«Դրամի փոխարժեքի ֆինանսավորմանը»,- բացատրում է Հրանտ Բագրատյանը
«Մի՛ սպասեք 2013-ին, աշխարհն այսօր էլ ճգնաժամի մեջ է»,- զգուշացնում է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2008-ի ճգնաժամի լուծումները չեն տրվել, համաշխարհային տնտեսությունում հավասարակշռություն չկա: Եվրամիության երկու երկիր այս տարվա երկրորդ եռամսյակը փակել է ՀՆԱ-ի 0% աճով, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան էլ իրենց ցուցանիշը կհայտարարեն առաջիկա ժամերին, որը, տնտեսագետի համոզմամբ, լավագույն դեպքում 0% կլինի: «Եթե տնտեսությունը 2 եռամսյակ չի աճում, համարվում է ռեցեսիա»,- բացատրում է տնտեսագետը՝ նկատելով, որ աշխարհում տեղի են ունենում կապիտալի կուտակումներ. «Արեւմուտքը զարգանում է գերհագեցած, վերջին 15 տարիների ընթացքում ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, որ կապիտալը չգնա Արեւելք: Մի վայրում կապիտալը լցվում է, մարդ չկա, մյուս տեղում էլ՝ մարդ կա՝ կապիտալ չկա»: Պարոն Բագրատյանի մեկնաբանմամբ, քանի որ բանկերը ներկայումս գերլիկվիդային են, կարող են «պայթել», եթե համաշխարհային տնտեսությունը ամբողջովին մտնի ճգնաժամի մեջ. «Ապրուստի հարցը սրվում է ամբողջ աշխարհում: Հավասարակշռություն սահմանելու համար պետք է ազատ թողնել միգրացիան, կամ էլ կապիտալը Արեւելք տանել: Այս փուլում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկին, հումքի գները չեն իջնի, նույնիսկ հնարավոր է բարձրանան: Հայաստանում հնարավոր է իջնեն պղնձի, բայց ոչ մոլիբդենի գները: Մոլիբդենը կասոցացվի ոսկու հետ»:
Վերադառնալով Հայաստանի տնտեսությանը, տնտեսագետը նշեց, որ Հայաստանի տնտեսությունում կոռուպցիան, ստվերը վերացնելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու ուղղությամբ վերջին տարիներին կառավարությունը ոչինչ չի արել. «Մտածված հակառակն են անում: Կոռուպցիային նպաստող ծրագրեր են իրականացնում»: Նրա խոսքով, եթե նախորդ տարի Երեւանում սուպերմարկետները առեւտրի կետերի 30% էին կազմում, այս տարի՝ 72%. «Չի կարելի խոսել կոռուպցիայից ու կենտրոնացնել տնտեսությունը: Եթե պայքարում եք կոռուպցիայի դեմ, ինչո՞ւ եք խոշորացնում հողերը, ինչո՞ւ եք խոշորացնում առեւտուրը, արդյունաբերությունը»: Նախկին վարչապետի կարծիքով, տնտեսությունում շուտափույթ կարգ ու կանոն է հարկավոր հաստատել. «Վաղը եւեթ նախագահը ու վարչապետը պետք է հայտարարեն, որ ցանկացած մարդ կարող է շաքարավազ ներկրել ու մեզ ցույց տան, որ ներկրողն օլիգարխ չէ»: Պարոն Բագրատյանի խոսքով, հարկավոր է փոխել նաեւ Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Նրա կարծիքով, սխալ է անընդհատ ֆինանսավորել դրամի փոխարժեքը. «Կուրսն ազատ չէ, որովհետեւ տրանսֆերտները չեն ստերիլիզացվում: Դա նշանակում է, որ տարեկան $1,5-2 միլիարդ սփյուռքի օգնությունը ուղղվում է դրամի կուրսի ֆինանսավորմանը: Ունենք դրամի արհեստական կուրս, կառավարությունն էլ կարծում է, որ դրամի արժեւորման շնորհիվ է հնարավոր զսպել ինֆլյացիան»: Անդրադառնալով 74 պատգամավորների ունեցվածքի մասին ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությանը, տնտեսագետն ասաց, որ այդ պատգամավորները խախտում են Սահմանադրության 65-րդ հոդվածը. «Պատգամավորը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել: Բայց արդեն գիտեմ ինչ են պատասխանելու՝ հանձնել են հավատարմագրային կառավարման, բայց ու՞ր են փաստաթղթերը, դրանք չենք տեսել»:
Նա նաեւ անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իրեն է պատկանում Երեւանի կոնյակի գործարանի բաժնետոմսերի մի մասը. «Եթե որեւէ մեկն ասի, որ գործարանի մի կամ կես տոկոս բաժնետոմս ունի, սուտ է ասում, հնարավոր չէ»: Նրա խոսքով, գործարանը պատկանում է «Պեռնո Ռիկար» ընկերությանը, որը կոնսոլիդացված կորպորացիա է, ու ակցիաները բաց են: Եւ ցանկացած մարդ ցանկության դեպքում կարող է գնել ակցիաներից մեկը: