Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե «շորտիկով» ես՝ ուրեմն սփյուռքահայ ես

Օգոստոս 18,2011 00:00

\"\"Հյուսիսային պողոտան՝ վճարովի պողոտա

«Մեզ աջ ու ձախ թալանում են: Ուր գնում ենք՝ փոշմանում ենք: Ինչ անենք, որ Հայաստանում չենք ապրում, բայց դա չի նշանակում, չէ՞ որ մենք թուրք ենք, թշնամի ենք: Մարդիկ այնպես են անում, որ  էլ ընդհանրապես Հայաստան գալու ցանկություն չունենանք: Խանութում խաբում են, սրճարանում-ռեստորանում՝ ավելի գումար հաշվում, անգամ տաքսու վարորդներն են մեզ հիմարացնում: Ես չգիտեի, որ Երեւանում տաքսու վարորդները շորտիկով ու ուսապարկով ուղեւորներին սփյուռքահայ են համարում: Ու եթե հանկարծ մի քանի բառ էլ օտար լեզվով ես խոսում, ուրեմն դու հաստատ կորած ես, քեզանից  1 կիլոմետրի համար մոտավորապես 500 դրամ են վերցնում»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտում է Համահայկական խաղերի կապակցությամբ Լիբանանից Հայաստան ժամանած մեր հայրենակից Աբգարը:
Բեյրութահայ Հակոբն էլ նեղվել էր, որովհետեւ Համահայկական խաղերի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում իրենից մեկ շիշ «Կոկա-կոլայի» համար 1000 դրամ էին վերցրել՝ «հետո, երբ մտա սուպերմարկետ՝ տեսա,  որ այդ «կոլան» ընդամենը 250 դրամ է. շատ վիրավորվեցի: Ինչպես կարելի է մարդուն այդպես խաբել: Բոլորից կսպասեի, բացի հայերից, սեփական ազգից»:
Լիբանանից ժամանած Պողոսին էլ Հյուսիսային պողոտայում էին խաբել, ասելով, որ այնտեղ տեղադրված նստարանները վճարով են. «Ահագին զբոսնելուց հետո հոգնեցինք, 5-6 հոգով էինք, տեսանք մի նստարան ազատվեց, արագ մոտեցանք, որ նստենք, քանի դեռ ուրիշները չէին նստել: 2 րոպե չէր անցել, մեկ էլ մեզ մոտեցավ մի երիտասարդ ու ասաց, որ պիտի վճարենք՝ 1 ժամվա համար 3000 դրամ: Մենք էլ քանի որ լսել էինք, գիտեինք, որ Երեւանի Հյուսիսային պողոտան համարվում է հարուստների պողոտա, այնտեղ ամեն ինչ՝  խանութները, սրճարանները  թանկ են, մտածեցինք, որ նստարաններն էլ վճարովի են, հավատացինք ու վճարեցինք: Որոշ ժամանակ անց, երբ մեզ միացան մեր հայաստանցի ընկերները, տեղեկանալով, որ վճարել ենք նստելատեղերի համար, ծիծաղեցին մեզ վրա, ասելով, որ նման բան չկա ու չի էլ եղել: Քիչ է մնում մեր շնչած օդի համար էլ վճարենք. չենք զարմանա, որ մի օր էլ այդպես ասեն»,- ասում է Պողոսը ու հավելում, որ իրեն խաբել է նաեւ տաքսու վարորդը, որը Թումանյան փողոցից Էջմիածին տանելու համար 10 000 դրամ է վերցրել:
Տղաները դժգոհեցին, որ իրենց խաբել են նաեւ Սեւանում. նախ երիտասարդներին զարմացրել է այն փաստը, որ լճի ափին մի քանի ժամ անցկացնելու համար պետք է վճարել, որովհետեւ իրենք նման բան ուրիշ ոչ մի երկրում չեն տեսել, եւ հետո այն, որ մի ցելոֆանապատ տաղավարի համար 20 000 դրամ են տվել:
Մեր խաբված հայրենակիցները դժգոհեցին նաեւ երեւանյան ամենահայտնի ու մեծ սուպերմարկետների ցանցերից. «Խանութից դուրս գալուց հետո կտրոնի վրա հայտնաբերում ես ապրանքների անուններ, որոնք իրականում քո զամբյուղի մեջ չկան: Սուպերմարկետների դրամարկղերի մոտ կանգնած գեղեցկադեմ հայուհիներն աճպարարի պես ինչ-որ թվեր են հաշվում ու մինչ դու տարվում ես նրանց աչքերի գեղեցկությամբ, հայուհիները քեզ այնպես են կողոպտում, որ չես էլ նկատում»,- ավելացնում է Հակոբը, որը մտադրվել է Հայաստանից իր հետ, իր խոսքով ասած, մի «ճարպիկ աղջիկ» տանել:
Տղաները կես կատակ-կես լուրջ ասացին, որ զարմանում են, թե ինչպես կարելի է այսքան խելացի ու ճարպիկ լինելով հանդերձ՝ թալանել սեփական ազգին. «Մեր գրպանները հմտորեն  դատարկելու փոխարեն, մեզ լավ վերաբերվեք, որ էլի Հայաստան գալու ցանկություն ունենանք: Անգամ գյուղացի տատիկներն են մեզ խաբում՝ 5 լավաշի համար 2000 դրամ վերցնում, կամ եփած եգիպտացորենի մեկ հատը 500 դրամ վաճառում: Ախր շատ դաժան է»,- եզրափակեց Աբգարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել