Սոնա Պապյանի ընտանիքը 1964թ. բնակարան ստացավ Արաբկիր համայնքի Ն. Ադոնցի փողոցում գտնվող 4 հարկանի շենքում: Շենքի հարեւանությամբ գտնվում է «Հայորդաց տունը», նրանից քիչ հեռավորության վրա՝ Արյան փոխներարկման ինստիտուտը:
Տիկին Սոնային, որը նախկինում կուսաշխատող է եղել եւ աթեիստական դաստիարակություն ստացել, անսպասելի սկսեցին այցի գալ խորհրդավոր երազները, որոնց մասին ամաչում էր պատմել հարազատներին, հարեւաններին:
Շարունակ իր բնակարանում տեսնում էր եկեղեցու լուսե սյուներ, լուսապսակով կին՝ ամպերի մեջ: Այդ բնակարանում էլ ծնվեց Պապյանների արու զավակը՝ Աշոտը, որը 2-3 տարեկանից սկսած՝ նկարում էր եկեղեցիներ, վանքեր: Տիկին Սոնան շարունակում էր երազներ տեսնել, եւ ինչ իմանար, որ տարօրինակ ոչինչ չկա. պարզապես իրենց նորակառույց շենքը կառուցվել է 7-8-րդ դարերի Սբ. Կարապետ մատուռի վրա…
Սոնա Պապյանի երազները մեկնաբանվեցին այսպես. «Սուրբ Հոգին ձեր տուն է մտել եւ իր փակված դռան բացմանն է սպասում»: 90-ականներն էին: Տիկին Սոնան դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ եկեղեցու կառուցման թույլտվություն ստանալու համար: Ստացավ թույլտվությունը, եւ արդեն 20 տարի է, ինչ ավարտին հասցնելով եկեղեցու շինարարությունը, զբաղվում է 1129 քմ տարածքի բարեկարգման աշխատանքներով: Եկեղեցու տարածքը, որը բնակելի շենքից մի քանի մետր այն կողմ էր, աղբով էր պատված, քանի որ Արյան փոխներարկման ինստիտուտի եւ 8-րդ հիվանդանոցի ետնամասում էր գտնվում: Ինստիտուտը գրավել է եկեղեցուն հատկացված տարածքից մի հատված՝ խանութիկ ու հացի փռի կրպակ տեղադրելով այնտեղ:
Տիկին Սոնան այս երկար տարիների ընթացքում լումա-լումա հավաքելով, իր սեփական միջոցների հաշվին սրբատեղիի բարեկարգման ավարտի մասին է երազում: Եկեղեցու դիմաց տեղադրել է խաչքար, որը գտնվում է «Հայորդաց տան» բակում…
Ի դեպ, քաղաքապետարանի կողմից 1991թ. դեկտեմբերի 5-ին Սբ. Կարապետ եկեղեցու կառուցման թույլտվության օրը հանկարծամահ եղավ Սոնա Պապյանի որդին՝ Աշոտը: Դա մեկնաբանվեց այսպես. «Աշոտն առաջին սաղմնավորված պտուղն էր այդ շենքում: Սուրբը նրան էր ընտրել իր տան փակված դուռը բացելու: Ու երբ այդ դուռը բացվեց, քաղաքապետարանը հաստատեց որոշմամբ, Աշոտը մահացավ, որովհետեւ նրա հոգին այլեւս անելիք չուներ այս երկրում»:
Սոնա Պապյանի որդիներից մեկը հիվանդ է՝ կոնտուզիա ստացած, աղջիկը չի ամուսնացել, մյուս որդին էլ գտնվում է Մոսկվայում եւ մորն է օգնում, որպեսզի ավարտին հասցնի ձեռնարկած սուրբ գործը:
Մեր զրույցի ժամանակ տիկին Սոնան ասաց, որ իրեն ոչինչ պետք չէ, որ վրդովվում է, երբ տարածքում հաճախ տեսնում է շշեր, աղբ, չէ՞ որ դա միակ սրբատեղին է Արաբկիր համայնքում:
Այս կինը երազում է կանաչապատել եկեղեցու տարածքը, որպեսզի ավարտին հասցնի իր ոչ պատահական երազը:
Տեղացիները, որոնք մոմավառության են գալիս՝ այս խորհրդավոր եկեղեցի, մտավախություն ունեն, թե հանկարծ եկեղեցին «ինքնակամ կառույցի» անվան տակ չվերցվի նրա իրական կառուցողի ձեռքից: