Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ՎՆԱՍԵԼ ԷՐ ԹԵՎԸ

Օգոստոս 18,2011 00:00

Չինաստանի Շենչժեն քաղաքում շարունակվում է  ուսանողական ամառային 26-րդ ունիվերսիադան

\"\"

Հայաստանի 15 ուսանող մարզիկներից, որոնք հանդես են գալիս հինգ մարզաձեւերում՝ ծանրամարտ (5 հոգի), շախմատ (4), թեքվանդո (3), ձյուդո (2), թենիս (1), առայժմ մեդալ նվաճել է ծանրորդ, 77 կգ քաշային Աղասի Աղասյանը: Նրա՝ պոկում վարժության 151 կիլոգրամն առաջին արդյունքն է, հրումի 186 կգ-ն՝ երկրորդը (անձնական քաշի պատճառով), երկամարտի 337 կգ-ն՝ նույնպես առաջինը չեմպիոնական փայլով: Ի դեպ, Աղասի Աղասյանի նվաճած ոսկե մեդալն առաջինն է, որ Հայաստանի ուսանող մարզիկները երբեւէ նվաճել են Համաշխարհային ուսանողական խաղերում:
Որոշակի ակնկալիքներ կային կապված 85 կգ քաշային Արամ Անդրիկյանի հետ: Սակայն սեւանցի ծանրորդը պոկում վարժությունում երեք անգամ ձախողել է իր պատվիրած 150 կիլոգրամը: Ավելին, Արամը վնասել է թեւը, որի պատճառով ի վիճակի չի եղել հանդես գալ հրում մրցաձեւի պայքարում: Երեկ մրցահարթակ պետք է մտնեին 94 կգ քաշայինները: Նրանց մեջ էին Նորայր Վարդանյանը եւ Վարդան Դավթյանը:
Ուսանողական համաշխարհային խաղերում հաջող են հանդես գալիս մեր շախմատիստները: Օգոստոսի 15-ին մեկնարկած այս մարզաձեւում, որն առաջին անգամ է ընդգրկվել Ունիվերսիադայի ծրագիր, պայքարն ընթանում է սովորականից մի փոքր այլ կերպ: Շախմատիստները օրական խաղում են երկուական պարտիա. մեկը վաղ առավոտյան, մյուսը՝ ճաշից հետո: Երկու օրից հետո երեկ շախմատիստների մրցապայքարում հանգստի օր էր հայտարարվել: Իսկ մինչ այդ կայացած չորս տուրերում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հարյուր տոկոսանոց արդյունքով չինացի Հաո Վանգի հետ բաժանում էր 1-2-րդ հորիզոնականները: Նրանցից կես միավոր պակաս ուներ առաջատարների եռյակը եզրափակող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, իսկ Հրանտ Մելքումյանը 2,5 միավորով 86 մասնակիցների մեջ ընթանում էր 22-րդ հորիզոնականում:
Աղջիկների պայքարում (այստեղ հանդես է գալիս 63 շախմատիստուհի) մեր հանրապետությունը ներկայացնում է միայն միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը նույնպես իր անվան դիմաց առայժմ գրանցել է 2,5 միավոր եւ 22-րդն է: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարինա Համբարձումովան նույնքան միավորով Աննայից ետ է մնում երկու աստիճանով:
Ցավոք, անհաջող են գործերը թենիսում եւ ձյուդոյում: Թենիսիստ Սերգեյ Ոսկանյանը հենց առաջին տուրում պարտություն է կրել զիմբաբվեցի Ռեվայիից ու վերածվել հանդիսականի: Մրցանակային տեղերից անմասն են մնացել նաեւ մեր երկու ձյուդոիստները: Մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Իվանյանն անցկացրել է երկու գոտեմարտ եւ երկուսում էլ զիջել է մրցակիցներին: Առաջին գոտեմարտում պարտություն կրելուց հետո Իվանյանն այնուհետեւ սփոփիչ մրցաշարում հանդես գալու հնարավորություն է ստացել, սակայն այս անգամ էլ տատամին թողել է գլխիկոր: Իսկ ինչ վերաբերում է մինչեւ 66 կգ քաշային Փայլակ Վարդազարյանին, նա երկու հաղթանակ տոնելուց հետո (չեխ եւ էստոնացի մրցակիցների նկատմամբ) երրորդում զիջել է հետագայում չեմպիոնի կոչումը նվաճած կորեացի Բայե Հվանգին, ի վերջո հանգրվանելով 9-րդ հորիզոնականում:
Այսօր թեքվանդոիստները նույնպես ներգրավվելու են պայքարի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել