«Եթե որեւէ երիտասարդ, անկախ նրանից նա ՀԱԿ-ի երիտասարդական թեւից է, Հանրապետական կուսակցության, Դաշնակցության, թե որեւէ այլ քաղաքական ուժի, կամ՝ ընդհանրապես, եթե որեւէ քաղաքացի խախտել է օրենքը, ուրեմն պետք է կարգի հրավիրեն, եւ բոլորը պետք է հարգեն սահմանված հասարակական կարգը»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Սակայն չուզեց խոսել մանրամասների շուրջ, ասելով, թե զերծ կմնա դրանից, հարգելով միջադեպի առնչությամբ մեկնաբանություններ չտալու վերաբերյալ աշխատանքային խմբերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները. «Այսօր ընթանում է գործի հետ կապված քննություն, եւ համապատասխան մարմինները կտան դրանց գնահատականը: Եթե եղել է իրավապահների կողմից իրավազանցություն, ապա նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց պարոն Սահակյանը:Պատգամավորը ավելի ուշ, Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նույն դեպքերին եւ որակումներին, ասել էր. «Մենք պետականաշինության գործընթացում ունեցել ենք քաղբանտարկյալներ, ինչպիսիք են օրինակ՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայաստանի՝ որպես պետություն կայացման գործում: Եվ այժմ, փողոցում օրինազանցության համար ձերբակալված անձանց անվանել քաղբանտարկյալներ, կարծում եմ կոռեկտ չէ»: Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Էդվարդ Անտինյանի, կարծիքով էլ՝ եթե մարդիկ նստում են սեղանի շուրջ եւ ցանկանում են որոշակի հարցի շուրջ պայմանավորվել, ապա «պրովոկացիաները» չպետք է ձեռնտու լինեն նրանցից եւ ոչ մեկին. «Ի՞նչ կարիք կա փողոցում իրար վրա հարձակվել, երբ մարդիկ նստած 80-100 էջանոց փաստաթուղթ են քննարկում»: