Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում է զրպարտում

Օգոստոս 19,2011 00:00

Իրարից բողոքում են գյուղացիներն ու գյուղապետը

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի հանրապետական գյուղապետը, բնակիչների պատմելով, արդեն մի քանի տարի է՝ յուրացնում է իրենց թոշակները, նպաստներն ու հերթով դատի տալիս համագյուղացիներին: Լեռնապատցի Բորիս Աֆշրատյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ գյուղապետ Վանո Եղիազարյանը մսխում է համայնքի բյուջեն՝ մեծ չափերի ֆինանսական օգնություն տրամադրելով իր ազգականներին. «Ավագանի է նշանակել գյուղի անգրագետ մարդկանց՝ տրակտորիստ, անասնապահ, մարդիկ, որոնք իրենց անուն-ազգանունը գրել չեն կարող: Էդ մարդկանց օգտագործելով՝ որոշումներ է գրում: 14 տարեկան քենուն 800 000 դրամի օգնություն է տվել, 1,1 միլիոն դրամ հատկացրել է քրոջ որդուն, ով Ռուսաստանում է աշխատում ու հաստատ սոցիալապես անապահով չէ: 870 000 դրամ՝ քրոջը, ով գյուղապետարանում է աշխատում: Վատնում է մեր համայնքի փողերը»: Պարոն Աֆշրատյանի խոսքով, պարոն Եղիազարյանը իրեն էլ է դատի տվել՝ «Արա, ամոթ է, քիչ կեր» արտահայտության համար. «Դատարանը 200 000 դրամ տուգանք է նշանակել, պետք է վճարեմ»: Նրա խոսքով, ինչպես միշտ, դատարանն արագ արձագանքում է, երբ հերթը խեղճ քաղաքացուն է հասնում. «Պաշտոնեական դիրքը չարաշահելու ու մեծ չափի գումարներ յուրացնելու համար մեր գյուղապետի նկատմամբ անցած տարի քրգործ է հարուցվել, բայց ամեն ինչ ասես սառեցվել է: Նա շարունակում է աշխատել, յուրացնել բյուջեն ու ահաբեկել գյուղացիներին»: «Դատարաններն էլ են կաշառված,- զրույցին միացավ Լեռնապատի մեկ այլ բնակիչ՝ Գեւորգ Մելքոնյանը,- Ռուսաստանից նոր եմ վերադարձել: 2 դատ էլ իմ վրա կա: Ամբողջ գյուղը, քաղաքը գիտի, որ մեր գյուղապետը կաշառակեր է ու յուրացնում է մեր փողերը, բայց ինձ դատի է տվել այդ փաստը բարձրաձայնելու համար: Գյուղում մարդ չմնաց, բոլորին հերթով դատի է տալիս կամ ինչ-որ վատություն անում»: Գյուղապետի երեսին ճշմարտությունն ասել ու տուժել է նաեւ Ֆահրադ Ոսկանյանը. «Իմ 20 տոննա խոտը վառել տվեց: Մեր գյուղապետարանը դարձել է ԿԳԲ: Իրավունք չունենք ներս մտնենք ու մեր ուզած տեղեկատվությունը ստանանք»: Նա նաեւ դժգոհեց, որ գյուղապետը, հաշվի չառնելով իրենց անապահով վիճակը, խաբեությամբ 40 000 դրամ է պահանջել գյուղում գազիֆիկացման աշխատանքները սկսելու համար. «3,8 մլն դրամ հավաքեց համայնքից ու դրեց իր գրպանը: Էդ փողերը նպատակին չեն ծառայել: Կան մարդիկ, ովքեր վճարել են գազիֆիկացման համար, բայց մինչեւ հիմա գազ չունեն»: Գ. Մելքոնյանն էլ մտաբերեց գյուղապետի մեկ այլ խարդախություն. «Գյուղով անցնող մի քանի կիլոմետրանոց երկաթե խողովակները տղան հանեց, իբրեւ թե գազիֆիկացմանը խանգարում են ու վաճառեց գյուղապետարանին: Խարդախություններից ո՞ր մեկը թվարկեմ: Հորը աղջկանից, մորը տղայից բաժանել է ու ապօրինի նպաստներ տվել: Արդյունքում մոտ 100 անապահով ընտանիք նպաստից զրկվել է»: Բնակիչները դժգոհում են նաեւ, որ առանց կառավարության որոշման ու անհարկի, գյուղապետը գյուղի ամբողջ հողերի կատեգորիան փոխեց՝ դարձնելով 4-րդ կարգի. «Ու հիմա մենք եռակի թանկ ենք վճարում հարկերը: Ստիպում է, որ բարձր հարկեր վճարենք նաեւ այն տարիների համար, երբ մեր հողերի կատեգորիան դեռ փոխված չէր: Կան մարդիկ, որ միամտաբար վճարում են: Այս վճարներն էլ են գնում նրա գրպանը»: Գյուղապետի հրաժարականի պահանջով երեկ մի քանի տասնյակի հասնող լեռնապատցիներ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ՝ պնդելով, որ ցանկանում են տեսնել կոռուպցիան վերացնելու մասին վարչապետի խոստումը: Նրանց հանդիպեց կառավարության քաղաքացիների ընդունման ու դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ զարմացավ, թե ինչ են ուզում գյուղացիները կառավարությունից, եթե իրենք են ընտրել իրենց գյուղապետին: Բնակիչների դժգոհությունները «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց նաեւ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը. «Դատի եմ տվել ընդամենը 5 բնակչի, ինձ զրպարտելու համար: 5-ն էլ դատարանով զրպարտիչներ են համարվել: Նրանք տարածում են, որ ես գրպանում եմ, յուրացնում եմ թոշակներ, նպաստներ, էդ ամենը սուտ է: Իմ նկատմամբ մեղադրանք առաջադրողը մի տարրական բան չի հասկացել, Սահմանադրությամբ գյուղի սեփականությունը տնօրինում է համայնքի ավագանին: Այն, ինչ ես չեմ տնօրինում, չեմ կարող յուրացնել»: Գյուղապետն ասաց, որ վատ բան չի տեսնում իր ազգականներին օգնելու մեջ. «սա մի գյուղ է, որտեղ բոլորը բոլորին բարեկամ են եւ իմ բարեկամը դատապարտված չէ օգնություն չստանալու»: Ինչ վերաբերում է գազիֆիկացման համար գումարներ հավաքելուն, նա պարզաբանեց, որ համապատասխան ստուգումներ են արվել, ոչ մի խախտում չի բացահայտվել. հանգանակված գումարները նպատակին են ծառայել: «Դուք էդ բողոքողների անունները հրապարակեք, ես դրանց էլ դատի տամ»,- հավելեց գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել