Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վանը» սոսկ նախագիծ չէ

Օգոստոս 18,2011 00:00

«Երկիր» միության արշավախումբը շարունակում է հետազոտական աշխատանքները

\"\"

«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակում կազմակերպության կողմից ձեւավորված գիտահետազոտական արշավախումբը նախորդ ամսվա հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը եղել է Համշենի, Դերսիմի, Արեւմտյան Հայաստանի մի քանի այլ բնակավայրերում եւ ուսումնասիրություններ կատարել նշված վայրերում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Արշավախմբի անդամ երաժիշտները գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի եւ Մնձուրի բնության եւ մշակույթի երաժշտական փառատոներին՝ ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ եւ Խոզաթ քաղաքներում կայացած համերգներին:
Արշավախմբում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, որի կազմում են եղել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ արեւելագետ Անուշ Հովհաննիսյանը, դերսիմցիների շրջանում կատարված դաշտային ազգագրական հետազոտությունների արդյունքում ազգագրական բնույթի հարուստ նյութ է հավաքել: Հետազոտողներն ուսումնասիրել են տեղի բնակչության ավանդական նվագարանները, տեսագրել ավանդական երգերն ու պարերը, գրի առել կամ տեսագրել են վիպական բանարվեստի տեսակների նմուշներ, էթնիկ ոչ մշակութային ժառանգության այլ դրսեւորումներ: Հետազոտությունների ընթացքում արշավախմբի անդամները գրանցել են նաեւ հայկական առասպելներ, օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի պատմությունը՝ ըստ դերսիմցիների:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փոխանցմամբ, Դերսիմում հայ ինքնությունը եւ հիշողությունը պահպանած, ալեւիացած հայեր կային, որոնց ընտանեկան հիշողությունների մեջ, սակայն, 1915 թիվը բացակայում է: Ազգագրագետը նշեց, որ որոշ տարածքներում դեռ պահպանվել է, օրինակ, ձու ներկելու սովորույթը, ալեւիական Կաղանդ տոնը, կրակ վառելը եւ այլն: Հ. Խառատյանը վստահ չէ՝ կրակ վառելը կապված է հայկական Տեառնընդառաջի՞ հետ, թե՞ ոչ. «Որովհետեւ կրակ վառելու եւ վրայից թռչելու երեւույթը Առաջավոր Ասիայում տարածված սովորություններ էին, բայց այն, որ Դերսիմի ալեւիների մեջ հայկական թե՛ սոցիալական, թե՛ կրոնական կամ տոնական մշակույթի մեջ մեծ բաղադրիչ կա, համոզված կարելի է խոսել»: 
«Վան» նախագծի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը, անդրադառնալով ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերած ավանդական նվագարաններին, նշեց, որ Համշենում գտել, ուսումնասիրել եւ իրենց հետ Հայաստան են բերել պարկապզուկ եւ փողպարկապզուկ: Մշակութային շփումների արդյունքում նրանք նաեւ կլառնետ նվագողների հետ են հանդիպել: «Կլառնետը գերմանական գործիք է, բայց բոլորն ասում էին, որ այդ տարածաշրջանում կլառնետ նվագելը հայերից են սովորել»,- ասաց Ն. Քարտաշյանը: Ավելի ուշ հավելեց, որ հատկապես զուռնա, դհոլ նվագելուց հետո տեղաբնակները սկսում էին հայկական արմատների մասին խոսել:
Արշավախմբի անդամների հավաստմամբ, տեղի իշխանությունների կողմից որեւէ կոշտ վերաբերմունք չի եղել: Ռ. Թաթոյանի խոսքով, աշխատանքները շարունակական են լինելու: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից «Վան» նախագիծը հրավիրվել է Ստամբուլ՝ սեպտեմբերին անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալու: Մեկ այլ հրավեր էլ Դիարբեքիրի քաղաքապետարանն է ուղարկել, որտեղ նրանք պետք է ելույթ ունենան վերանորոգվող հայկական եկեղեցու բացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել