Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿ ԴՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Օգոստոս 19,2011 00:00

\"\"Սերոբ-Գորիոն Տեր-Բողոսսյանի վարքագծում զղջում չկա

Հուլիսի 6-ից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ընթացակարգով սկսվել եւ շարունակվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԱՄՆ քաղաքացի՝ 70-ամյա Սերոբ Տեր-Բողոսսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նա մեղադրվում է համասեռամոլության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անչափահաս տղաներին սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու համար, որն ուղեկցվել է շանտաժի, տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով:
Քանի որ դատական 4 նիստերն ընթացել են փակ դռների հետեւում, մենք դիմեցինք գործով մեղադրող Արամ Ամիրզադյանին՝ որոշ մանրամասներ հաղորդելու համար:
– Քանի՞ տուժող եւ վկա են ներգրավված այս գործին:
– 10 տուժող եւ 13 վկա:
– Քանիսի՞ն եք մինչ օրս հարցաքննել:
– Տուժողներից հարցաքննել ենք 5-ին:
– Իսկ ինչպե՞ս սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը:
– Նախ միջնորդություն ներկայացրինք, որ լսենք տուժողների ցուցմունքները, ընդ որում՝ տուժողների հարցաքննությանը զուգահեռ, հետազոտվում են նաեւ տեսանյութեր, ապա կհարցաքննենք վկաներին, հետազոտելու ենք գործում եղած այլ ապացույցներ եւ վերջում հարցաքննելու ենք ամբաստանյալ Սերոբ Տեր-Բողոսսյանին:
– Պարոն Ամիրզադյան, ամբաստանյալը ԱՄՆ քաղաքացի է: Արդյոք ամերիկյան դեսպանատնից կամ ամերիկյան կողմից որեւէ մեկը մասնակցո՞ւմ է դատաքննությանը:
– ԱՄՆ իշխանությունների համապատասխան ծառայությունները առաջին իսկ օրվանից տեղեկացված են եղել Սերոբ-Գորիոն Տեր-Բողոսսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին: Ինչ վերաբերում է դատական նիստին դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությանը, ապա ասեմ, որ ոչ՝ նման ցանկություն չի հայտնվել, ոչ ոք չի մասնակցում. դատական նիստը դռնփակ է։
– Դատարանում անչափահաս տուժողների պահպանությունը ինչպե՞ս է իրականանում: Արդյոք նախատեսե՞լ եք նրանց համար առանձին սպասասրահ, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը:
– Անչափահաս տուժողները, անշուշտ, հարցաքննվում են օրենքով սահմանված կարգով՝ մանկավարժի, ծնողների ներկայությամբ։ Ասեմ նաեւ, որ նրանցից շատերն արդեն չափահաս են, հետեւապես նրանց հարցաքննությունը տեղի է ունենում առանց ծնողի կամ մանկավարժի։ Տուժողների համար դատարանում նախատեսվել է առանձին սպասասրահ, նրանք չեն շփվում նաեւ լրագրողների հետ, ովքեր դատավարությանը հետեւում են դատական նիստերի դահլիճից դուրս։ Ճիշտ է, դատաքննությունը տեղի է ունենում դռնփակ, բայց այն գտնվում է հասարակության եւ լրագրողների ուշադրության կենտրոնում եւ, որպես կանոն, գրեթե բոլոր դատական նիստերին լրագրողները գալիս են եւ դրսից հետեւում իրադարձությունների զարգացմանը:
– Անչափահաս տուժողներից մեկի մայրը չցանկացավ դատաքննության ժամանակ դիտել տեսանյութը եւ մասնակցել իր տղայի հարցաքննությանը, փոխարենը ներկայացուցիչ-մանկավարժը մասնակցեց եւ դիտեց:
– Դա ծնողի իրավունքն է։
– Նախաքննության ժամանակ այդ ծնողն ինչպիսի՞ դիրքորոշում ուներ: Գուցե ասվածը որոշակի ազդեցության հետեւանքո՞վ է, կամ ինչո՞ւ հակասություն առաջացավ Ձեր ու տուժողի ծնողի միջեւ, այսինքն՝ մեղադրանքի կողմի միջեւ:
– Մեղադրանքի կողմում, մեղադրողների եւ տուժողների դիրքորոշման միջեւ որեւէ էական հակասություն չկա։ Առ այս պահը հետազոտված ապացույցները հիմնավորում են մեղադրյալին առաջադրված մեղադրանքները։ Որեւէ տուժող չի հրաժարվել իր ցուցմունքներից։ Եվ հետո, գործին կցված են նաեւ իրեղեն ապացույցները՝ մեղադրանքները հիմնավորող տեսանյութերը, որոնք նույնպես հետազոտվում են դատարանում եւ առ այսօր որեւէ մեկը դրանք չի վիճարկել։ Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած դեպքին, ապա ասեմ, որ տվյալ դեպքում տուժողն ինքը չի ցանկացել, որ մայրը ներկա գտնվի տեսաերիզի դիտմանը, ինչին վերջինս համաձայնվել է։
Այստեղ հոգեբանական գործոնը կարող է մեծ դեր խաղալ:
– Բայց մայրը հրապարակայնորեն կարծես թե պաշտպանում է մեղադրյալին, ասում, որ նա այնքան էլ մեղավոր չէ, որ բռնության հետքեր չեն եղել…
– Դատարանի դահլիճից դուրս հնչող զգացմունքային ելույթներին գնահատական տալ չեմ ուզում։ Կրկնում եմ՝ մինչ այս պահը նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները լիարժեք հիմնավորում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները։ Ինչ վերաբերում է բռնությանը, ապա այդ հարցի պատասխանն ուղղակի արտացոլված է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածում, որը մանրամասնում է, թե ինչ ասել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ եւ այն իր մեջ ներառում է ոչ միայն ուղղակի բռնության գործադրումը, այլ նաեւ տուժողի անօգնական վիճակն օգտագործելը, նրա մանկահասակ լինելը եւ այլն։
– Ամբաստանյալի կողմից դատական նիստերի ժամանակ եղե՞լ է միջնորդություն՝ առողջության, դատավարական իրավունքների հետ կապված:
– Ոչ, չի եղել: Միջնորդությունների փուլը չի սկսվել: Նա դատավարության բավականին կոռեկտ մասնակից է, ենթարկվում է դատարանի օրինական պահանջներին եւ ապացույցների հետազոտման սահմանված կարգին:
– Իր իսկ կողմից նկարահանած, պահպանված, իրեղեն ապացույց գործի նյութերում դրված տեսանյութերի ցուցադրման ժամանակ ռեակցիա ցույց տալի՞ս է:
– Դիտում ենք տեսանյութերը: Որոշ դեպքերում ինքն է մատնացույց անում, թե որ տեսանյութը ում է վերաբերում։
– Պարոն Ամիրզադյան, «Առավոտը» տեղեկացրել էր, որ ամբաստանյալը դիմել էր արագացված դատաքննություն անցկացնելու համար: Ինչո՞ւ մերժեցիք:
– Տվյալ հանցագործության համար օրենքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի 1-ին մասը թույլ չի տալիս։ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասը, որով առաջադրվել է մեղադրանքը՝ սեքսուալ բնույթի գործողությունները, որը կատարվել է 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ, պատժվում է ազատազրկման 8-15 տարի ժամկետով: Արագացված դատաքննություն կարող է կիրառվել մինչեւ 10 տարի ժամկետով պատիժ նախատեսող հանցագործությունների դեպքում: Ուստիեւ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատախազությունն առարկել է արագացված դատաքննության դեմ։
– ԶԼՄ-ներով շրջանառվեց նաեւ այն, որ Սերոբի մասին տեղյակ է եղել ոստիկանությունը, եւ հանրությունը պահանջում էր, որ նրա կողքին լինեին նաեւ նրանք, ովքեր իմացել են, լռությամբ խրախուսել…
– Նախաքննության ընթացքում նման տեղեկատվություն չենք ունեցել:
– Հնարավո՞ր է ինչ-որ փուլում դատական նիստը լինի դռնբաց:
– Դռնփակ լինելը պայմանավորված է գործի բացառիկության, այսինքն՝ անձի սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության առումով: Ամեն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտի հրապարակումը կլինի դռնբաց:
– Դուք դատախազության համակարգում աշխատելու տարիների ընթացքում համասեռամոլի կամ սեռական ոտնձգությունների հետ կապված գործի քննության մասնակցե՞լ եք:
– 18 տարվա փորձ ունեմ, եղել են դեպքեր, երբ ես մասնակցել եմ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությանը, բայց նման ծավալի եւ առանձնահատկություններով գործ չեմ ունեցել՝ այդ կարգի տուժողներով, նման անձով պայմանավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել