Այսօր ՀԱԿ-կոալիցիա հանդիպման ժամանակ քննարկվելու են փաստարկները, հակափաստարկները եւ երիտասարդ ակտիվիստների ճակատագիրը:
Այսօր տեղի կունենա ՀԱԿ-կոալիցիա հերթական հանդիպումը: Սա արդեն կլինի ոչ սովորական հանդիպում, քանի որ կողմերն արդեն հասցրել են մեկ-մեկու ներկայացնել ծավալուն փաստաթղթեր, անգամ հասցրել են շեղվել իրենց իսկ հաստատած օրակարգից եւ քննարկել օրակարգից դուրս հարցեր, ինչպես օրինակ՝ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ընդհարման հետեւանքները: Այսօրվա հանդիպումը, ըստ ամենայնի, կլինի առավել ընդգրկուն եւ թեմաների պակաս չի զգացվի, թեպետ երեկ մեր բոլոր փորձերը՝ թեկուզ մեկ-երկու հարցի պատասխան ստանալ կողմերից, անցան ապարդյուն, աշխատանքային խմբի անդամները երկուստեք հրաժարվեցին որեւէ բան ասել այսօր կայանալիք հանդիպման հնարավոր զարգացումների եւ սպասելքների մասին:
Փոխարենը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի միջեւ ընթացող երկխոսության իմաստը հենց երկխոսության մեջ է: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, բանակցությունների փաստն ինքնին արժեքավոր է թե կոալիցիայի, եւ թե ՀԱԿ-ի համար. «Այսինքն, ստատոս-քվոյի պահպանումը կոալիցիայի համար արժեքավոր է: Բացի այդ, բանակցային գործընթացը ողջունում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս»: Ներկայացնելով ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի` Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ձերբակալումից հետո արված հայտարարությունը, պարոն Իսկանդարյանն ասել է. «Ձերբակալվածների ազատ արձակման ժամկետների մասին Մուսինյանի հայտարարությունն այնքան էլ հավասարակշռված չէր: Մինչդեռ գործընթացից ոչ ոք դուրս չեկավ, ձերբակալվածներից մի քանիսն ազատ արձակվեցին, մի քանիսն էլ մնացին մեկուսարանում: Այդպիսով գործընթացը քաղաքական դաշտից տեղափոխվեց իրավական դաշտ: Հետեւաբար, բանակցային գործընթացը արժեքավոր է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ՀԱԿ-ի համար, կան պատճառներ, որ Կոնգրեսը գերադասում է շարունակել գործընթացը: Դրանից կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը ներկա պահին մտադիր չէ դուրս գալ գործընթացից եւ դեմարշ կազմակերպել»: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, եթե բանակցային գործընթացը չձախողվի, ապա Հայաստանը հնարավորություն ունի խորհրդարանական ընտրությունների շնորհիվ հայաստանյան քաղաքական համակարգում մինի-հեղափոխություն իրականացնել, եւ դա կդրսեւորվի այսպես. «Եթե գլխավոր ընդդիմադիր ուժը ընտրություններով հետո մտնի խորհրդարան, ապա, ամենայն հավանականությամբ, նա կհամաձայնի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, հենց դա էլ կդառնա հեղափոխություն»: Քաղաքագետի այս մտքերի վերաբերյալ «Առավոտը» երեկ փորձեց ստանալ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքը:
Մեր հետ զրույցում պարոն Մուսինյանին հարցրինք՝ իրո՞ք կոնգրեսը գերադասում է շարունակել բանակցային գործընթացը, ինչպես պնդում է քաղաքագետը: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Քանի որ երեքշաբթի օրվա հանդիպումից հետո արված հայտարարության մեջ կա պայմանավորվածություն՝ չանդրադառնալ մանրամասներին, այս պահին ես կարող եմ ասել միայն հետեւյալը, որ կամ պարոն Իսկանդարյանը ուշադիր չի կարդացել իմ ասածը, կամ՝ կարդալիս արել է սխալ եզրակացություն»:
Մեր հաջորդ հարցին՝ համամի՞տ է քաղաքագետի այն կարծիքին, թե ՀԱԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելը կլինի մինի-հեղափոխություն, պարոն Մուսինյանն ասաց. «Հիմա նորաձեւ է դարձել հանճարեղ կանխագուշակումների շարք անել, կարծում եմ, չարժե անդրադառնալ նման բաների: Հայ ազգային կոնգրեսի բոլոր քաղաքական նպատակները, գործունեությունը, հրապարակավ ներկայացվել է հանրահավաքներում, ասուլիսներում, ելույթներում, այնպես որ, էլի եմ կրկնում, չէի ուզի անդրադառնալ մոդայիկ դարձած այսպիսի հանճարեղ գուշակություններին»:
Այսօր կայանալիք հանդիպումից ՀԱԿ սպասելքների մասին մեր հարցին Արման Մուսինյանը չուզեց պատասխանել, ասելով, թե ուզում է մնալ պայմանավորվածություններին հավատարիմ:
Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հակված է մտածել, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը երկուստեք շահավետ է՝ եւ արտախորհրդարանական ընդդիմության եւ իշխանության համար. «Կարծես թե ես ավելի շատ հակված եմ այդպես մտածելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պատգամավորը: Ի պատասխան մեր հարցի՝ պատգամավորի կարծիքով երկխոսությունը չի՞ ընդհատվի, պարոն Բոստանջյանն ասաց. «Գոնե մինչեւ օրս տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ես ուզում եմ նկատել, որ հատկապես ՀԱԿ-ի կողմից հանդես է բերվում մեծ զգուշություն, որ հանկարծակի ընդհատման համար հիմքեր չլինեն»: Քաղաքագետի կարծիքը՝ որ հանդիպումները կարող են հանգեցնել մինի-հեղափոխության, այն է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվի ընդդիմադիր ՀԱԿ-ը, մեր զրուցակիցը եւս կիսում է. «Բոլոր պարագաներում ես ուզում եմ մտածել, որ, ընդհանուր առմամբ՝ այո, հիմնական նպատակը դա է, որ այդ քաղաքական ուժը հանգրվանի խորհրդարանում , ես էլ կարծում եմ, որ այդպիսի նպատակ կա: Հիմա դա կանվանենք մինի-հեղափոխություն թե չենք անվանի այդպես, էական չէ, բայց, բոլոր դեպքերում, հիմնական նպատակը երեւի դա է, եւ ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետեւ, խորհրդարանում հայտնվելու պարագայում մեզ մոտ զարգացման ուղղությունները ավելի ամուր կլինեն, լուծումների առումով մոտեցումները ավելի կենթարկվեն մշակման»: