Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպիտ ոստիկաններին պատժո՞ւմ են

Օգոստոս 19,2011 00:00

ՀՀ ոստիկանությունն այդ մասին թվային  տվյալներ է ներկայացրել CPT-ին

Օգոստոսի 17-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնախմբի (CPT) պատվիրակության կողմից 2010թ. մայիսին մեր երկիր կատարած այցելության արդյունքում կազմված զեկույցը՝ դրան Հայաստանի կառավարության արձագանքի հետ միասին: Ուշագրավ է, թե ինչպես է մեր իշխանությունն արձագանքել զեկույցին. մեջբերում ենք մասնավորապես ոստիկանության համակարգի վերաբերյալ քննադատության պատասխանից: Այստեղ ՀՀ ոստիկանությունը «հայտնում է իր պատրաստակամությունը՝ ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ CPT պատվիրակության կողմից առարկայական տեղեկատվություն տրամադրելու դեպքում կատարել ծառայողական քննություններ եւ մեղավոր ծառայողներին ենթարկել համարժեք պատասխանատվության»:
Պատասխանում պնդում կա. «ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ կոպիտ, անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, առավել եւս՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դեպք ՀՀ ոստիկանությունում դառնում է լայն քննարկման առարկա, մեղավոր անձինք ենթարկվում են խիստ կարգապահական պատասխանատվության»: Հայաստանի քաղաքացիների համար, մեղմ ասած, բավական վիճահարույց այս պնդումը փաստաթղթում հիմնավորված է թվային տվյալներով. «2010 թվականի ընթացքում ստացվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ կոպիտ, անհարգալից եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վերաբերյալ 81 բողոք (2009թ՝  245), որոնց քննությամբ հիմնավորվել են 19-ը (2009թ՝ 37): Կատարված ծառայողական քննությունների արդյունքում ոստիկանության 23 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության /2009թ՝ 51/, 4 ծառայող՝ քրեական պատասխանատվության (2009թ՝ 2): Ի դեպ, քրեական պատասխանատվության կանչված 1 ոստիկանության ծառայող դատապարտվել է ազատազրկման, 1 ծառայող՝ կալանքի, իսկ 2 ծառայողի նկատմամբ վճռվել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան»:
Սա էլ դեռ ամբողջը չէ: Արձանագրված է. «2010թ. ընթացքում ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 105 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 1014 ծառայողներ (2009թ՝. 939), որոնցից 74-ը ազատվել են ոստիկանությունից (2009թ.՝ 44), պաշտոնն իջեցվել է 13-ի, կոչումն իջեցվել է 5-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 30 ծառայողներ եւ այլն: 2010թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 46 քրեական գործ՝ 74 ծառայողների նկատմամբ, որոնցից դատապարտվել են 15-ը: Ոստիկանության ծառայողներից 23-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել կոռուպցիոն տարատեսակ դրսեւորումների համար: Հարկ է նշել, որ օրինախախտումների մոտ կեսը ի հայտ է բերվել ոստիկանության նախաձեռնությամբ»:
Անդրադառնալով ձերբակալված անձանց փաստաբան ունենալու իրավունքի իրացման խնդրին՝ մեջբերված է ՀՀ ոստիկանության պետի 03.04.2010թ. թիվ 12-Ց հանձնարարականը ՀՀ ոստիկանության հետաքննություն իրականացնող ստորաբաժանումների պետերին. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով՝ բերման ենթարկված անձանց խնդրանքով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները փաստաբան հրավիրելու համար, 2) բերման ենթարկվածին հնարավորություն ընձեռել բացատրություն տալ փաստաբանի մասնակցությամբ, եթե մինչեւ ձերբակալման արձանագրություն կազմելը կամ խափանման միջոց ընտրելը անհրաժեշտություն է առաջացել անձից վերցնել բացատրություն կամ անցկացնել օպերատիվ հարցում»: Թե որքանով է կատարվում այս հանձնարարականը՝ ապացույց է նաեւ այն վերաբերմունքը, որին օգոստոսի 9-ին Կենտրոնի ոստիկանությունում արժանացել էին ՀԱԿ ակտիվիստների փաստաբաններ Վահե Հովսեփյանը եւ Ստեփան Ոսկանյանը:
Փաստաթղթում սակայն խոստացված է, որ «ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ձերբակալված անձանց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ բերելիս անհապաղ կազմել էլեկտրոնային արձանագրություն, կիրառելով ոստիկանության համացանցին միացված հայելային դիսփլեյով համակարգիչներ»: Սա էլ դեռ ամբողջը չէ՝ հարցաքննության տեխնիկայի կատարելագործման նպատակով «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի 27-րդ կետով նախատեսված է ստեղծել հայելապատ սենյակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել