Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրուկը փախավ տիրոջից

Օգոստոս 19,2011 00:00

«Կենդանի մնացած» կինը օգնում է իր նման կանանց՝ ապրել ու հաղթել

Իոնե Կարապետյանը Ավստրիայում գիրք է գրում՝ իր կյանքի պատմությունը: Վերնագիրը՝ «Survivor» կամ, այլ կերպ ասած՝ «Կենդանի մնացած»: Նա 3 անչափահաս երեխաների հետ մի պատահական օր փախել է հարուստ ամուսնուց, իր տնից ու երկրից ու ապաստանել Ավստրիայի մի փոքրիկ ավանում:
Գիրքը դեռ գրվում է, բայց կարելի է արդեն ենթադրել, որ 38-ամյա կնոջ կյանքի իրական պատմությունը ավելի շատ սարսափի եւ թրիլլերի ժանր է հիշեցնելու: ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ ընդունված Իոնեն նախկինում երբեք չէր մտածի, որ մի օր կդառնա գրող, այն էլ՝ ամուսնու շնորհիվ: «19 տարեկան էի, երբ ծանոթացա Հովիկի հետ, ծանոթանալն ու ամուսնանալս մեկ եղավ, որովհետեւ դեռ իրար չէինք ճանաչում, զոռով ձեռքիցս բռնեց ու տարավ ուղիղ զագս, հայրս այդ ժամանակ Ռուսաստան էր գնացել, այնտեղ գործ էր սկսում ու ահավոր անակնկալի եկավ, երբ իմացավ, որ առանց իր օրհնության՝ ամուսնացել էի, այն էլ՝ ինձանից 15 տարով մեծ տղայի հետ: Բայց քանի որ Հովիկը առաջին հայացքից իդեալական փեսացու էր՝ չէր խմում, չէր ծխում, ման եկող չէր, ֆինանսապես ապահովված էր, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ինքն էլ շատ հումորով, աշխույժ տղա, բացի այդ, իբր հավատացյալ էր, հաճախում էր «Կյանքի խոսք» եկեղեցի, ծնողներս համակերպվեցին ու ընդունեցին մեր ամուսնությունը եւ հարսանիք արեցին»,- պատմեց Իոնեն: Ամուսնության առաջին իսկ օրերին հարսնացուն իր համար բացահայտում է մի շարք տարօրինակ, չլսված ու չտեսնված կանոններ, որոնք ընդունված են եղել փեսացուի տանը: Ամեն մի խախտված կանոնի դեպքում պատիժը դաժան ծեծն էր. «Ինձ ծեծում էր գոտիի երկաթի մասով, տանում էր գազօջախի մոտ, գազը բացում էր ու ստիպում շնչել: Միայն քրոջս հետ՝ առանց իր թույլտվության հեռախոսով խոսելու համար գլուխս մի քանի ժամ պահեց սառը ջրի տակ՝ ընթացքում ցնցուղի փողրակով ծեծելով: Հիմա դժվարությամբ եմ հավատում, որ 14 տարի ապրել եմ այդ սարսափների մեջ ու ինձ չեմ կորցրել: Իր դաժանությունները միայն ֆիզիկական չէին, այլ՝ հոգեբանական: Օրինակ՝ չէր կարելի գրքեր կարդալ, ես թաքուն էի տանը գիրք կարդում, այն ուտելիքները, որոնք ամուսինս չէր սիրում, չէր կարելի ոչ ուտել, ոչ էլ ընդհանրապես գնել: Սառնարանը բացում էի՝ կարող էր 10 տեսակի թանկարժեք պանիր լիներ, կետչուպների ու մայոնեզների հսկայական տեսականի, բայց այն, ինչ երեխաներին անհրաժեշտ էր՝ սոխ, սխտոր, բանջարեղեն՝ արգելված էր: Ստիպում էր բոլորիս եփած բրինձ ուտել՝ առանց կարագի ու աղի, քանի որ ինքը գեր էր, բայց չէր մտածում, որ օրական 5 կիլոգրամ բրինձ ուտելով՝ չեն նիհարի»:
Հովիկի բացակայության ժամանակ անգամ Իոնեն իր երեխաների հետ չի կարողացել ազատ շունչ քաշել: Տնից դուրս գալու դեպքում ամբողջ տան էլեկտրականությունն ամուսինն անջատել է, որպեսզի տնեցիները հեռուստացույց չդիտեն կամ այլ «արգելված» բաներով չզբաղվեն, դուռն էլ, բնականաբար, դրսից բանալիով փակել է. «Ես իմ երկրորդ երեխային քիչ էր մնում տանը ունենայի, եթե սկեսրայրս պատահական չմտներ ու ինձ հիվանդանոց չհասցներ, զանգում էի իրեն, ասում էի՝ ծննդաբերում եմ, ասում էր՝ գործեր ունեմ: Ես արդեն չէի էլ զարմանում այդտեսակ բաներից, սովորել էի: Եթե անիմաստ թեմայի համար հղի վիճակում մի ամբողջ գիշեր պատուհանագոգին մեկ ոտքի վրա կանգնել է ստիպել, ծննդաբերության դեպքում էլ հոգատարություն չէի սպասում: Հիշում եմ, սկեսրայրիս 70-ամյակին հայկական շախով երաժշտություն էր, մեր հարսանիքի քավորի հետ սովորական պարում էինք, ես էլ հղի էի: Դա տանգո չէր, սովորական պար՝ կնքահոր հետ: Այդ պարը ինձ վրա թանկ նստեց, այդ վիճակում ինձ ստիպեց մեքենայի հետեւից վազել, իսկ չհասցնելու դեպքում կրկնակի պատժել: Ինչ ասեմ, դա մի կյանք էր՝ սարսափներով լի: 14 տարի շարունակ, ամեն անգամ իր մեքենայի ձայնը լսելուն պես ոտքերս դողում էին, երեխաներս արձան էին դառնում»: Երբ Իոնեին հարցրինք՝ Հովիկը գոնե իր երեխաներին սիրո՞ւմ էր, նա առանց երկմտելու պատասխանեց, որ՝ շատ: Սիրելով հանդերձ՝ դաժան է եղել նաեւ նրանց հետ: Մանկական ամենաանմեղ չարաճճիության համար ուշ գիշերով երեխաներին նստեցրել է մեքենան ու տարել թողել ամայի մի տեղ: Մինչեւ երեխաները անծանոթներին խնդրելով՝ եկել-հասել են տուն: Իոնեն, իր խոսքերով ասած՝ «կես մարդ է դարձել». «Գիտեք, նա երեխաների համար գնում էր աշխարհի ամենաթանկ կոնֆետները, ամենաշքեղ խաղալիքները, բայց հաշվի առնելով, որ ամեն մի քերծված խաղալիքի համար ծեծ էին ուտելու, երեխաները վախենում էին այդ խաղալիքները տուփից հանել անգամ: Մի մեծ մեքենա ունեին՝ պուլտով, այն այդպես էլ մնաց առանց քշելու: Իմ երեխաներն իրավունք չեն ունեցել ոչ լացելու, ոչ ծիծաղելու: Նորածին էին, երբ գիշերը լացում էին՝ ես առնում ու վազում էի դուրս, փողոց, որ Հովիկը հանկարծ ձայն չլսեր»:
Երկար տարիներ Իոնեն մտքում կազմակերպել է իր փախուստը, քանի անգամ 2-րդ հարկի պատուհանը բաց տեսնելով՝ ուզեցել է երեխաների հետ պարանով իջնել՝ չի ստացվել: Մի օր, հերթական ծեծից հետո, երբ Հովիկը դուրս է եկել ու դուռը մոռացել է փակել, Իոնեն դա Աստծո կողմից նշան է համարել, հաշված րոպեների ընթացքում հավաքել է իրեն, ու վերցնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը՝ շարժվել անհայտ ուղղությամբ. «Ինքս ինձ ասացի՝ մահ կամ ազատություն, առաջին բանը, որ մտքովս անցավ, կանանց իրավունքների կենտրոն դիմելն էր, ես գիտեի, որ եթե մնամ Երեւանում, միեւնույն է, իրենից չէի պրծնելու, միակ ելքը երկրից հեռանալն էր, ես ապահովության համար անգամ ծնողներիս ոչինչ չասացի, շատ պատահական մի ծրագրով վիզա ստացա ու անցա այդ ճանապարհը»: Հիմա նա Ավստրիայում բավականին բարձր վարձատրվող հոգեբաններից է, հոգեբանական ծառայությունների գրասենյակ ունի եւ խորհրդատվություն է տալիս հատկապես բռնության ենթարկված կանանց: Իոնեն ասում է, որ այլեւս ոչ մեկին թույլ չի տա ստորացնել իրեն կամ իր երեխաներին. «Պատրաստ եմ պաշտպանել այն ամենը, ինչ ինձ է պատկանում: Ես ավելի ուժեղ եմ, քան թվում էր, կարելի է ասել՝ ստրուկը հաղթեց տիրոջը: Ես իմացա, որ իմ հեռանալուց հետո Հովիկը հոգեբույժի մոտ բուժվել է, ախտորոշումը եղել է անձի խափանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել