Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ՈՐԸ ՄԻ ՔԻՉ ԱՊՐԵՑ ՏԱՆԻՔՈՒՄ

Օգոստոս 19,2011 00:00

\"\"«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն օգոստոսի 11-ին  կրպակի տանիքից իջել էր, քանի որ մեկ այլ կրպակ էին ապամոնտաժել, ու նա չէր կարող միաժամանակ կանգնել երկու կրպակների տանիքներին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը օգոստոսի 11-ին ապամոնտաժումից փրկելու համար՝ կանգնել էր մի բավական հին կրպակի տանիքին, որն իշխանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ վարձակալության պայմանագիր չունեցող ծխախոտի կրպակ էր, որի տերը համակերպվել էր, թե իր կրպակը տեղափոխելու են մեկ այլ՝ օրինական տեղ: «Առավոտի» խնդրանքով Արմեն Մարտիրոսյանը պատմեց կատարվածի մանրամասները. «Երբ օգոստոսի 11-ին հանդիպեցինք վարչապետին, հետո ահազանգ ստացանք, որ նորից շարունակվում է ապամոնտաժման գործընթացը: Անահիտ Բախշյանի հետ գնացինք Փափազյան փողոց, եւ այնտեղ տեսա, որ ապամոնտաժում են մի կրպակ: Ոստիկաններն ինձ ասացին, թե սեփականատերը համաձայնել է, որ ապամոնտաժեն իր կրպակը: Բայց որոշ ժամանակ հետո կրպակավաճառներն ասացին, թե սեփականատերն իրականում համաձայն չէ: Ես հարցրի՝ ո՞վ է տերը, եւ ցույց տվեցին այդ մարդուն: Հարցրի, թե կո՞ղմ է, որ իր կրպակն ապամոնտաժեն, պատասխանեց՝ չէ: Ասացի՝ եղավ: Հետո եղավ հայտնի երկխոսությունը, որը, որքան գիտեմ, արդեն տեղադրվել է YouTube-ում: Արաբկիրի թաղապետարանի աշխատողին ասում են, թե վարչապետն ասել է, որ ապամոնտաժման գործընթացը պետք է անհատական լինի եւ այս պահին սառեցվի, իսկ նա էլ պատասխանում է, թե վարչապետի ասածն իր համար օրենք չի»: Ընդմիջենք՝ Արմեն Մարտիրոսյանը դեռ մեղմ է ներկայացնում պատասխանը: Տեսագրության (https://www.youtube.com/watch?v=DNPc84pki2Q& feature=player_embedded) մեջ, որն արել է «Հրապարակի» թղթակիցը՝ լսվում է, թե ինչպես է մի պաշտոնյա ասում. «Էդ ոչխարի ստորագրածը մեր համար հեչ ա: Քաղաքապետի որոշում գոյություն ունի»: Եվ կրպակատեր կանանցից մեկը՝ Աննա անունով, նրան պատասխանում է. «Վարչապետը հե՞չ ա քո համար: Դու էդքան կա՞ս, որ ասում ես էդ խոսքը: Դու ո՞վ ես, որ էդ խոսքն ասում ես: Թաղապետարանի՞ց ես դու»:
Վերադառնանք պատմությանը, թե ինչու Արմեն Մարտիրոսյանն ընտրեց կրպակի պաշտպանության այդ ձեւը. «Ես ոստիկաններին ասացի, թե իրենք անօրինական գործընթաց են պաշտպանում՝ մի՛ ապամոնտաժեք: Թաղապետարանի ներկայացուցիչները պատասխանեցին՝ չէ, պիտի ապամոնտաժվի: Ես էլ, որպեսզի չապամոնտաժեն՝ բարձրացա կրպակի տանիքին, քանի որ արդեն ամբարձիչ կռունկը բերել էին, որ բարձրացնեին»: Դրանից հետո Արաբկիրի փոխոստիկանապետն անընդհատ համոզել է պատգամավորին, որ իջնի տանիքից, եւ ի վերջո ներկայացրել մի զորեղ փաստարկ: «Ասաց, թե այդ մարդն այս մի կրպակը չունի՝ մի քանիսն ունի, աղքատ չէ,- պատմեց պրն Մարտիրոսյանը:- Բայց դա կապ չունի: Այսինքն՝ եթե աղքատ չէ, մենք աղքատացնե՞նք մարդուն: Մեր նպատակը բոլորին աղքատացնե՞լն ու մի քանիսին գերհարուստ դարձնե՞լն է»:
Ի վերջո, վճռորոշ գործոնը, որ Արմեն Մարտիրոսյանն իջնի տանիքից՝ եղել է հետեւյալը. «Եկավ Անահիտ Բախշյանը, որը գնացել էր զրուցելու Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի հետ: Ասաց՝ իջիր: Ես որ կանգնած էի այդ կրպակի վրա՝ այլ կրպակ էին ապամոնտաժում, գտել էին հարցի լուծումը: Ես էլ քանի որ երկու տեղ միանգամից չեմ կարող լինել՝ ստիպված իջա»:
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, թե «Ժառանգության» եւ ընդդիմադիր այլ ուժերի այսօրինակ գործողությունները թելադրված են մոտալուտ ընտրություններում համակիրներ շահելու ցանկությամբ: «Ճիշտ է, – արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:- 2007 թվականի հունիսի 1-ից, ինչ մտել է խորհրդարան՝ «Ժառանգությունը» պատրաստվում է մոտալուտ ընտրություններին եւ աշխատում է՝ պայքարով պաշտպանելով քաղաքացիների շահերը: 2012 թվականին էլ, երբ նորից մտնենք ԱԺ՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հենց հաջորդ օրվանից պայքարելու ենք քաղաքացիների շահերի համար»:
Հ. Գ. ՀԱԿ-ն էլ ստեղծել է կրպակատերերի իրավունքների պաշպանության աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, որը երեկ Lragir.am-ի հետ զրույցում արդեն իսկ ակնարկներ է արել «Ժառանգության» հասցեին. «Բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվելու են այս խնդրին, ուզում են օգնել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ լինենք մենք, թե ինչ-որ պատգամավորներ, պետք է հստակ գիտակցեն, որ իրենց գործողություններով չանեն այնպես, որ այդ մարդկանց պահանջը վերածվի խնդրանքի, այնպես, ինչպես կատարվել են նախկիններում, երբ նման նախաձեռնությունները փոշիացել են հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել