«Ժառանգության» «Առավոտի» աղբյուրները տեղեկացրեցին, որ արդեն անցած շաբաթ տեղեկություններ ունեին, թե իշխանությունները հստակ հրահանգ են տվել ԿԸՀ-ին, որ մերժի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամագրվելու նպատակով տրված բոլոր նրանց դիմումները, ովքեր նախկինում ԸԸՀ-ներում նշանակված են եղել «Ժառանգության» տեղերով կամ որոնց մասին տեղեկություն կա, թե «Ժառանգության» համակիրներ են: Կային նման 16 թեկնածուներ: Դրանք կուսակցական առաջադրումներ չէին, քանի որ օրենքն արգելում է: Սակայն ով էլ ընտրվեր, եթե անգամ կուսակցության անդամ էր՝ անդամությունը կասեցնելու էր, ինչպես արել են այլ կուսակցականներ:
Սակայն ԿԸՀ-ի կողմից ցանկը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ մերժվել են ԸԸՀ-ներում նախկինում «Ժառանգության» տեղերով նշանակված կամ «Ժառանգության» համակիր այդ բոլոր 16 քաղաքացիների դիմումները:
Մեր զրույցում «Ժառանգության» մամլո խոսնակ, 2008-ին ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը նշեց. «Սրանք այն մարդիկ են, ովքեր «Ժառանգության» կողմից նշանակվելով ԸԸՀ անդամներ՝ մշտապես ու հետեւողականորեն պայքարել են իշխանությունների կողմից իրականացվող ընտրակեղծիքների դեմ, այդ հարցում մեծ փորձ են ձեռք բերել եւ իրապես վտանգ են ներկայացնում ընտրակեղծարարների ու նրանց պատվիրատուների համար: Այս քայլով իշխանությունները եւս մեկ անգամ հավաստեցին, թե ինչպիսի՛ ընտրություններ են պատրաստվում անցկացնել»:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ վերանշանակվել են կոալիցիայի եւ ՀՅԴ-ի ԸԸՀ-ների նախկին անդամները, բայց ոչ «Ժառանգության» ներկայացուցիչները՝ արդյոք սա հրահանգի կամ պայմանավորվածության հետեւա՞նք չէ՝ պատասխանեց. «Հրահանգ լինել չի կարող: Պայմանավորվածությունը հետեւյալն է. ԿԸՀ-ն ուսումնասիրել է դիմումները, որտեղ նշված չի եղել նրանց ո՛չ կուսակցական պատկանելությունը, ո՛չ քաղաքական տեսակետները: Մենք ընտրել ենք հանձնաժողովների 17 կազմ միաձայն որոշմամբ, մնացածը՝ քվեարկության արդյունքով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկել է ինքն անձամբ, առանց որեւէ միջամտության կամ ճնշումի»:
Նշենք նաեւ, որ մամուլում արդեն հրապարակվել է վերլուծություն, թե նախկին հանձնաժողովներից 41 ԸԸՀ-ներում ՕԵԿ-ից նշանակվել է 22 մարդ, ԲՀԿ-ից՝ 17, ՀՀԿ-ից՝ 21, ՀՅԴ-ից՝ 26, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից՝ 2, ՀՀ նախագահի կողմից նշանակվածներից՝ 8 մարդ:
16 ԸԸՀ-ներում՝ թիվ 1, 2, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 20, 21, 22, 28, 31, 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները մնացել են նույնը: