Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցակազմ չկար

Օգոստոս 18,2011 00:00

Դադարեցվել է Բերդի բնակիչների նկատմամբ  քրեական հետապնդումը

Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներ Գեւորգ Ադամյանի եւ Վարդան Աթոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վերջիններիս արարքներում հանցակազմ չլինելու հիմքով:
Տավուշի մարզի քննիչներին ներկայացված բացարկը բավարարվել էր, եւ նախաքննությունը շարունակելու նպատակով քրեական գործն ուղարկվել էր Լոռու մարզի քննչական բաժին:
Տղաներին մեղադրանք էին առաջադրել ՀՀ քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ըստ նախաքննության տվյալների՝ 2010 թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03. 30-ի սահմաններում, Բերդ քաղաքի բնակիչ Գեւորգ Ադամյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչներ Վարդան Աթոյանի եւ Էդվարդ Քոսակյանի հետ, մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Բերդ քաղաքի բնակչին պատկանող ոսկյա զարդերի եւ ավտոպահեստամասերի խանութ-կրպակ, եւ այնտեղից հափշտակել ընդհանուր 420 տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 20. 000.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Գեւորգ Ադամյանի եւ Վարդան Աթոյանի փաստաբան Կարինե Գասպարյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին, Լոռու մարզի դատախազին, ՀՀ նախագահին ուղարկած դիմում-բողոքներում բազմիցս անդրադարձ էր կատարվել իր պաշտպանյալների նկատմամբ անհիմն հարուցված քրեական գործի հանգամանքներին.
«Չկային բավարար հիմքեր իմ պաշտպանյալների վերաբերյալ քրեական գործ հարուցելու, նրանց անազատության մեջ պահելու համար: 1 անձի տված հակասական ցուցմունքի հիման վրա իմ պաշտպանյալները 7 ամիս անազատության մեջ էին»:
Բացի այդ՝ դեպքի վայրում հայտնաբերված չեն եղել մեղադրյալների մատնահետքերը, չեն եղել բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին նրանց մեղքը: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են զննություններ, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական, հողագիտական, դատամատնադրոշմային փորձաքննություններ:
Վերոնշյալ գործողությունների արդյունքներում չի հաստատվել տղաների մեղքը: «Նախաքննական մարմինը տղաների կողմից գողություն կատարելու դեպքը հիմնավորող բավարար ապացույցներ չուներ եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորություններն էլ արդեն սպառել էր»,- բացատրում է փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել