Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ, ՏԵՂԵԿԱՑՐԵՔ

Օգոստոս 18,2011 00:00

«Շտապօգնությունն» անվճար ծառայություն է ամբողջ հանրապետությունում, եթե աշխատակիցները գումար են պահանջում, հարկավոր է տնօրինությանը տեղյակ պահել: Երեկ քաղաքացիներին հորդորում էր «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, անփույթ վերաբերմունքի ու փող վերցնելու համար արդեն որոշ աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են. «Հետեւողական ենք»: Տիկին Ստեփանյանը, անդրադառնալով, քաղաքացիների դժգոհություններին՝ «շտապօգնության» ուշացումների հետ կապված, ասաց, որ ընդունված չափորոշիչների համաձայն, մեքենան տեղում պետք է լինի 7-12 րոպեի ընթացքում, հիվանդին էլ սպասարկի 20 րոպե. «Հետո արդեն պարզ կլինի, հիվանդին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞՝ ոչ»: Նա վստահեցրեց, որ ուշացման դեպքեր էլ չեն լինում. «1-2 դեպք, ոչ ավելի»: Այս բացառիկ ուշացումներն էլ նա պայմանավորեց խցանումներով ու անհարկի կանչերով. «Երբեմն «շտապօգնությանը» կանչում են անտեղի, հենց այնպես: Լինում են դեպքեր, երբ մեր աշխատակիցները վերադառնում են առանց հիվանդին տեսնելու: «Արդեն լավ է»՝ պատասխանում են հիվանդի հարազատները»: Տնօրենի տեղեկացմամբ, ամսական 13 000-14 000, իսկ օրական մոտ 500 կանչ է սպասարկվում. «Մոտ 100 հիվանդի էլ ամեն օր հոսպիտալացնում ենք»: Այս տարվա շոգ ամառն ավելացրել է արեւահարության դեպքերը: «Հուլիսին արեւահարության 28 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 դեպքի փոխարեն: 16 դեպք էլ օգոստոսին է գրանցվել, անցած տարվանից 12 դեպքով ավելի է»,- ասաց տնօրենը: Ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարին՝ 15 575, գարնանային ու ամառային ամիսներին կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Այս տարի գերակատարել ենք կանչերի թիվը, այսօրվա դրությամբ 1000 կանչ ավելի է, քան նախորդ տարի»: Որ քաղաքացիների կանչերին արագ արձագանքեն, վերանորոգվել են «շտապօգնության» որոշ ենթակայաններ, համալրվել են մեքենաներն ու վերապատրաստվել աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել