինքը իր ձեռքով էր գրել, այնտեղ երկու միտք կար: Առաջինն այն էր, որ մենք քննարկել ենք ընդամենը մեկ հարց եւ դա օգոստոսի իննի միջադեպի հարցն էր: Եվ երկրորդ միտքն այն էր, որ մենք պայմանավորվել ենք, որ քննարկված հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի լինելու: Երբ լրագրողն ինձ հարցնում է՝ դուք տվյալ հարցը քննարկե՞լ եք, եւ դա այն հարցը չէ, որի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն, բնականաբար ես կարող եմ պատասխանել միայն մեկ ձեւով՝ ոչ: Ես չեմ կարող պատասխանել այո, որովհետեւ մենք ունենք հայտարարություն, որը հնչեցրեց պարոն Զուրաբյանը, որտեղ ասված է, թե մենք ինչ հարց ենք քննարկել: Ես չեմ կարող նաեւ ասել, թե չեմ պատասխանում լրագրողի տվյալ հարցին, որովհետեւ կոնկրետ այդ հարցին չպատասխանելու մասին մենք պայմանավորվածություն չունենք, եւ մեր պայմանավորվածությունները չեն վերաբերում քննարկված հարցերին, վերաբերում էին քննարկված հարցի բովանդակությանը: Հետեւաբար, միակ բանը, որ ես կարող էի անել, առանց խախտելու հնչեցված հայտարարությունը, «ոչ» ասելն էր: Ինչը եւ արել եմ:
 Ցավոք, ոմանք չեն ընկալել…, չգիտեմ, ասեմ թե չասեմ… վերջակետ:
– Երբ հաստատվեց երկխոսության օրակարգը երկու հայտնի հարցերով, թվաց պարզ է, թե ինչ է քննարկվելու, սակայն, դրանից հետո ՀԱԿ-ը ներկայացրեց 85 էջանոց փատաթուղթ, դրան հաջորդեց կոալիցիայի պատրաստած 130 էջանոցը (այստեղ պարոն Մինասյանը ընդհատեց ինձ եւ հարկ համարեց ասել, թե իրենց կազմած փաստաթուղթը ոչ թե 130, այլ 131 էջանոց է, ես էլ կատակեցի, թե արդյո՞ք այդ թիվը հավասարեցված չէ ԱԺ պատգամավորների թվին), արդյո՞ք այդ մեծածավալ փաստաթղթերը տեղավորվում են հաստատված օրակարգի տրամաբանության մեջ:
– Միանշանակ, իհարկե, ըստ էության, եթե մենք ունենք օրակարգի առաջին հարց, ապա յուրաքանչյուր կողմը պետք է իր հիմնավորումները բերի այդ հարցի վերաբերյալ, եւ մեր ՀԱԿ-ի գործընկերները այդ փաստաթղթով բերել են իրենց հիմնավորումները: Դրանում կան, իհարկե, վիճահարույց դրույթներ, եւ այլ կերպ լինել չէր կարող, որովհետեւ եթե դրանք չլինեին, եզրահանգումը կլիներ հենց այն, ինչ իրենք ներկայացրել են որպես վերնագիր:
Մենք էլ մեր փաստաթղթում այդ նույն խնդիրների վերաբերյալ բերել ենք այլ հիմնավորումներ: Կան նաեւ փաստեր, որոնք մեր գործընկերները այլ կերպ են ներկայացրել, քան իրականում կա, մենք բերել ենք նաեւ այդ փաստերին մեր հիմնավորումները: Ամենակարեւորն այն է, որ երբ այս երկու փաստաթղթերը դառնան հանրության սեփականությունը, այդ դեպքում ցանկացած մարդ կարող է ընթերցել այդ երկու փաստաթղթերը եւ սեփական եզրակացությանը հանգել օրակարգի վերաբերյալ: Սակայն, ես կարծում եմ մենք հնարավորություն կունենանք նաեւ քննարկելու բոլոր կարեւոր դրվագները, որպեսզի ե՛ւ կողմերի համար ամեն ինչ ավելի հստակ դառնա, ե՛ւ հանրության: Սա է երկխոսության բուն նպատակը: Մենք երկու տարբեր տեսակետներ ունենք նույն երեւույթի նկատմամբ եւ պարտավոր ենք մեկս մյուսին բացատրել մեր տեսակետի հիմքը:
– Ըստ ամենայնի, երկխոսությունը չի դադարի:
– Եթե դադարի, կնշանակի, որ մենք՝ եւ ՀԱԿ-ը, եւ կոալիցիան համապատասխան պատասխանատվությամբ չենք մոտենում այն խնդրին, որը պետք է լուծել, իսկ այդ խնդիրը, իսկապես, շատ կարեւոր խնդիր է:
Մենք ձեռնարկել ենք մի բան, որը մինչ այժմ, մեզնից առաջ, հետխորհրդային տարածքում որեւէ մեկը չէր ձեռնարկել, սակայն Արեւմուտքում դա քաղաքական կենցաղի նորմ է, եւ մենք պետք է անպայման անենք մեզնից կախվածը, որպեսզի դա նորմ դառնա նաեւ մեզ համար; Ակնհայտ է, որ դրանով բոլոր հարցերը չեն լուծվելու, բայց սա նաեւ մի ատրիբուտ է, որը ավելի կիրթ է դարձնում այն քաղաքական մթնոլորտը, որում մենք բոլորս գտնվում ենք:
– Այն պնդումները, որ այս երկխոսությունը երկուստեք է շահեկան, դուք հիմա կարծես թե հաստատեցիք:
– Երբ հարցում են, թե այս երկխոսությունը երկուստեք շահեկան է, ես մեկ պատասխան ունեմ՝ իհարկե շահեկան է, բայց այն պատճառով, որ շահեկան է մեր հանրության համար: Կուսակցությունների շահեկան լինելու աղբյուրը գալիս է նրանից, որ դա շահեկան է հանրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031