Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ

Օգոստոս 19,2011 00:00

Քաղաքապետարանը խոչընդոտում է  իր իսկ որոշման իրականացմանը

\"\"
«Իմ խանութի նախկին տեսքն այսպիսին չի եղել, ուստի քաղաքապետարանը պարտավոր է թույլ տալ այն բերեմ իսկապես նախկին վիճակի»,
ասում է կառուցապատողը:

Այն, որ Երեւանի քաղաքապետարանը անօրինական օբյեկտները հրամայում է ապամոնտաժել, դա, իհարկե, ողջունելի է, բայց որ հրամայում է տարածքը բերել նախկին տեսքին ու չի թույլ տալիս իր իսկ հրամանը իրականացնել, դա արդեն տարօրինակ է: Վերջերս քաղաքապետարանը որոշումներ է կայացնում, հետո փոշմանում է եւ իր իսկ արձակած հրամանները կիսատ թողնում:
Օրերս «Առավոտին» է դիմել Լեւոն Կիրակոսյանը, որի՝ Կոմիտասի 26 հասցեում գտնվող խանութի կցակառույցը հուլիսի 12-ին քաղաքապետարանի աշխատակիցները մեծ «հանդիսավորությամբ» ապամոնտաժեցին: Մենք (13.07.
2011) «Քաղաքապետը փոշմանել է» եւ (20.07.2011) «Օրինական օբյեկտը քանդել են» հրապարակումներով անդրադարձել ենք այս խնդրին:
Հիշեցնենք, որ նշված հասցեում շինարարություն իրականացնելու համար քաղաքապետարանը թույլտվություն տվել էր, սակայն բնակիչների բողոքներից հետո հրամայել է այն ապամոնտաժել եւ բերել նախկին տեսքին:
Կառուցապատողը, ըստ օրինական փաստաթղթերի, բավականին մեծ աշխատանք էր կատարել ու գումարներ ծախսել, որպեսզի քաղաքապետարանի նշված ժամկետում գործն ավարտին հասցներ, սակայն շինթույլտվությունը չեղյալ համարեցին՝ առանց որեւէ փոխհատուցման:
Հիմա կառուցապատողը փորձում է իր օբյեկտը բերել նախկին տեսքին, որպեսզի կարողանա խանութը վերաբացել, սակայն կրկին հայտնվեցին քաղաքապետարանի «ապամոնտաժողները» եւ արգելեցին որեւէ գործողություն կատարել: Մեզ հետ զրույցում Լեւոն Կիրակոսյանն ասաց, որ ապամոնտաժելուց հետո խանութը վերաբացել անհնար էր, քանի որ պատերը, ցուցափեղկն ու դուռը վնասված էին, ուստի որոշել էր վերանորոգել եւ այդ կերպ օբյեկտը քաղաքապետարանի պահանջով բերել նախկին տեսքին. «Ապամոնտաժելու ընթացքում ամեն ինչ ջարդուխուրդ էին արել, եւ ես էլ փորձեցի վերանորոգել: Արդեն բավականին գործ էի արել ու մնացել էր 1 օր, որ վերջացնեի, նորից եկան էն նախկին տեսքն էլ վերացրեցին: Իսկ ես առանց վերանորոգման չէի կարող խանութ աշխատեցնել, քանի որ չորս կողմը բաց էր եւ այդպես քանդուքարափ վիճակում հաճախորդ էլ չէի ունենա»: Պարոն Կիրակոսյանի խոսքերով՝ քաղաքապետարանի անփույթ որոշման հետեւանքով մեծ ֆինանսական վնասներ է կրում. «Նախ, ես սոցվճար եմ մուծում հարկայինին, բայց, փաստորեն, խանութը չի աշխատում: Բացի այդ, մի քանի ամիս առաջ հագուստ էի պատվիրել, որը պետք է վաճառեի, բայց չեմ կարողանում, իսկ դա սեզոնային եւ նորաձեւության հետ կապված ապրանք է: Անհայտ է, թե ես երբ խանութը կվերաբացեմ ու կաշխատեմ, իսկ իմ ներդրումները, փաստորեն, ջուրը լցվեցին: Ի՞նչ են ուզում ինձանից, մեկ թույլատրում են շինարարություն անեմ, մեկ էլ գալիս- քանդում են ամեն ինչ: Իմ խանութը որքա՞ն պետք է առանց դուռ, պատուհան ու ցուցափեղկի մնա: Ես փորձում եմ աշխատել, բայց դա էլ չեն թողնում»: Լ. Կիրակոսյանն արդեն իսկ դիմել էր դատական մարմիններին, իսկ քաղաքապետարանից էլ վստահեցրել էին, որ դատարանն ինչ վճիռ կայացնի, իրենք կհետեւեն այդ վճռին: Կառուցապատողն օրերս դիմել է նաեւ ՀՀ դատախազություն, որն այս պահին ուսումնասիրություններ է կատարում եւ, ինչպես որ կառուցապատողին բանավոր վստահեցրել են՝ ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել