«Սահմանների նշահարումը» արդյունք չի տվել
«Ձորագյուղի 19 եւ 21 հասցեների բնակելի տան սահմանազատող պարիսպը ապօրինաբար եւ ստիպողաբար քանդելու ժամանակ ֆիզիկական ուժ են գործադրել եղբորս՝ Հակոբ Ստեփանյանի նկատմամբ, ամեն կերպ ցանկացել են քանդել միակ ապացույց հանդիսացող երկու հողամասերի միջեւ առկա պարիսպը: Նվաստացնելով՝ եղբորս հասցրել են ինքասպանության: Եղբայրս կտրել է աջ ձեռքի արյունատար անոթները՝ երակները: Բարեբախտաբար, նա չի մահացել, սակայն մեծ քանակի արյուն է կորցրել: Դիմել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պարսպի քանդման հարցով, որն էլ հանձնարարել էր պատկան մարմնին՝ պարզաբանումներ ներկայացնել». ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղղված նամակում հայտնել էր 1950-ական թվականներից Ձորագյուղի 21 հասցեի բնակիչ Լաուրա Ստեփանյանը:
Ի դեպ, ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Փարաջանովի տուն-թանգարանի ետեւում գտնվող տան սեփականատիրոջ հետ:
Ձորագյուղի 19 եւ 21 հասցեատերերը Ազգագրական թաղամասի 21 հասցեի հողամասի հետ ունեն սահման: Որեւէ սահմանային խնդիր մինչ 2009թ. չի ծագել, քանի որ նշյալ հասցեների սեփականատերերի սեփականության վկայականի, քաղաքապետարանի տեղագրական հատակագծերի հողամասերի համադրում չի եղել:
2 տարի առաջ նշյալ տարածքում սկսվեցին շինարարական աշխատանքներ, որը, ասում են, թե իրականացնում է «Ֆինստրոյ-Արտհաուզ» ՍՊԸ-ն: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու մասին որեւէ հուշող ցուցանակ երեկ չգտանք, իսկ երբ մեր տեսախցիկը արձանագրում էր տարածքը, մեզ հետ զրույցի բռնվածներն ասացին, որ ազգությամբ թուրք ներդրող է «վերցրել տարածքը»:
Շինարարները ավերել էին տեղաբնակների խաղողի վազերը, բարբարոսաբար քանդել տան պատը եւ մի «մարդասիրական միջանցք» էին բացել, որն անցնելիս առնվազն կյանքիդ վրա խաչ պիտի քաշած լինես:
Լուսանկարում պատկերված այս աստիճանները հենված էին բարակ ձողերի վրա եւ տեղաբնակներն իրենց տուն պիտի գնան այդ ձողի վրայով՝ անդունդին չնայելով:
«Ստացվեց այնպես, որ սահմանի քարե պատը մտավ նրանց սահմանի մեջ: Ես առարկեցի եւ առաջարկեցի կատարել սահմանների ճշտում, ինչը մինչ օրս չի կատարվել»,- ասում է տուժող Հակոբ Ստեփանյանը, որն իր եղբոր որդու՝ 19 եւ 21 տների սեփականատեր Կարեն Գարգարյանի ներկայացուցիչն է:
Հակոբ Ստեփանյանի թեւը «մշակվել» է 3-րդ հիվանդանոցի կողմից: Իսկ ոստիկանները հեռակա նյութեր են նախապատրաստում:
Քաղաքապետարանը եւ շինարարություն իրականացնող կազմակերպությունը չգիտեին, որ քաղաքացին ունի 2 գլխավոր հատակագիծ, որտեղ դարձյալ երեւում է, որ նրանք «սահմանախախտ» չեն եղել:
Քաղաքապետարանը հարցին լուծում չի տրվել եւ չի պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ կառուցվող շենքի մի մասը հայտնվեց սեփականության իրավունքով անցյալ դարի 50-ականներից այդտեղ ապրողների սեփական տարածքում: