Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵԼ Է ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ

Օգոստոս 18,2011 00:00

\"\"Դա, տնակում բնակվողի համար, իրավունքներ  վերականգնելու միակ միջոցն է

Գյումրեցի Սոֆյա Հարոյանը որոշել է «Լիսաբոն-5»-ը կրկնել Հայաստանում: Բայց եթե մոտ 30 տարի առաջ 5 հայ երիտասարդներ ի պաշտպանություն համայն հայության իրավուքների Լիսաբոնում պայթեցրին Թուրքիայի դեսպանատունն ու իրենք էլ այրվեցին, ապա Սոֆյա Հարոյանը իր իրավունքների համար է դիմելու այդ քայլին, բայց ոչ թե Լիսաբոնում, այլ Երեւանում, իր իսկ խոսքերով ասած՝ նախագահական նստավայրի մոտ:
20 տարուց ավելի ընտանիքով բնակվելով Գյումրու Տերյան 37 տանը, դատարանը վճռում է, որ դադարեցվում է այդ տունը օգտագործելու նրանց իրավունքը, եւ այն այլեւս նրանց չի պատկանում:
Դատարանի վճռից հետո, արդեն 16 տարի է տիկին Սոֆյան ամուսնու եւ դստեր հետ բնակվում է տնակում: Եվ քանի որ ժամանակին Գյումրու գործկոմը թյուրիմացաբար նրանց է տրամադրել մեկ այլ անձի բնակարանը, ինչի հետեւանքով ընտանիքը հետագայում զրկվել է բնակարանից, Սոֆյան դիմել է քաղաքապետարան՝ անօթեւանների ցուցակում ներգրավվելու համար: Ուսումնասիրելով փաստաթղթերը, 2003 թվականին քաղաքապետարանից նրան վստահեցրել են, որ, քանի որ իր մեղքով չի զրկվել բնակարանից, ուստի նրան հաշվառել են բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում: Սակայն տիկին Սոֆյան մեկ հայտնվում է այդ ցուցակում, մեկ էլ՝ բացակայում այդ ցուցակից: Գրանցելուց որոշ ժամանակ անց, ըստ Ս. Հարոյանի, նրան հավաստիացրել են, որ նա ներառված չէ անօթեւանների ցուցակում: Խնդիրը պարզելու համար տիկինը դիմել է Ազգային ժողով եւ մի շարք պաշտոնական այլ ատյանների: 2004-ին Շիրակի մարզպետարանից նրան կրկին վստահեցրել են, որ Ս. Հարոյանը ներառված է Գյումրիում արտահերթ բնակարան ստացողների ցուցակում. «Ձեր ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի Գյումրի քաղաքում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված լինելու չափանիշներին համապատասխան՝ ըստ հերթականության»: Այս պատասխանից հետո տիկնոջ ընտանիքի անդամները մի փոքր հանգիստ շունչ քաշեցին՝ հույս ունենալով, որ վերջապես դուրս կգան խոնավ ու ապրելու համար անպիտան, հակահիգիենիկ տնակից: Պարզելու համար, թե գոնե մոտավորապես երբ է նոր բնակարան ստանալու, տիկին Սոֆյան իր փաստաբանի միջոցով կրկին գրավոր դիմել է Գյումրու քաղաքապետարան: Բայց այն հույսը, որ մոտավոր ժամկետ կասեն բնակարանամուտի, ամբողջությամբ վերացավ. տիկին Սոֆյային քաղաքապետրանից պատասխանել են, որ նա ոչ էլ ընդգրկված է անօթեւանների ցուցակում. «ՀՀ կառավարության թիվ 136 որոշման 8-րդ կետի համաձայն, հաշվառման վերցված քաղաքացիները յուրաքանչյուր տարվա մինչեւ մարտի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ներկայանան քաղաքապետարան հերթացուցակները ճշգրտելու համար: Քաղաքացի Սոֆյա Հարոյանը 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների բնակարանային հերթացուցակում հաշվառված չէ»: Պաշտոնական մարմինների իրարամերժ պատասխանները վերջնականապես հուսախաբ արեցին տիկնոջը, որի նյարդերը, ըստ նրա, տեղի են տվել եւ միանշանակ որոշել է դիմել ինքնասպանության: Երկար տարիների անորոշությունն ու պայքարը, ըստ տիկին Սոֆյայի, նյարդային համակարգի խանգարման հանգեցրին, որն էլ իր հերթին, ինչպես բժիշկներն են նրան ասել՝ կրծքի քաղցկեղ է առաջացրել: Հարոյանի խոսքերով՝ «Մինչ օրս ոչ մի գրավոր ճշգրիտ պատասխան չեմ ստացել, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ է կատարվում: Կամ վերջնական ասեն՝ ոչ, կամ էլ վերջնական՝ այո: Ինչո՞ւ են նման խաղեր խաղում: Այս ամենից պարզ է, որ քանի դեռ Գյումրիում անօթեւանների հետ այսպես են վարվում ու թողել են ճակատագրի քմահաճույքին, ոչ մի խնդիր էլ մեր քաղաքում չի լուծվի, ու ոչ տնակները կվերանան, ոչ էլ ՝անարդարությունը»: Տիկին Սոֆյան 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ծանր վիրահատություն է տարել, նույնիսկ չգիտի էլ, թե քանի տարվա կյանք ունի. «Գոնե ընտանիքս անօթեւան չմնա, երեխաս տնակից դուրս գա վերջապես»:
«Առավոտը» փորձեց Գյումրիի քաղաքապետարանից ճշտել, թե ինչո՞ւ են նման հակասական պատասխաններ տվել Սոֆյա Հարոյանին, եւ վերջապես կա՞ տիկինը անօթեւանների ցուցակում, թե՞ ոչ: Քաղաքապետարանից մեզ վստահեցրին, որ տիկինը հաշվառված է արտահերթ բնակարան ստացողների ցուցակում, եւ նախատեսվում է տրամադրել 2-սենյականոց բնակարան, իսկ ցուցակում տիկնոջ հերթը 1271-րդն է: Թե ե՞րբ կհասնի տիկնոջ հերթը, դժվարացան ասել, քանի որ, ըստ քաղաքապետարանի, հիմնական անօթեւաններին բնակարանով ապահովելուց հետո կանցնեն մյուսներին: Ինչ վերաբերում է պաշտոնական հակասական պատասխաններին, Գյումրու քաղաքապետարանից մեզ վստահեցրին, որ տիկինը, ինչպես որ կառավարության որոշումն է պահանջում, 2008-ի մարտի 1-ի դրությամբ փաստաթղթեր չի ներկայացրել եւ չի վերահաշվառվել, ուստի, այդ պահի դրությամբ, ցուցակից դուրս է եկել: Սակայն կառավարությունը որոշել էր երկարաձգել հաշվառման վերջնաժամկետը մինչեւ 2008-ի նոյեմբերի 1-ը, իսկ տիկին Սոֆյան արդեն ապրիլին ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որի էլ հաշվառված է: Քաղաքապետարանից նաեւ ասացին, որ այդ ցուցակները վերջնական են եւ այլ չեն ճշգրտվելու. ով կա՝ նա էլ կստանա բնակարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել